
Հայաստանում ԵՄ առաքելությունը սահմանամերձ Խոզնավարում կրակոցներից վնաս է արձանագրել

Հայաստանում ԵՄ առաքելության աշխատակիցները Սյունիքի Խոզնավար գյուղում կրակոցների հետևանքով հասցված վնաս են արձանագրել։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը Խոզնավար գյուղի բնակելի տան է հարվածել։ Արդյունքում վնասվել է տների մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։
«Զատիկի հանգստյան օրերին առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության գոտում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում: Խոզնավարում առաքելությունը արձանագրել է երկու կրակոցների հետևանքներ, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքը և, հավանաբար, արձակվել են տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,– ասվում է X սոցցանցում հրապարակված առաքելության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԵՄ երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից 2 տարի ժամկետով և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։ 2023 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարեց առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն):
2024 թվականի մարտին ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Եվրամիության հետ ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Համաձայնագիրը դիտորդներին տրամադրում է անձեռնմխելիություն և արտոնություններ, այդ թվում՝ անձեռնմխելիություն կալանավորումից և ձերբակալությունից։