
Թեհրանում հայտնել են, որ Ռուսաստանը մեծ դեր ունի Իրան-ԱՄՆ բանակցություններում
Ռուսաստանն էական խաղում է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային թեմայի շուրջ բանակցություններում։ Ինչպես տեղեկանում ենք Tasnim գործակալությունից, այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Իրանի նախագահի վարչակազմի խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին՝ պատասխանելով Մասկատում և Հռոմում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցություններում քննարկված թեմաների վերաբերյալ հարցերին։
Նա նաև նշել է, որ մի շարք հարցեր Իրանի համար կարմիր գծեր են և կարող են ընդհանրապես բանակցությունների ենթակա չլինել։ Նշելով Իրանի տեսանկյունից Ռուսաստանի կարևոր դերը՝ նա շեշտել է, որ Թեհրանը և Մոսկվան զբաղված են միջուկային համագործակցությամբ, ինչը Ռուսաստանին նշանակալի դեր է տալիս Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում։
Խոսնակը կրկին շեշտել է, որ բանակցությունները կենտրոնացած են Իրանի դեմ պատժամիջոցների արդյունավետ վերացման վրա՝ իր միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդման հետագա քայլերի դիմաց։
«Բանակցությունները մինչ այժմ լավ առաջընթաց են գրանցել: Մենք ակնկալում ենք հասնել լավ գործարքի, որը կապահովի ժողովրդի շահերը: Հավատում ենք, որ կարճաժամկետ հեռանկարում ազգային շահերի պաշտպանության դեպքում հնարավոր է հասնել լավ գործարքի», – ասել է Մոհաջերանին:
Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում Օմանում և Իտալիայում բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու և Իրանի դեմ պատժամիջոցների վերացման նպատակով:
Կողմերը պայմանավորվել են շարունակել տեխնիկական բանակցությունները փորձագետների մակարդակով Օմանում ապրիլի 23-ին, որին կհաջորդի բարձրաստիճան բանակցողների հանդիպումն ապրիլի 26-ին։