131 զայրացած տղամարդիկ և անգամ կանայք

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հիշում եմ, երբ Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպած ընդունելությանը ներկայացավ «Ազատություն Ժիրայր Սէֆիլյանին» մակագրությամբ շապիկով: Հիշում եմ նրա ձայնը, երբ Մարտի 1-ից հետո ոստիկանները մի երեխայի ուժով մեքենա էին փորձում նստեցնել, իսկ նա կառչել էր երեխայից ու բղավում էր.

«Ուր եք տանում էս էրեխուն: Բաց թողեք»: Մարտի 1-ին և դրանից հետո, քաղբանտարկյալների ազատության համար բոլոր ակցիաներին նա ներկա էր, բանակում խաղաղ պայմաններում զոհված ծնողների հետ` կառավարության շենքի առաջ, և այլն: Թող որ նրա ձայնն առավել բարձր է հնչում, քան մյուսներինը:

ԱԺ-ում երեկ Զարուհի Փոստանջյանը փորձել է ներկայացնել, որքան հասկացանք, իր հեղինակած նամակը` իբրև Սերժ Սարգսյանից` Րաֆֆի Հովհաննիսյանին: Նամակի գեղարվեստական արժեքն առանձին թեմա է: Սակայն երբ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բղավում էր` «Անջատե՛ք խոսափողը», տղամարդ պատգամավորները բղավում էին, թե պետք է դուրս բերել կարգազանց պատգամավորին, կնամեծարի համբավ վայելող ԱԺ նախագահը չկրկնեց իր երբեմնի սխրանքը, երբ զայրացած տղամարդկանց կոչ արեց հաշվի առնել, որ ամբիոնի մոտ օրիորդ է կանգնած: Իսկ այս դեպքում ամբիոնի մոտ չորս երեխաների մայր էր:

ԱԺ պատգամավորներն, անշուշտ, իրավունք ունեն պահանջել, որ դահլիճում հարգվի ԱԺ կանոնակարգը: Սակայն հենց երեկ լրատվամիջոցներում հայտնվեց լուսանկար` ԱԺ դատարկ դահլիճը` աշխատանքային օրվա պիկին: Քննարկման էր դրված «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը: ԱԺ փոխխոսնակի թախանձանքը պատգամավորներին` վերադառնալ դահլիճ` աշխատելու, անարձագանք մնաց: Սա արդեն թույլ չի տալիս լրջորեն ընկալել խորհրդարանը. ցանկության դեպքում անգամ ԱԺ փոխնախագահի հորդորը` կատարել իրենց պարտականությունը, չի կարող պատգամավորներին ստիպել աշխատել: Եվ հակառակը` անցանկալի ելույթը կարող են ընդհատել` որպես իրենց աշխատանքին խանգարող գործոն: Կամ ծաղրել այն:

Ի դեպ, վերջին օրերին հատկապես Ազատության հրապարակում ծավալվող իրադարձությունները փորձ է արվում տեղափոխել ավելի թեթև, ուրախ ժանր` հումոր:
Կարելի է չպատկերացնել` ինչ է նշանակում ստվերային կառավարություն և ծաղրել գաղափարը: Կարելի է մի լավ ծիծաղել նաև` տեսնելով, օրինակ, կիրակի, ուշ երեկոյան, Ազատության դատարկ հրապարակում անձրևին ու ցրտին, իր մի քանի մերձավորների հետ անձևրանոցի տակ նստած Րաֆֆի Հովհաննիսյանին: Կարելի է կառչել նրա կողմից ասված «իմ դիակի վրայով» արտահայտությանը և բազում սրամիտ հետևություններ անել հանգուցյալների` ոչ այնքան մեծ հնարավորությունների մասին: Կարելի է կանխատեսել հանրահավաքների մարումն ու քմծիծաղ տալ` «Ասում էինք, չէ՞, Րաֆֆի Հովհաննիսյանն այն գործիչը չէ, որը կկարողանա գործը մինչև վերջ հասցնել»: Զվարճախոսությունների արսենալում այլ ծիծաղաշարժ դրվագներ ևս գուցե լինեն: Այս դեպքում ծիծաղելը, սակայն, ակնհայտորեն վատ տոն է:

