Սպորտի նախարարը դժգոհ է ֆուտբոլից. մամուլ
«Հայաստան-Չեխիա խաղում Հայաստանի հավաքականի պարտությունը բուռն արձագանքներ է առաջացրել հայ ֆուտբոլասերների շրջանում: Իրավիճակն այնքան է թեժացել, որ շատերը պահանջում են անգամ գլխավոր մարզչի հրաժարականը: Այս և այլ թեմաների շուրջ «Ժողովուրդը» զրուցեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ սառեցված անդամ Հրաչյա Ռոստոմյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ոներկայացնում հարցազրույցը.
– Պարոն Ռոստոմյան, ինչպե՞ս եք վերաբերում մեր հավաքականի պարտությանը:
– Նախ պետք է նշեմ, որ Չեխիայի հավաքականն իրականում հզոր է, բայց միևնույն ժամանակ մերոնց խաղն ընդհանրապես չգոհացրեց ինձ, և թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկական տվյալներով պարտվեցինք: Ոչ մի տակտիկական մշակում և ոչ մի պատրաստվածություն ես ինքս չտեսա, և հետո, բազմիցս եմ կրկնել ու հիմա էլ եմ կրկնում՝ կարելի է ասել, չունենալով պաշտպանություն, մենք չենք կարող լուրջ հայտ ներկայացնել և լուրջ խաղեր խաղալ: Եթե մարզիչը կտրուկ ճանապարհներ չգտնի պաշտպանությունը ամրապնդելու համար, ապա լավ արդյունք ակնկալել հնարավոր չէ: Ամբողջ խաղի ընթացքում կիսապաշտպանների մոտ գնդակը չէր մնում: Նկատենք, որ մեր անցած տարվա հաջողություններն իսկապես մեր մրցակիցներին մեր խաղերը լուրջ ուսումնասիրելու առիթ են տվել:
– Ի՞նչ եք կարծում, մի՞թե մեր ֆեդերացիայի ղեկավարությունը չէր գիտակցում, որ լավ պաշտպանություն չունենք, թե՞ վերջին մի քանի հաջողությունները ստիպեցին ինքնագոհ և ինքնավստահ դուրս գալ խաղադաշտ՝ հուսախաբ անելով ֆուտբոլասերներին:
– Մի բան կարող եմ ասել, որ մենք պարտավոր ենք և՛ մեր մարզիչներին, և՛ մեր ֆուտբոլասերներին գովել: Մի պարտությունով պետք չէ խաչ քաշել՝ դա կլինի ֆուտբոլիստ, թե ծանրամարտիկ: Նրանցից ցանկացածն էլ, երբ դուրս է գալիս հրապարակ, չի ուզում պարտված լինել: Կրկնում եմ՝ ուղղակի պետք է պաշտպանության հարցը կարգավորել:
– Ըստ Ձեզ՝ միայն պաշտպանությո՞ւնն էր խնդիրը:
– Այո՛, թերևս միայն դա:
– Ինչո՞ւ պատասխանատուները դա չէին հասկացել մինչ օրս, չե՞ք ասել նրանց:
– Կարծում եմ՝ ֆեդերացիան լուրջ հետևություն կանի և լուրջ քայլեր կձեռնարկի: Մեր մակարդակը չի համապատասխանում, որ այսպիսի պարտություններ ունենանք: Իհարկե, ոչ մի ֆեդերացիա էլ չի ցանկանա, որ պարտություն կրի, և հետո էլ, ես նկատեցի, որ երկրորդ խաղակեսին մեր ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությունն էլ էր թույլ:
– Ո՞վ է մեղավոր, որ ֆուտբոլիստը ֆիզիկապես լավ պատրաստված վիճակում չէ: Մարզի՞չը:
– Չէ, չէ, պետք չէ ամբողջ մեղքը գցել մարզչի վրա: Մարզիչը խաղը կառուցում է այնպես, որքան խաղացող նա ունի: Հիմա նա լավ պաշտպան չունի, ի՞նչ կարող է անել, կարո՞ղ է ունեցել է և չի դրել:
– Լա՛վ, եկե՛ք հասկանանք՝ ի՞նչն է խանգարում, որ լավ պաշտպաններ ունենանք:
– Խորը չեմ ուսումնասիրել և, առհասարակ, կարծում եմ, որ նաև սերնդափոխությունը մեզ մոտ ուշացավ: Մի խոսքով մեզ մոտ խնդիրները բազմաթիվ են, և մարզիչը պետք է իր մեջ ուժ գտնի:
– Որտեղի՞ց ուժ գտնի, եթե արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել:
– Գտնում եմ, որ դա ամենահեշտ տարբերակն է և միանշանակ հարցի լուծում չէ: Եթե Մոուրինյոն էլ գա մարզիչ, մեկ է, պաշտպանություն չունենալով՝ ամեն ինչ նույնն է լինելու:
– Ֆեդերացիայի մեղքը չե՞ք տեսնում այս ամենում:
– Չէ, չեմ տեսնում: Եթե հավաքները պատշաճ կազմակերպված չլինեին, տեխնիկական խնդիրները լուծվպծ չլինեին, ապա կտեսնեի:
– Բայց այդ խնդիրն էլ է եղել: Մարդիկ, տոմսերը ձեռքներին, չեն կարողացել մտնել մարզադաշտ ու նայել խաղը:
-Այո, տեղյակ եմ, ինձ էլ են նամակներ գրել և բողոքել: Այդ հարցն ընթացքի մեջ է:
– Այսինքն՝ ինչ-որ քայլերի՞ եք պատրաստվում դիմել:
– Ֆեդերացիայի հետ կխոսենք, կհասկանանք, թե ինչն է խնդիրը, ու ըստ դրա՝ քայլեր կանենք: Մենք միշտ պատրաստ ենք մեր մարզիչներին քաջալերել, և կրկնում եմ՝ պետք չէ մեկ-երկու պարտությունով մարզիկի կամ մարզչի վրա խաչ քաշել, քանի որ նրանք մեզ ժամանակին ուրախացրել են:
– ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ 2012թ. լավագույն մարզիկների տասնյակի ընտրությունն օրինական չէր համարել և նշել էր, որ եթե Դուք հրաժարվեք բանավեճի իր առաջարկից, ապա որպես ստեղծված իրավիճակի միանգամայն արժանապատիվ ելք՝ նա ակնկալում էր Ձեր հրաժարականը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Դա իր խնդիրն է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը