Պարույր Հայրիկյանը` Սերժ Սարգսյանի նամակի մասին. «Շատ բարեկիրթ զգաստացման կոչ է»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  պատասխան նամակով արձագանքել է մարտի 22-ին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Ազատության հրապարակում իշխանությանն արված առաջարկներին: Մասնավորապես, ՀՀ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել իրենց հանդիպման ժամանակ իր առաջարկությունը վերջապես ընդունելու և Րաֆֆի Հովհաննիսյանի մտքերը թղթին հանձնելու ու փոխանցելու համար: Սակայն միաժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ որքան էլ իրեն հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձեւավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար:

«Իմ հորդորն է Ձեզ՝ դադարեցրեք խնդրում եմ հացադուլը, մեկ-երկու օր կազդուրվեք և  մենք միասին, թուղթ ու գրիչով, հանգիստ, առանց շոուների սկսենք աշխատել, լուրջ աշխատել՝ անգամ հիմք ընդունելով հենց Ձեր կողմից առաջարկված, այս պահին թեկուզև շատ հում, շարադրանքը»,- գրել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի պատասխան նամակի մասին մենք կարծիք հարցրեցինք ՀՀ նախագահի նախկին թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանից, ով երեկ, իր հերթին, գտնվելով հիվանդանոցում, արել էր իր առաջարկությունը՝ պատրաստակամություն հայտնելով գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը:

168.am-ի հետ կիսվելով Սերժ Սարգսյանի նամակից ստացված իր առաջին տպավորությամբ`Պարույր Հայրիկյանն այն անվանեց «շատ բարեկիրթ», սակայն՝ «քաղաքագետի համար ջախջախիչ»:

Կարդացեք նաև

«Երբ ասում են՝ «շատ հում առաջարկ», «սահմանադրական պատկերացումներից հեռու», դա շատ բարեկիրթ զգաստացման կոչ է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը նշեց, որ ամբողջովին ծանոթ չէ նամակի տեքստին և պիտի ինքն այն կարդա` դրա մասին վերջնական կարծիք հայտնելու համար, սակայն նախնական տպավորությամբ` դրանում կա երկխոսություն սկսելու լուրջ առաջարկ:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հնչեցված և նախագահական նստավայր ուղարկված նամակում առաջարկեց կա՛մ ա)  նախագահական արտահերթ ընտրությունների անցկացում, կա՛մ բ) իշխանության կիսում ժողովրդի հետ: Առաջարկի երկրորդ մասն իր մեջ ներառում է մի քանի կետեր. 1) արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում, իսկ մինչ այդ` Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձևավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում, 2) առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից և այդ պաշտոններում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում, 3) Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի և գյուղապետերի ազատում աշխատանքից` օգտագործելով կառավարության լիազորությունները, 4) Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում՝ մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության, 5) Կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարներ նշանակել Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացված անձանց.

ա)  ՀՀ դատախազություն

բ)  Հարկային և մաքսային պետական ծառայություն

գ)  Ազգային անվտանգության ծառայություն

դ)  Արտգործնախարարություն

ե)  Կրթության և գիտության նախարարություն

զ)  ԱԺ վերահսկիչ պալատ

է)   Արդարադատության խորհուրդ

ը)   Հակակոռուպցիոն հանձնաժողով

Տեսանյութեր

Լրահոս