Ի վերջո, կարելի է դժգոհ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությունից: Սակայն քեզ համարել կատարվող իրադարձությունների համար պատասխանատվություն չունեցող մեկը, սուրճ ըմպելով և ծխելով` տկտկացնել ստեղներին ու ծաղրել նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան առաջարկել, նշանակում է` ունենալ ցածր ինքնագնահատական:
Կարելի է առաջարկել լուծումներ` անվստահության այս մթնոլորտը ցրելու համար: Եվ լավագույն լուծումը, ըստ էության, մեկն է` ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների ներկայությամբ վերահաշվարկել քվեաթերթիկներով լցված 1988 պարկի վերահաշվարկը: Երբ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն ասում է, թե դա տեխնիկապես անհնար է, հավանաբար ենթադրում է, թե այդ 1988 պարկերը պետք է դնեն իր առջև, և ինքը, մենևմենակ, պետք է սկսի հաշվել:

Վերահաշվարկի մեխանիզմը շատ պարզ է. դա հանձնարարվում է ԿԸՀ-ին, որն էլ շատ արագ և հեշտ կարող է կազմակերպել այդ կարևոր միջոցառումը: Եթե իշխանությունները վստահ են, որ հաղթել է Սերժ Սարգսյանը, կարող են երկու օրում դա ապացուցել և ավարտել այս ողջ պատմությունը:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա քայլերը կասկածի տակ առնողներին, նրանց ևս պետք է հասկանալ: Կան մարդիկ, ովքեր վախենում են Րաֆֆի Հովհաննիսյանին տեսնել երկրի նախագահ` մտավախություն ունենալով, որ արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությունը կարող է կործանել Հայաստանը: Այդ մարդիկ իրավունք ունեն իմանալու` ինչպես է Րաֆֆի Հոհվհաննիսյանը պատկերացնում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, և ինչպիսին կլինեն դրա հետևանքները: Շատերը չեն ընկալում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման հարցը` գտնելով, որ վատ խաղաղությունը նախապատվելի է, քան այն անկանխատեսելի իրավիճակը, որը կարող է առաջանալ Հայաստանի` Ղարաբաղը ճանաչելուց հետո:

Եվ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է նաև այդ մարդկանց համոզի` ինչո՞ւ է անհրաժեշտ Ղարաբաղի ճանաչումը դե ֆակտոյից դարձնել դե յուրե և որքանո՞վ է անվտանգ դա Հայաստանի համար: Հայևթուրքական հարաբերությունների մասին մեկևերկու նախադասությունը ևս քիչ է. անհրաժեշտ է հանրամատչելի ներկայացնել քո պատկերացումները` որ քայլից հետո ինչ է սպասվում:

Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, սա փոփոխությունների հնարավորություն է` անկախ նրանից, ով է այդ փոփոխությունների խորհրդանիշը` Րաֆֆի Հովհաննիսյանը կամ մեկ այլ, իշխանությունը չներկայացնող գործիչ:

Իսկ փոփոխություն կա արդեն ենթագիտակցական մակարդակում. փետրվարի 18ևից հետո այնքան սովորական է դարձել Ազատության հրապարակում տեղի ունեցող բոլոր իրադարձություններին, ասուլիսներին առցանց ռեժիմով հետևելը, որ Սերժ Սարգսյանի երեկվա փակ ասուլիսը, որը մեկ օր անց միայն պետք է տարածվի լրատվամիջոցներով, այն էլ` մոնտաժված, ավելի անհասկանալի է, քան անգամ ստվերային կառավարության մասին որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս