Բաժիններ՝

Մեր երկրում կա նոր, առանձին մի պետություն

«168 Ժամի»՝ թերթի թիվ 27-ում տպագրված՝ «Ես ինչ-որ մարդկանց չեմ նկարում՝ մարդկանց հորինում եմ» հրապարակմանը, ինչպես միշտ, արձագանքեցին ինչպես` սփյուռքում բնակվող, այնպես էլ՝ հայաստանաբնակ մեր հայրենակիցները:

Հիշեցնենք, որ հրապարակումն Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց 29 հասցեում բնակվող Էմմա Պետրոսյանի և նրա երեք անչափահաս երեխաների մասին էր, ովքեր, գտնվելով սոցիալապես ծայրաստիճան վատ վիճակում, տևական ժամանակ է՝ մոմի լույսի տակ էին ապրում: Սոցիալական խնդրից բացի, այս երեխաներն ունեն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ:

Է. Պետրոսյանն ամուսնու մահվանից հետո երեք երեխաներին խնամում է 34.000 դրամ ընտանեկան նպաստով, որով ի զորու չէ անգամ որդու համար անհրաժեշտ դեղորայքը գնել: Հիշեցնենք նաև, որ Էմմայի երկու տղաները դպրոց չէին հաճախում. նրանք ընդգրկված են ներառական կրթության ծրագրում: Երեխաների մայրը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ դպրոցի մասնագետները տնայցեր են կատարում, սոցիալական աշխատողը, հոգեբանը թեև ամեն ինչ անում են երեխաների խնդիրների լուծման համար, այդուհանդերձ, 10 տարեկան Նարեկի և 14 տարեկան Թևանի խնդիրներն ավելի խորն են, քան կարելի է պատկերացնել: Արդեն նշել ենք, որ երեխաների հայրը թմրամոլ է եղել, որի դրսևորած վարքագծի, ամենօրյա վիճաբանությունների, ծեծ ու ջարդի պատճառով երեխաների հոգեբանությունը խեղաթյուրվել է:

Emma (11)

Կարդացեք նաև

Արդեն քանի օր է` մեր խմբագրություն են զանգահարում բազմաթիվ մարդիկ` Է. Պետրոսյանի տվյալները ճշտելու խնդրանքով, որոնք այցելություն կատարելով` փորձում են նրանց աջակցել: Երեկ Էմմայից տեղեկացանք, որ անհատ քաղաքացիներն այցելում են իրենց ընտանիքին և իրենց օգնությունն են առաջարկում՝ սկսած ֆինանսական աջակցությունից, մինչև անգամ՝ իրենց բարեկամությունը:

«Երեկ արդեն մեր լույսը միացրեցին: Մի կին` առանց ասելու, առանց ներկայանալու` վճարել էր հոսանքի մեր 60.000 դրամ պարտքի մի մասը: Մի տղամարդ եկավ ու նորից առանց ներկայանալու` մեզ գումար նվիրեց, հեռացավ: Ճիշտն ասած՝ շատ զարմացած ենք մարդկանց վերաբերմունքից: Աջակցությունը` մի կողմ, բայց մարդիկ գալիս, սկսում են մեզ հետ խոսել, հետաքրքրվել մեր կյանքով, խնդիրներովգ Այդ մարդկային ջերմության կարիքը մենք շատ ունենք:

Երեխաներս օրերով սոված են եղել, բայց որևէ մեկը չի իմացել` ինչ վիճակում ենք, մեր դուռը թակող չի եղել, իսկ հիմա… Շատ հուզված եմ»,- մեզ հետ զրույցում ասում էր Էմման, ով երեկ շտապում էր «Վորդ վիժն» կազմակերպություն:

Ի դեպ, նշենք նաև, որ հրապարակմանն անմիջապես արձագանքեցին այս կազմակերպությունից, որի ներկայացուցիչներն Էմմային հրավիրել էին իրենց գրասենյակ հագուստ և անհրաժեշտ օգնություն տրամադրելու պատրաստակամությամբ: Մեզ հետ անմիջապես կապվեցին նաև «Օրրան» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները՝ խոստանալով այցելություն կատարել ընտանիքին, աջակցել և Էմմային առաջարկել` երեխաներին ընդգրկել «Օրրան» կենտրոն:

Emma (3)

Երեկ մենք արդեն զանգեր ստացանք նաև Ֆրանսիայում և ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներից, ովքեր ճշտելով բոլոր տվյալները` առաջիկայում իրենց աջակցությունը կփոխանցեն այս ընտանիքին:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծված «1.5 Million Likes Before April 24» էջը, ինչպես մեր թերթի նախորդ հրապարակումները, այնպես էլ՝ այս հոդվածը ներկայացրել էր հազարավոր օգտատերերին՝ կոչ անելով անտարբեր չլինել այս երեք երեխաների ապագայի նկատմամբ: Ինչպես միշտ, այս էջի կոչին մեկ մարդու պես միացել էին աշխարհում սփռված, ինչպես նաև տեղաբնակ մեր հայրենակիցները, որոնցից ամեն մեկն իր լուման ներդնելով` փորձելու է այս ընտանիքին նույնպես անդունդից վեր հանել:

«Երեկ ինձ կրկին զանգահարեցին և ասացին, որ այսօր խումբ է գալու մեր տուն: Ես չգիտեմ՝ ովքեր են իրենք, բայց ասացին, որ շատերն են գալու՝ առաջարկելով իրենց օգնությունը: Ճիշտն ասած՝ ձեր թերթով բարձրաձայնելուց հետո իմ հեռախոսի զանգերն այնքան շատ են: Էսքան լավ մարդգ Չեմ կարող զգացմունքներս ճիշտ նկարագրել»,- ասում էր Էմման, ում ընտանիքի պատմությանն առաջիկայում կրկին կանդրադառնանք՝ մեր պետական կառույցներին ներկայացնելու համար այն հանգամանքը, որ նման ընտանիքներին դժվարություններից դուրս բերել հաջողվում է անգամ մի խումբ մարդկանց: Այն դեպքում, երբ իրենք միայն հոխորտում են իրենց անզորության մասին:

Emma (10)

Ի դեպ, հարկ է ընդգծել, որ այս հրապարակմանը ևս արձագանքեցին հարուստ ու աղքատ, սփյուռքահայ և տեղաբնակ, երիտասարդ ու մեծահասակ անհատ քաղաքացիները: Բայց ոչ երբեք` պետական գերատեսչությունները, քաղաքապետարանն ու թաղապետարանը: Այսքանից հետո մեզ մնում է միայն նման ընտանիքների խնդիրներով զբաղվող պետական կառույցներին հորդորել ինքնալուծարվել, քանի որ մեր պետության մեջ ավելի շատ գործում է այն նոր «պետությունը», որը կառուցել են նման հոգատար, բարի ու մարդասեր անհատ քաղաքացիները, ովքեր պետական ծառայող չեն ու պետական հաստիք չեն զբաղեցնում: Բայց ունակ են հատակում հայտնված նման ընտանիքներին ոտքի կանգնեցնել:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս