Քանի՞ Հայաստան կա

Տաքսիով բարձրանում էինք դեպի Մասիվ: Կենդանաբանական այգու մոտ կյանքից նեղացած և դեպի «պուլպուլակը» շտապող մի «Ջիփ» մակնիշի մեքենա կտրուկ խախտումներով անցավ մեր կողքով։ Եվ տաքսու վարորդը որոշեց տվյալ փաստն ուրույն արձանագրել` բնականաբար, հիշելով մեր հյուսիսային հարևանին։ Սկիզբը շատ անսպասելի էր, քանի որ նախադասությունը սկսվեց այսպես. «Որովհետև Ռուսաստանին ՀԱ-ԼԱ-ԼԱ՜»:

Ռուսաստանի վրա, իհարկե, չզարմացա, քանի որ տաքսիների մեջ ամենաշատն եմ լսում այդ երկրի մասին: Բայց թե տվյալ դեպքում ի՞նչ կապ ուներ Ռուսաստանը, հասկանալի չէր: Բնականաբար, զարմացած հայացքով նայեցի վարորդին, որը որոշեց փակագծերը բացել, քանի որ հասկացավ, որ ես մտքից տկար եմ և լավ չեմ ըմբռնում հասարակ մտքեր:

«Մոսկվայում բոլորը ճանապարհներին հավասար են։ Էնտեղ «Ջիփ» քշողն իրան տաքսու վարորդին հավասար ա զգում: Գիտի, որ մի հատ սխալ բան արեց` տաքսիստը ատրճանակը կհանի ու ճակատից կգյուլլի տեղում: Դրա համար սաղ հանգիստ են քշում»,- կարճ և տպավորիչ ինձ նկարագրեց վարորդը: Մինչև տեղ հասնելը ձայն չհանեցի, քանի որ այդ ընթացքում մտածում էի, փորձում էի հիշել Մոսկվան, ուր վերջին տարվա մեջ արդեն մի քանի անգամ հասցրել եմ լինել։ Իմ տեսած-հիշածն ինչ-որ չի համընկնում վարորդի նկարագրածի հետ։ Բայց դե այնքան վստահ էր ասում, որ որոշեցի` երևի ճիշտ ա ասում, «հալալ ա» Մոսկվայի տաքսիստներին, որոնք իրենց իրավունքների ոտնահարման առաջին իսկ ոտնձգության դեպքում անմիջապես հանում են նագանը և վնասազերծում տականքին։

Հետո՞ ինչ, որ իրականում նման բան չկա: Կարևորը, որ մարդը դրան հավատում է։ Իսկ իրականում, դա Ռուսաստանի թվացյալ պատկերը չէ, քանի որ վարորդն այդպիսով ինձ նկարագրում էր իր պատկերացրած ներկա Հայաստանը և այն, թե ինչպիսին այն կուզենար տեսնել իդեալական վիճակում:

Նմանատիպ բազմաթիվ Հայաստաններ կան։ Օրինակ, կան կուսակցական Հայաստաններ։ Ընդհանրապես, կուսակցական մարդիկ հաճախ մեզ ստիպում են երկրին նայել իրենց` կուսակցական հեռադիտակով: Եվ եթե այս կամ այն կուսակցությունը տվյալ պահին իշխող է, ապա այդ կուսակցության անդամների աչքերին Հայաստանը բոլորովին այլ տեսքով է ներկայանում` կոմունիստների երազանքից էլ մի երկու քայլ առաջ Հայաստան: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով որևէ կուսակցություն ընդդիմադիր է դառնում` երկրի պատկերը փոխվում է և սկսում է ներկայացվել Նոստրադամուսի և Վանգայի միացյալ մղձավանջների անտիպ հավաքածուի տեսքով:

