Տիգրան Հայրապետյանի հետադարձ արձագանքը այսօրվա իրադարձություններին. «Ընդդեմ նոր սպանությունների՝ հանուն արդար ընտրությունների» շարքից

25.01-08.03 1999թ.

… Ցավոք, «պառաված հեղափոխությունները» հաճախ են դրսևորում միևնույն ախտանիշերը՝ կենաց-մահու ներքին հաշիվմաքրոցի, առաջնորդության անհաղթ մոլուցք, կողմնակի պատեհապաշտ ուժերի ներգրավում միջհեղափոխական հարաբերությունների պարզաբանման գործընթացի մեջ: Երկուսի կռվում երրորդն է շահում բանաձևը, նման դեպքերում չափազանց հստակ է գործում, բայց հայրենիքակերտման գաղափարը միշտ պարտվողի դերում է: Պատմությունը ճանապարհ է հարթում հազարավոր և հազարավոր մարդկանց «ես»-ի, անձնական կյանքի, զգացմունքների և գիտակցության միջով, լայնարձակ դաշտ թողնելով յուրաքանչյուրին՝ գերինքնարժևորումից ծնունդ առնող մոլորության ու ինքնախաբեության համար: Եվ այստեղ արդեն, վերջին խոսքը գիտությանն է. «հասարակությունները, ուր անձնազոհության ընդհանուր դոմինանտը չի գերազանցում սպառողական եսակենտրոնությանը, առավելապես խոցելի են ճակատագրի փորձությունների առջև»:

… Հայ իմաստունիկ առաջնորդները պատմական զուգահեռներ չեն սիրում: Ազգային ավանդությանը համաձայն, նրանցից յուրաքանչյուրը հազարամյակների պատմությունն առաջին անգամ է կերտում, բնականաբար միայն իր կերպով և նմանությամբ: Բայց իրականությունը, որքան որ դաժան է, նույնքան էլ առարկայական, և Հայաստանում, 1998թ. փետրվարյան հայտնի իրադարձություններին հաջորդած ներքաղաքական սխալ զարգացումների հետևանքով, սկսվել է մի գործընթաց, որը համեմատելի է թերևս միայն ԽՍՀՄ-ում 1937թ. «Տուխաչևսկու գործի» հետ: Խորհրդային սպարապետից ևս քաղաքական որոշում էր պահանջվում, բայց նա հապաղում էր, ժամանակ շահում, աչք փակում լավագույն հրամանատարական կադրերի «խորհրդավոր» սպանությունների վրա: Այսօր արդեն հայտնի է, որ բոլոր այն մարդիկ, որոնք ոստիկանության բանտախցերում իրենց մեղավոր էին ճանաչում այդ սպանությունների համար, ընդամենը զանգվածային տեռորի նույնանման զոհերն էին: Բոլշևիկյան Ռուսաստանում իշխանությունը զավթած էթնիկական ռենեգատներ Ստալինի և Եժովի նկատմամբ քաղաքացիական պատերազմի հերոս և ժողովրդի սիրեցյալ Տուխաչևսկու քաղաքական գնահատականն այնաստիճան ուշացավ, որ անգամ բրիտանական և ֆրանսիական հատուկ ծառայությունները խաչ քաշեցին փառապանծ մարշալի ճակատագրի վրա և չխոչընդոտեցին կոմինտերնական գործակալների կողմից Տուխաչևսկու տրոցկիստական գործունեության «բացահայտմանը»:

Ո՞վ ասաց, թե պատմությունը չի կրկնվում: Միայն թե այլ հարց է՝ իսկ ո՞ւմ է պետք, որ մեր պարագայում ևս պատմությունը կրկնվի: Եվ բավական է տառապել ինքնախաբեությամբ, թե Հայաստանի այժմյան քաղաքական վերնախավում չկան անձինք և ուժեր, որոնք իրենց իշխանական նկրտումների բավարարման ճանապարհին չեն զոհաբերի տասնյակ հազարավոր հայ զինվորների և չեն հանդուրժի թշնամու ներթափանցումը Մայր Հայրենիքի տարածք: Իսկ ամենակարևորն այն է, որ ցանկացած ողբերգության դեպքում, այլևս, արդարացում կլինի՝ չէ որ ինչ-ինչ «ազգադավ» ուժերի ջանքերով, ամենակարճ ժամանակահատվածում, նոր Հայաստանը զրկվեց իր լավագույն զորահրամանատարներից:

Մենք չենք հոգնի կրկնել, որ Հայաստանում քաղաքական իշխանությունը վերաժողովրդավարեցվելու է և երկրում հաստատվելու է լիբերալ-դեմոկրատական իշխանություն՝ առողջ ազգայնականության բոլոր բաղկացուցիչներով: Սա է նոր աշխարհակարգում հայ ժողովրդի ռազմավարական առաքելության գլխավոր նախապայմանը, և տարածաշրջանում ակտիվ աշխատանք տանող շահագրգիռ ուժերը, իրենց նպատակին հասնելու համար,  կանգ չեն առնի ոչինչի առջև: Իսկ 1998-ի փետրվարյան խայտառակությունը հաղթահարելու ամենակարճ ճանապարհը նախ՝ ներքաղաքական տեռորի վճռական (խիստ վճռական, պարոնայք սպաներ) կանխարգելումն էր և երկրորդ՝ ազատ ու արդար խորհրդարանական ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելն էր: Փոխարենը ունենք քաղաքական հաշվեհարդարների անհագ ծարավ, մեղմ ասած, հակաժողովրդավարական ընտրական օրենք, բացահայտ կոչեր՝ ընտրությունները վերածել խորհրդարանական գաթայի վերաբաժանման պարզ պրոցեդուրայի և լիբերալ երանգավորմամբ ընդդիմության բնական սպառնալիքը՝ բոյկոտել ընտրությունները, բոլոր անխուսափելի հետևանքներով հանդերձ:

