Տիգրան Սարգսյանը չի մասնակցի Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթահավաքին, որովհետև նրա աշխատանքային օրակարգն այլ կարևորագույն միջոցառումներով է լեցուն

Քիչ առաջ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության  պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով  Կառավարության անդամներին՝ ասաց. «Բարև հեղափոխություն և բարև հեղափոխական կառավարություն: Հարգելի՛ Տիգրան Սարգսյան, չեմ ցանկանում մտածել, որ Դուք անմասն կմնաք հայկական մեծ հեղափոխությունից դեպի հայոց Արարատ մեծ վերադարձի ծրագրին աջակցելուց, որի համար հայ ժողովուրդը քվեարկեց փետրվարի 18-ին:

Կարծում եմ՝ Ձեր մեջ չի մարել հեղափոխական լինելու ցանկությունը, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռ  բացակայում եք ժողովրդի իշխանությունը զբաղեցնելու և իրացնելու վայրերից, Հայաստանի հանրապետության քաղաքներից և գյուղերի հրապարակներից, և Ձեր կարծիքը միանշանակ չեք հայտնել Բաղրամյան 26-ի բանտախցում գտնվող Սերժ Սարգսյանի վերաբերյալ, ով ավազակապետությամբ, կողոպուտով, գողությամբ հափշտակել  է ժողովրդի քվեն, ամսի 22-ին,  ուրբաթ օրը, երեկոյան ժամը վեցին Ազատության հրապարակում տեղի է ունենալու հայ ժողովրդի հաղթահավաքը, և ցանկանում եմ պարզել, թե Դուք մասնակցելո՞ւ եք ուրբաթ օրվա Ազատության հրապարակում տեղի ունենալիք հաղթահավաքին»,- հարցրեց Զ. Փոստանջյանը, ում հարցից հետո  Տ. Սարգսյանը մեղմ ժպտում էր:

Մինչ վարչապետը կմոտենար ամբիոնին, նրա փոխարեն պատասխանեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Ոչ, չի մասնակցելու»:

«Ես չեմ մասնակցելու հանրահավաքին, որովհետև իմ աշխատանքային օրակարգն այլ կարևորագույն միջոցառումներով է լեցուն, և նաև ուզում եմ պատասխանել Ձեզ, որ համաձայն չեմ Ձեր գնահատականների և Ձեր հնչեցրած մեղադրանքների հետ, որովհետև քաղաքական բանավեճը տեղափոխում եք վիրավորանքների դաշտ: Կարծում եմ՝ տեղին չէ»,- պատասխանեց Տ. Սարգսյանը, ում խոսքով՝ իրենք հարգանքով են վերաբերվում իրենց կողմից հնչեցված կարծիքներին, ուստի, խնդրեց, որպեսզի իրենք էլ այդպիսի վերաբերմունք ցուցաբերեն կառավարության գնահատականների նկատմամբ:

Կարդացեք նաև

Ի պատասխան, Զ. Փոստանջյանն արձագանքեց. «Փաստորեն, ես ճիշտ հասկացա՝ Ձեր մեջ արդեն մարել է հեղափոխական լինելու ցանկությունը»:

«Ես հասկանում եմ Ձեր ակնարկը հեղափոխության վերաբերյալ, մասնավորապես այն հոդվածը, որ ես գրել եմ ժամանակին, որը կոչվում է «Ինչպե՞ս իրականացնել հեղափոխություն», և այդ հոդվածում տրամաբանությունը հետևյալն է, որ առաջին հերթին ցանկացած հեղափոխություն սկսում է մտածողության հեղափոխությունից: Այսինքն՝ եթե Դուք ուզում եք մեր երկրում արմատական հեղափոխական փոփոխություններ կատարեք,  առաջին հերթին պետք  է Ձեր գաղափարները ներկայացնեք հանրությանը և հանրությանը վարակեք այդ  հեղափոխական  գաղափարներով»,- հակադարձեց Տ. Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս