Ընտրողական հրապարակայնությունը վնասակար է
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության գնահատականի փորձ
Ապրիլի 9-ին լրանում է 5 տարին այն օրվանից, երբ մինչ այդ տասը տարի Կենտրոնական բանկի նախագահի աթոռը զբաղեցած Տիգրան Սարգսյանը հենց նոր երկրի ղեկավարությունը ստանձնած Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվեց Հայաստանի Հանրապետութան վարչապետ: Նախագահը հայտնեց, որ այն ժամանակից ի վեր նա 20 փոփոխություն է կատարել այդ 19 հոգանոց կաբինետում: Այդ փոփոխությունները զգալի չափով քաղաքական էին (օրինակ, պայմանավորված էին կոալիցիոն նկատառումներով), բայց ամեն դեպքում՝ խոսքը գնում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության մասին. Նա էր առաջին պատասխանատուն ամեն ինչի համար: Ի՞նչ ունենք այսօր:
Ամենից առաջ նշենք, որ այս կառավարությանը վիճակվեց աշխատել բավական բարդ մի իրավիճակում: 2008 թվականին բռնկվեց վրաց-ռուսական պատերազմը: Մեր բախտից, այն կարճ տևեց, ընդամենը հինգ օր, բայց հասցրեց մեզ հարվածել: Հաջորդ տարի մեզ հարվածեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի ալիքը, ու, քանի որ այդ ճգնաժամը դեռ շարունակվում է ու կշարունակվի, Հայաստանի պես փոքր ու աղքատ երկիրը դեռ երկար կզգա նրա ազդեցությունը:
Եվ արդ, կառավարությունն իր դրոշին գրեց` «դիվերսիֆիկացիա» և «գիտելիքահեն տնտեսություն», ու իջավ աշխարհ: Ես չեմ ծանրանա նրա վրա, թե ինչքանով է այն մոտեցել իր հռչակած նպատակներին. Կառավարության ցավն, իմ կարծիքով, այլ տեղ է:
Տպավորությունն այն է, որ այս կառավարությունը ձեռք է գցում միանգամից շատ բաների, հետո դրանցից շատերի մասին մոռանում է: Առնվազն`այլևս չի լուսաբանում: Առավել ևս, որ և՛ լրագրողների, և՛ նրանց շրջապատողների մեջ քիչ են տնտեսությունից հասկացողները, ինչը, երևի, կառավարությանն էլ չի մտահոգում: Ահա, ազգագրագետն անկեղծորեն բացականչում է. «Կառավարությունը Համաշխարհային բանկից ստացած 2 տոկոսանոց վարկը գյուղացուն է ծախում 20 տոկոսով»: Եվ ներկաների մեջ չի գտնվում մեկը, որը գրագետ ձևով կբացատրի, թե ինչու է այդպես ստացվում, ու լսողի մոտ մնում է միայն կառավարության այն կերպարը, թե նա չարամտորեն սնանկացնում է գյուղացիներին:
Ես այդ կարգի շատ օրինակներ կբերեմ ստորև, բայց եզրակացությունը միանշանակ է` կառավարությանը հավատացող, նրանից տեղեկություններ ակնկալող քաղաքացին այդ տեղեկությունները չի ստանում: Ու, բնականաբար, դրա համար մեղադրում է ոչ ինքն իրեն: Այստեղ է, որ սողոսկում է դավաճան միտքը. գուցե մեկ այլ կառավարություն դա ավելի լա՞վ կաներ:
Իրոք, մի՞թե կառավարության հնարավորություններն ավելի քիչ են, քան Երևանի քաղաքապետարանինն են, ընդ որում, դա կախված չէ քաղաքապետի անձից. քաղաքում արվածի ու չարվածի լուսաբանում մենք տեսնոմ ենք առնվազն երեք վերջին քաղաքապետերի օրոք: Իմ տպավորութամբ՝ մեղավոր են ոչ միայն լրատվամիջոցները (առաջին հերթին`Հանրային Հեռուստատեսությունը, որի պահվածքը պարզապես խայտառակ է), այլ առաջին հերթին` կառավարությունն՝ ինքը:
Ինչպես ասացի, առաջին պատասխանատուն վարչապետն է: Դե, հիմա եկեք հիշենք՝ վարչապետը ե՞րբ է վերջին անգամ ասուլիս տվել: Ես նկատի չունեմ այն արագ հանդիպումներն Ազգային ժողովում, երբ լրագրողներն իրար են տրորում օրվա հրատապ հարցը հնչեցնելու համար: Ոչ էլ նկատի ունեմ որևէ տեղ (օրինակ, մի գյուղական բակում) կազմակերպված այն միջոցառումները, երբ հրավիրվում են հայտնի լրատվամիջոցների հայտնի լրագրողներ, որոնք տալիս են հայտնի հարցեր: Ես նկատի ունեմ իսկական մամուլի ասուլիս, որին մասնակցում են շատ լրագրողներ ու տալիս ցանկացած հարց, և որոնց պատասխանները հայտնի կդառնան շատերին: Հատկապես ցավալի է այս ամենը գրել մի մարդու մասին, ով նախկինում, ԿԲ նախագահ եղած ժամանակ, պարբերաբար հանդիպում էր լրագրողներին ու նույնիսկ նրանցից խորհուրդ հարցնում: Ինչո՞ւ նա լրագրողներին չի հանդիպում գոնե տարին երկու անգամ:
Սա՝ վարչապետը: Այսքանը հաշվի առելով, հարկ կա՞ զարմանալու, որ նախարարների մեծ մասը ևս գերադասում է ապահով հեռուստաեթերը, այլ ոչ թե շփումը լրագրողների հետ:
Զարմանալի՞ է արդյոք, որ այսքան մարդ է քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գոհ է այս կառավարությունից, քանի որ 2012թվին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 7 տոկոսով: Ու համոզված չէ, որ այլ կառավարության պարագայում նույնը կլինի: Սա հիմնավոր կարծիք է, բայց արդյո՞ք կառավարությունը չի նպաստում երկրում առկա «գաղջ մթնոլորտին», ինչն ավելի վնասակար է:
Վերջում, մերկապարանոց չլինելու համար, նշեմ մի քանի կարևոր հարցեր, որոնց պատասխանները ես չեմ գտնում: Կրկնեմ` հնարավոր է, որ դրանք ինչ-որ տեղ հնչել են, բայց որ դրանք չեմ գտնում, իմ մեղքը չէ:
- Իրականացվում էր Հայաստանում «Էլեկտրոնային հասարակության» ստեղծման ծրագիր: Շարունակվո՞ւմ է այն, ինչքանո՞վ է համապատասխանում նախագծին: Կկարողանա՞նք (և ե՞րբ) քվեարկել առանց թղթերի:
- 2009թ. վերջում օրենք ընդունվեց, ըստ որի՝ խոշոր ձեռնարկություններում կաշխատեն ռեզիդենտ հարկային տեսուչներ: Կիրառվո՞ւմ է այդ օրենքը, և ի՞նչ արդյունքների ենք հասել:
- 2011թ. հայտարարվել էր, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել երեք Ազատ տնտեսական գոտի, որոնցից առաջինը պետք է բացվեր «Զվարթնոց» օդակայանում: Ըստ երևույթին, այս ծրագիրը չի հաջողվում: Ինչո՞ւ: Ի՞նչ է հաջողվել:
- Նույն տարում շատ էր խոսվում այն մասին, որ կառավարությունը փոխհատուցում է գյուղացիներին տրվող վարկերի տոկոսի մի մասը: Շարունակվո՞ւմ արդյոք այդ ծրագիրը:
- 2008թ. հայտարարվեց. Հայաստանը՝ ի թիվս 16 երկրների, հնարավորություն է ստանում ստանալ ավելի քան 6400 ապրանքների մաքսատուրքերի զգալի կրճատում կամ վերացում ԵՄ-ի հետ առևտրում: Նույնը լսում ենք այսօր «Արևելյան գործընկերությունում»: Ի՞նչ տարբերություն:
Եվ նման տասնյակ այլ հարցեր: Ասվածը լավ կլուսաբանի հետևյալ օրինակը.
ա. 2011 թվականի կեսերին առաջին անգամ լսեցի «Գիլյոտին» ծրագրի մասին (օրենսդրության ավելորդ դրույթների հեռացում), ինչից կարելի էր եզրակացնել, որ Հայաստանում այդ ծրագիրն իրականացվում է:
բ. Նույն թվականի վերջում վարչապետը հայտնեց, որ «Գիլյոտինը» Հայաստանում դեռ չի սկսվել, իսկ շատ այլ երկրներում այն կատարվել է:
գ. Ս.թ. մարտին, այսինքն՝ ավելի քան մեկ տարի անց, բախտ ունեցա թերթերից մեկում տեսնել «Գիլյոտինն իր գործն անում է» վերտառությամբ հոդվածը, որից հետևում է որ «Գիլյոտին» ծրագիրը Հայաստանում վաղուց է գործում, ճիշտ է ` չիմացա, թե քանի ակտ է մշակված: Միաժամանակ հայտնվեց «Գիլյոտինի» կոնկրետ արդյունքներից մեկի` տաքսիների դեղին համարանիշների մասին:
Այսպես են տեղեկացնում: Եվ ինչքա՞ն է դա շարունակվելու:
Հարություն Խաչատրյան