Կամ, օրինակ, դիտարկենք քաղաքաշինական և մշակութային տարբեր հանճարների «մտքի թռիչքները», որոնք Հայաստանը դիտում են` որպես Գնունու շինանյութի և «եվրառեմոնտի» էքստազային համաձուլման փորձադաշտ։ Կան մարդիկ, որոնց պատկերացմամբ` եթե եկեղեցում սպիտակ մետաղապլաստե պատուհաններ դնես և շքեղ «մետլախ» շարես հատակին, ապա եկեղեցին չքնաղ մի կոթող կդառնա: Կամ, եթե Փակ շուկայի վրա մի երեք հարկ էլ ավելացնես` այն ավելի լավը կդառնա։ Մարդիկ այդպես են պատկերացնում Հայաստանը` մետլախապատ, շքեղ և քառակուսի, վրան էլ` մի հատ պլաստմասսե վարդագույն ֆլամինգո, քանի որ իրենց պատկերացրած Հայաստանում հիմնականում պինգվիններ և ֆլամինգոներ են արածում: Մնացածը` արջ-գայլ-քարայծը, ավելորդ խանգարող հանգամանքներ են, որոնց կարելի է մի կողմ նետել:

Առանձնահատուկ մի Հայաստան էլ կա. դա երկրից հեռացած մարդկանց մոտ ստեղծված պատկերն է։ Այս դեպքում էլ կան մի քանի Հայաստաններ: Կան սրտացավ մարդիկ, ովքեր հեռվից անընդհատ հետևում են երկրում կատարվող իրադարձություններին, շատ դեպքերում` տեղացիներից էլ խորն են ուսումնասիրում լրահոսը, լրատվամիջոցներին: Ի դեպ, լրատվամիջոցներն էլ իրենց հերթին են ներկայացնում շատ տարբեր Հայաստաններ։ Եթե մի հարյուր տարի հետո որևէ մեկը որոշի հասկանալ, թե ի՞նչ էր կատարվում այս տարիներին Հայաստանում, և սկսի մի քանի թերթեր կամ էլեկտրոնային լրատվամիջոցներ կարդալ, երևի հոգեբուժարանում կհայտնվի, քանի որ բոլորը տարբեր Հայաստանների մասին են գրում։

Ընդդիմադիր մամուլը մի Հայաստանի մասին է գրում, իշխանամետը` լրիվ ուրիշ։ Երկուսն էլ Հայաստանի հետ շատ հեռավոր կապեր ունեն։ Եվ երկրից դուրս գտնվող սրտացավ մարդը ստիպված է այս ամենը մարսել և մի բան հասկանալ։
Բայց սա դեռ հասկանալի է։ Կան հայեր, որ գնացել են ու ուզում են արդարացնել իրենց գնալը։ Իրենք սկսում են իրենց համար ստեղծել մի սարսափելի պատկեր, զարհուրելի մի երկրի պատկեր, և հետո սկսում են բոլորի հետ կիսվել, քանի որ միայնակ այդօրինակ Հայաստան մարսել չես կարող։

Ու այսպես ամեն մեկս ապրում ենք մեր Հայաստանի պատկերով, ուսներիս դրած` այն քարշ ենք տալիս։ Իսկ Հայաստանը, զուգահեռ, իր կյանքով է ապրում, գյուղացին հողն է մշակում` ժամանակ չունենալով ինչ-որ անհասկանալի երկրի մասին մեր տարօրինակ պատմությունները լսելու: Մյուսները, յուրաքանչյուրն` իր թևերը քշտած, իր երազած Հայաստանն է շինում: Ո՞նց չհիշես Փանջունուն.

– Ծո՛, ի՞նչ ես ըրեր անոթը։

– Շինեցի, հայրի՛կ,- կը պատասխանե փոքրիկ Փանջունի միամիտ համոզումով մը։

– Ծո ի՜նչ շինել, կոտրեր ես, շա՛ն զավակ։

– Չէ՛, հայրիկ, շինեցի.- կը պնդե տղան։

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս