«Սրանք զորքին ասում են՝ դռան հետևում սպասեք, հենց ասենք՝ կմտնեք, թաքնվել են ՊՊԾ-ի հետևում». Իշխան Սաղաթելյան

Այսօր ԱԺ-ում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ միջադեպից առաջ  ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ ԱԺ մուտք են անում օրենքի նախագիծ՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ։

Նա ՔՊ-ի արձագանքը պայմանավորում է հենց այս հայտարարությամբ։

«Առհասարակ ԱԺ նախագահը շարունակում է չհասկանալ, թե ինքը որտեղ է գտնվում, շարունակում է սադրանքներ ու նման պահվածք, հերթական անգամ նա սադրեց։

Ինչ վերաբերում է Վահե Ղալումյանի պահվածքին, ապա նրա դերակատարությունն այս խորհրդարանում չեմ հասկանում, բացի Նիկոլի սանիկը լինելուց»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ իշխանության պահվածքը, ՔՊ-ական պատգամավորների այս շաբաթվա լարվածությունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին, պայմանավորված է նախագծով։

«Իշխանությունը բռնել է ուրացման ճանապարհը, նույնիսկ մեզ են մեղադրում ուրացման մեջ։ Նախագիծը պետք է մտնի խորհրդարան և դառնա քննարկման առարկա, բնականաբար, իրենք կողմ չեն քվեարկելու։

Իրենց հարձակումը Դաշնակցության վրա բնական է, քանի որ թուրքական խամաճիկային իշխանություն են։

Մի օր եթե պետական պահպանությունից զրկվեն… ասենք, զորքին հրահանգ են տալիս, ասում են՝ դռան հետևը սպասեք, հենց կասենք՝ կմտնեք։ Մի օր այս պետական պաշտպանությունից զրկվելու են ու այն ժամանակ մեջները տղամարդ կլինի, որ կարողանա խոսել, պատասխան տա՝ կտեսնենք։ Թաքնվել են համազգեստով մարդկանց հետևում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում մեծ քաշքուկ տեղի ունեցավ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև, որից հետո ԱԺ նախագահը հրահանգեց անջատել ուղիղ հեռարձակումը, դրան հետևեց անվտանգության աշխատակիցների նիստերի դահլիճ մտնելը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս