Պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը. Պարույր Հայրիկյան
ՀՀ նախագահի նախկին թեկնածու ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, պատմել է իր առողջական վիճակից, խոսել հետընտրական զարգացումներից ու սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը գլխավորելու պատրաստակամություն հայտնել: Պարույր Հայրիկյանի գրառումը ներկայացնում ենք առանց խմբագրման.
«Սիրելի բարեկամներ,
Երկար ժամանակ ոչինչ չեմ գրել, թեև գրել սիրում եմ և գրելու պահանջ ունեմ։ Հիմա ասելիքս թելադրում եմ։
Կարմիր խաչի հիվանդանոցում եմ։ Ձեռքիս վիճակը գնալով վատանում է, ու այս համակարգչի ստեղնաշարը վեր էր ածվում տանջանքի գործիքի։ Տիրոջ կամքով, մի օր կանցնի, բայց այս պահի դրությամբ ցավերից պարբերաբար տառապող կատարյալ հաշմանդամ եմ։ Ոչ թե նվնվում եմ, այլ ուզում եմ մոտիկներիս ներկայացնել իսկութիւնը։ Շաբաթ օրը առողջապահության նախարարության հետ պայմանավորվեցի, որ ընդունում եմ արտասահմանում բուժվելու, այդ թվում ճնշված ներվերս ճնշումներից ու կպումներից ազատելու համար վիրահատուելու առաջարկը։ Ուր եմ նախընտրում գնալ՝ հարցին պատասխանեցի, որ վստահում եմ իրենց, և նախընտրելին նա է, որը շուտ կազատի ինձ այս ցավերից ու կվերականգնի ձեռքիս աշխատանքը։ Գործնական հրավերներ կան ԱՄՆ-ից, Իսրաելից, Գերմանիայից։ Մի քանի ժամից կարծում եմ, կլինի նաև Հոլանդիայից։
Շարունակում եմ պաս (խստացված՝ միայն չեփած կանաչեղեն և միրգ) պահել։ Հավանաբար վաղվանից հնգօրյա ծոմի անցնեմ։ Անցած տարի՝ Զատիկից առաջ, տասներկու օր ծոմ պահեցի։ Զատիկը՝ Յարութեան տոնը, կարևորագույն տոներից է, ու դրա հետ կապված խոհեր ու մտահոգություններ ունեմ։
Րաֆֆի Յովհաննէսեանը (և որևէ հայ քրիստոնեա) չի կարող Զատիկի ժամանակ ծոմի մեջ լինել։ Նրանը ծոմ չէ, այլ քաղաքական բողոքի հացադուլ, բայց ըստ էության նաև ծոմ է։ Ո՞րն է ելքը։
Քաղաքական հարցադրումներին և խնդիրներին պետք է քաղաքական պատասխաններ և լուծումներ գտնել։ և ես մտածում եմ Սերժ Սարգսեանին (ՍՍ) ու Րաֆֆի Յովհաննէսեանին (ՐՅ) առաջարկել նրանց իսկ յայտարարություններից բխող և իմ՝ պաշտոնապես ազդարարված նախընտրական ծրագրին համահունչ գործողութիւնների համակարգ։ ՐՅ-ն իրեն նախագահ ճանաչելով և ՍՍ-ին նախագահ չճանաչելով յանդերձ ՍՍ-ին ներկայացրեց պահանջներ, որոնք կարելի էր ներկայացնել միայն նախագահին, այսինքն՝ երկխօսութիւնն ամեն ինչից վեր դասեց։ ՍՍ-ն արձագանքեց երկխօսութեան առաջարկին, արհամարհելով իրեն նախագահ չճանաչելու հանգամանքը։ Սա բնականոն դրսևորում կարելի է համարել հաշվի առնելով հայ ժողովրդին սպառնացող աննախադեպ մարտահրավերները։ Որքան էլ մենք երջանիկ ու ինքնագոհ ներկայանանք, կանգնած ենք ՈՐՊԷՍ ԱԶԳ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԷՍ ԲՆԱՋՆՋՈՒԵԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ։ և այս արտահայտուող կամ քողարկուող մտահոգությունը առկա է բոլորիս մտքերում։ Դրանով էլ կարելի է բացատրել ՐՅ-ի և ՍՍ-ի ողջունելի փոխադարձ հանդուրժողականությունը։
Այս իրավիճակում ես իմ պարտքն եմ համարում յայտարարել, որ պատրաստ եմ գլխավորել սահմանադրական բարեփոխումների յանձնաժողովը (ՍԲՅ)։ Ես 98-99 թթ կատարել եմ այդ աշխատանքը։ Այդ գործընթացի առողջ զարագացումով կարելի է դրական արդյունքների հասնել ոչ միայն ռազմավարական՝ համակարգային փոփոխություններ կատարելու հարցում, այլև ընթացիկ քաղաքական, այդ թվում՝ արտահերթ ընտրութիւններ կատարելու հարցում։
Առօրեական քաղաքական նպատակդրումներ ունեցող ՐՅ-ն բնականաբար չպետք է ընդուներ ՍԲՅ նախագահ դառնալու ՍՍ առաջարկը։ Իմ ծրագրահենքում Սահմանադրական բարեփոխուների իրականացումը՝ վեց ամսից մէկ՝ առաւելագոյնը երկու տարուա ընթացքում, առաջնահերթ նպատակների թվում էր։ Նաև այս իրողութիւնն է ինձ տրամադրում խորհել այս առաջարկն անելու մասին։
Հենց սկզբից բոլորը պէտք է իմանան, որ այդ բարեփոխումները կարող են լինել միայն ի նպաստ ժողովրդավարութեան և մարդու իրավունքների։ Ես այդ իմ գործը կանեմ անկախ իմ առողջական վիճակից և գտնուելու վայրից։ Իսկ առաջարկիս ՍՍ-ի և ՐՀ-ի համաձայնվելու դեպքում ՐՀ-ն կարող է անմիջապես դադարեցնել իր հացադուլը և լիաթոք մասնակցել քաղաքական գործընթացներին։ Ինչ որ հարցերում համախոհներ կլինենք, ինչ որ հարցերում ընդդիմախօսներ, սակայն հավատացնում եմ, որ իմ գլխավորած յանձնաժողովը չի անտեսի ոչ մի առաջարկ։
Ակնկալում եմ ընթերցողներիս արձագանքը։
Ձեր Պարոյր Հայրիկեան
P.S. Վաղը աջակցենք ու քաջալերենք (բայց ոչ երկրպագենք) մեր հավաքականին»։