… Քիչ թե շատ կենտրոնացած իշխանական-հասարակական համակարգի բացարձակ ապակենտրոնացումն այլևս քաղաքական բարձր գիտակցության դրսևորում է պահանջում բոլորից՝ գործող նախագահից, ուժային նախարարներից, քաղաքական ուժերից, ընդ որում, յուրաքանչյուրից առանձին-առանձին: Հայրենի ճահիճում մլուլ տալու և ժամանակ շահելու ձգտումը փշրվում է արտաքին աշխարհում աշխարհքաղաքական բուռն զարգացումների համատեքստում Հայաստանի նկատմամբ առաջ եկող խստագույն պարտքուպահանջների ծանրության տակ:

Համաշխարհային նոր վերաբաժանման գործում Հայաստանն իր խիստ կոնկրետ դերն ունի, իսկ նրա ներքին քաղաքական դաշտում գերիշխող քաղաքագիտական անգրագիտությունը որոշակիորեն հակասում է շահագրգիռ արտաքին ուժերի կողմից նախանշած քաղաքական տրամաբանությանը: Պատմական փորձը վկայում է, որ նման պայմաններում սովորաբար գործում է երկու տարբերակ՝ կամ ուղղակի հրահանգավորում քաղաքական վերնախավին, ինչպես ասենք 1938-ին Չեխոսլովակիայի նախագահ Բենեշի պարագայում էր, և կամ պարզ՝ «դաշույնի ու ատրճանակի» մեթոդի կիրառումը, ինչպես ասենք 1934-ին էր Ալեքսանդր I Հարավսլավացու և Ֆրանսիայի արտգործ նախարար Բարտուի պարագայում:

Կոնկրետ պատմական փուլի մեր առանձնահատկությունն այն է, որ Հայաստանից ու նրա քաղաքական առաջնորդներից պահանջվում են «մաքուր կամ չմիջնորդավորված», «ինքնաբուխ» եզրահանգումներ, որպեսզի մոտ ապագայում Առաջավոր Ասիայում Հայաստանի կատարելիք դերը, «իրադարձությունների զարգացման առարկայական արդյունքի» հավատ ներշնչի թե՛ բուն հայ ժողովրդին և թե՛ տարածաշրջանի այլ ժողովուրդներին, միջազգային հանրությանն ընդհանրապես: Նման դեպքերում անմիջական հրահանգավորումը հակացուցված է և ուժի մեջ է մնում միայն պարտադրմամբ քաղաքական վերնախավին ճիշտ ուղու վրա դնելու տարբերակը:

… Նացիոնալ-սոցիալիզմը, որ, կրկնենք, հայ իրականության մեջ ՀՅԴ պատմական մենաշնորհն է, դատապարտելի է ողջ միջազգային հանրության համար, մեծարգո պարոնայք սպաներ: Այս տարածաշրջանում աշխարհքաղաքական հիմնահարցեր լուծող մեծ տերություններից ոչ մեկը չի հանդուրժի, որպեսզի հայոց բանակը դարչնագույն (կամ կարմրադարչնագույն) երանգ ունենա, քանզի առաջիկա պատերազմներում հենց այդ բանակին է վերապահված Առաջավոր Ասիայում առկա սահմանները վերաձևելու դերը: Իսկ նացիոնալ-սոցիալիստներին մեր ժամանակներում հող չեն տալիս, լինի դա պատմական, թե ոչ այնքան պատմական հայրենիքի տարածք: Հայոց բանակը կարող է և պետք է ռազմատենչ ու որոշ չափով ծայրահեղական լինի, բայց նա իրավունք չունի դարչնագույն լինել և կամ ծառայել նացիոնալ-սոցիալիստական հենքով որևէ իշխանության, ինչպիսին այժմ է: Նվազագույնը առաջիկա տասնամյակում, հայոց բանակը պարտավոր է լինելու կատարել խիստ ժողովրդավարական քաղաքական ղեկավարության կամքը, այդ թվում նաև` որոշակի տարածքների շարունակական ազատագրումը:

… Իսկ երբ առաջիկա պատերազմի ընթացքում կամ անգամ դրանից առաջ, Ադրբեջանում նորից իշխանության կգան ազգայնական ուժերը, Հայաստանում, ընդհակառակը, կվերահաստատվի ժողովրդավարական քաղաքական իշխանությունը, որն առժամանակ պատմության արխիվ կուղարկի հայ նացիոնալ-սոցիալիստներին և ավարտական փուլին կհասցնի Ղարաբաղա-Նախիջևանյան խնդիրը, ինչի ջատագովը կարծես թե, նախևառաջ, հայ հայրենասեր զինվորականությունն է:

Ընդգծենք միանգամից, որ նշված սցենարին դիմադրելն անիմաստ է, որովհետև դուրս է ազգային կառույցների և մարմինների իրավասությունից: Ավելին, երբ ռուսական ռազմական ներկայության գործոնը կկատարի իր հրահրիչ և անկասկած ողբերգական դերը Հայաստանի տարածքում, զինվորականությունն ինքը հանդես կգա երկրի տարածքից նրա վտարման պահանջով: Եվ կարելի է միայն ցավել, որ Պաշտպանության նախարարության համապատասխան բաժինները ընդունակ չեն գտնվում ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի և իրողությունների ճիշտ գնահատականներ տալ, դրանով իսկ կանխելով ողբերգական զոհաբերությունները իրենց իսկ շարքերում:

Տիգրան Հայրապետյան հիմնադրամ

 

Տեսանյութեր

Լրահոս