Բաժիններ՝

Պետք չէր բաց թողնել Չախալյանին. Սաակաշվիլի

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիայի վավերացման հարցին՝ ընդգծելով, որ ժամանակին հրաժարվել է այդ խարտիան վավերացնելուց.

«Դա այն օպերայից է, երբ ամեն վատ բան վերագրվում է նախկին կառավարությանը: Սակայն դա բաժին է ընկնում ոչ թե նախորդ, այլ նախորդի նախորդ կառավարությանը, քանի որ 1999 թվականին ես հանդիսացել եմ իրավական հանձնաժողովի նախագահ: Համաձայնեք, որ 1999 թվականին իրավական հանձնաժողովի ղեկավարը չէր ձևավորում Վրաստանի քաղաքականությունը՝ թեև դրանում որևէ բան չկար, որը կարող էր խնդիրներ հարուցել:

Խնդիրն այն էր, որ երբ մենք եկանք իշխանության, ոչ մի ոստիկանական կամ բանակային ստորաբաժանում չէր կարող մտնել Ջավախք: Մի անգամ Դավիթ Տևզաձեն (պաշտպանության նախկին նախարար) փորձեց մտնել այնտեղ, սակայն նրան վռնդեցին այնտեղից: Այնտեղ կար ռուսական ռազմաբազա, որի շուրջ մենք մեծ բանավեճի մեջ մտանք Պուտինի հետ և միջազգային ճնշման օգնությամբ մենք դուրս բերեցինք այդ բազան, սակայն Գլխավոր հետախուզական վարչության ցանցը մնաց:

Այդ ցանցը շատ ուժեղ էր: 2006-2007 թվականներին մենք սկսեցինք լավ ամրապնդել այնտեղ և սկսել ռուսական բազայի դուրս բերման գործընթացը: Երբ ես առաջին անգամ այցելեցի Ջավախք, այնտեղ ոչ ոք չէր խոսում վրացերեն, և դա ապշեցրեց ինձ: Մեր ձեռնարկած աշխատանքների շնորհիվ այժմ 6-7-րդ դասարանի աշակերտները խոսում են վրացերեն: Նպատակը ոչ թե Ջավախքից հայերենի վտարումն էր, այլ այն, որ վրացերենով խոսի Ջավախքի երիտասարդությունը:

Պետք չէր բաց թողնել Չախալյանին: Նա ջախջախել է վրացական համալսարանն ու վրացական թեմը: Կարդացեք նրա հայտարարությունները: Այդ մարդը գրքեր է գրել՝ թեև չունի մտավորականի տեսք: Նա բանտից դուրս եկավ 6 տարի անց: Այդ ընթացքում Ջավախքը վերածվեց Եվրոպայի առանցքային երկաթուղային հանգույցներից մեկի: 6 տարի անց Ջավախքում արդեն կար 10 նոր հիդրոէլեկտրակայան, 6 տարի անց Ջավախքի բնակչության կենսամակարդակը կբարձրանար 2-3 անգամ, քան ներկայումս է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս