Սիրուշոն և Ալեքսանդրա Ստանը Լիբանանում հանդես կգան համատեղ համերգով
Սիրուշոն եւ ռումինացի երգչուհի Ալեքսանդրա Ստանը մարտի 30-ին համատեղ համերգով հանդես կգան Լիբանանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սիրուշոյի PR պատասխանատու Արևիկ Ուդումյանը նշել է, որ համերգի իրականացման առաջարկը արվել է լիբանանյան կողմից:
Սիրուշոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջում երկրպագուներն իրենց գոհունակությունն են հայտնել կայանալիք համերգի մասին, ինչպես նաեւ ցանկություն` այն նաեւ Հայաստանում անցկացնելու վերաբերյալ:
Ալեքսանդրա Ստանը մեծ պահանջարկ ունեցող երգչուհի է, ում հատկապես մեծ հաջողություն է բերել միլիոնավոր աղջիկների խորհրդանիշ հանդիսացող Mr Saxobeat երգը: Ստանը ծնվել է 1989 թվականին Ռումինիայում: Նա այն երգչուհիներից է, ով առանձնանում է նաեւ իր ստացած երաժշտական կրթությամբ:
2009 թվականին երգչուհին ձայնագրել է իր առաջին Lollipop սինգլը, որը մեծ տարածում է ստացել համացանցում` ապահովելով ավելի քան 2 միլիոն դիտում:
Սիրուշոն երկրպագուների համար պատրաստել է եւս մեկ անակնկալ` ապրիլի 6-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում «Եվրատեսիլ 2013»ում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խմբի հետ համատեղ կայանալիք «Միասին մեկ բեմում» համերգային ծրագրի տեսքով:
Համերգային ծրագրում համադրվելու են ռոք եւ փոփ ոճերի, ինչպես նաեւ ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային եւ լուսային շոու ծրագրով: Սիրուշոյի եւ «Դորիանս»-ի կատարմամբ համերգի ընթացքում կհնչեն նաեւ համատեղ ստեղծագործոթյուններ: