Բաժիններ՝

«Ես ինչ-որ մարդկանց չեմ նկարում՝ մարդկանց հորինում եմ» (լուսանկարներ)

Ասում է Նարեկը, որի հոգեբանական խնդիրները մոլորեցնում են նույնիսկ մասնագետներին:

Էմման իր երեք երեխաների հետ ամեն գիշեր աղոթելով` Աստծուց ներելու կարողություն է խնդրում: Իր կյանքը դժոխք դարձրած ամուսնուն ներել է, բայց երեխաների համար անզոր է ներել: 10 տարեկան Նարեկն արտաքուստ անվախ ու քաջ տղայի տպավորություն է թողնում, բայց վախենում է կյանքից, մարդկանցից, մթից, հասակակիցներից: Օրվա մեծ մասն անցկացնում է տանը, որտեղ սիրում է առանձնանալ ու միայնակ՝ ինքն իր հետ լինել: Նարեկն այս կյանքում երկու բան է սիրում՝ մեկուսանալ և նկարել մարդկանց: Ոստիկանության աշխատակցին, սոցիալական աշխատողին, հոգեբանին, մորն ամեն օր խոստանում է դպրոց գնալ, բայց փախչում է:

Emma (3)

Emma (2)

Emma (9)

«Չի գնում, նույնիսկ հոգեբանը չի կարողանում բացատրություն տալ: Հիմա կարող է ձեզ էլ խոստանա, որ վաղը դպրոց կգնա, բայց, երբ ժամը գա՝ կփախնի: Շատ սթրեսներ, վախեր ա ունեցել: Հիմա առանց ինձ մի քանի քայլ կատարելու ունակ չէ: Նույնիսկ խոհանոցից զուգարան գնալու համար պիտի ամուր ձեռքս բռնի, որ ես իրեն տանեմ»,- ասում է Նարեկի մայրը՝ Էմման, ով ամուսնուն չի կարողանում ներել` երեք առողջ երեխա լույս աշխարհ բերելու, բայց նրանց մանկությունը խեղաթյուրելու համար:

Երեք երեխաներն էլ հիմա առողջական, հոգեբանական խնդիրներ ունեն, քանի որ հասցրել են իրենց կյանքում «վայելել» հարբեցող, թմրամոլ հայր ունենալու դառնությունը:

Մի քանի ամիս առաջ երեխաների հայրը մահացել է՝ իր հետևից թողնելով հիշողություններ, որոնք, միևնույն է՝ չեն ջնջվում երեխաների կյանքից: Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց 69 տան դուռ ու պատուհաններից առհասարակ բացակայում են ապակիները: Բոլոր հնարավոր և անհնարին իրերը ջարդուխուրդ եղած են ճիշտ այնպես, ինչպես ջարդուխուրդ եղած են Էմմայի ու նրա երեք երեխաների ապագայի նկատմամբ հույսերն ու երազանքները: Մեկ ամիս առաջ պատուհանի կիսատ ապակին քամու ուժգնությունից ընկել է, Նարեկի ձեռքի ջիլերն ու երակները կտրել է:

Emma (11)

Emma (10)

Emma (7)Էմման ասում է՝ «Էնքան վիճաբանություն, ծեծ ու ջարդ էր սարքումգ ինչ կար-չկար` տալիս ջարդում էր: Մեզ էլ անխնա ծեծում էր: Երեխեքս նույնիսկ դաս սովորելու հնարավորություն չունեին: Ինքը էդպիսին չէր: Ամուսնությունից մի քանի տարի հետո սկսեց խմել: Հետո գնաց Ռուսաստան ու եկավ: Հետո սկսեց անընդհատ գնալ ու գալ, ու զգում էի` ինչ-որ բան էն չի»,- պատմում է Էմման, ով ստիպված է եղել հանուն երեխաների` ամեն օր պայքարել իրենց տուն ելումուտ անող հարբեցողների ու թմրամոլների դեմ: Ասում է՝ շատ է փորձել ամուսնուն հետ կանգնեցնել այդ ճանապարհից, բայց անօգուտ: Երեխաներն ապրել են սարսափելի լարված մթնոլորտում և ականատես են եղել անհավանական տեսարանների:

Վերջին մեկ տարում իրենք՝ երեխաներն են մորը խնդրել հեռանալ տանից, բայց քանի որ Էմման գնալու տեղ չի ունեցել, շարունակել է երեխաների առողջության գնով հանդուրժել ամուսնուն: Ասում է՝ «Ինքը վատ մարդ չէր, քանի դեռ էդ զիբիլը չէր անում, բայց հետագայում մեր կյանքը դժոխքի վերածեց: Անցյալ տարի վատացավ, չէր կարողանում քայլել: Ոտքերի երակներից էնքան դեղ էր արել, որ անոթները խցանվել էին:

Emma (4)Միանգամից գամվեց անկողնուն: Ես իմ մեջ ուժ գտա՝ ներեցի և որոշեցի իրեն հետևել, խնամել: Ամեն ոտքն էնքան էր այտուցվել, որ տեղաշարժելն անհնար էր: Գնացինք հիվանդանոց, բուժման կուրս ստացավ ու, երբ խոստացավ էլ նման բան չանել՝ հավատացի: Ասում էի՝ ամեն ինչ կանեմ, մենակ ինքը բուժվի ու նորմալ կյանքով ապրի: Իրեն տեղափոխեցինք տուն, ու սիստեմաներն ամեն օր տանն էր ստանում: Ես բանկում աշխատանքի ընդունվեցի՝ հավաքարարություն էի անում, որ համ դեղերը կարողանամ գնել, համ էլ՝ երեխաների օրվա հացի հարց լուծեմ»:

Հետո Էմման պատմում է, թե ինչպես էր ամեն օր առավոտից մինչև գիշեր ամուսնուն օգնում, հսկում ու խնամում, որովհետև այս անգամ նրան հավատացել էր: Բայցգ Մի օր աշխատանքից տուն գալուն պես անծանոթ մի մարդ է տանը հայտնաբերել, ում ամուսինը ներկայացրել է` իբրև Ոստիկանության աշխատակից. «Նույն մարդուն մի քանի անգամ մեր տանը տեսա ու հասկացա, որ շարունակում ա դա անել: Արդեն շատ վատ էր, օր օրի ավելի վատանում էր:

Emma (5)Ասում էր՝ չեմ կարա չանեմ, մեկ ա, ինձ քիչ ա մնացել, մի պայքարի, թող էս քիչ ժամանակն ապրեմ իմ ուզած ձևով»: Իր ուզած ժամանակն իր ուզած ձևով ապրած երեք երեխաների հայրն ամիսներ առաջ մահացել է, որի երակներից ներարկվել է թմրադեղերից սկսած մինչև անգամ բենզին: Հիմա նրանից մի բան է մնացել՝ հիշողություն, որն Էմմայի ու երեք երեխաների մեջ դաջվել է` որպես անցյալ, ներկա ու ապագա: 13 տարեկան Թևանը երեք երեխաներից ամենաշատ ծեծ կերածն է, որովհետև հայրն իրեն ստիպում էր իր համար ծխախոտ ճարել, բայց ինքն ամաչում էր ինչ-որ մեկից խնդրել: Թևանը մեկ էլ ծեծ ու ջարդի ժամանակ հասցնում էր հոր ձեռքերից դուրս պրծնել ու հարևաններից օգնություն կանչել:

Առողջ ծնված այս երեխան վերջին մի քանի տարիներին բառերը մի կերպ է կապկում, կակազում է: Հիմա նրա հետ լոգոպեդ է աշխատում, բայց գիշերներն ուրիշ խնդիրներ էլ վախից լինում են (հիվանդությունը, հասկանալի պատճառներով, չենք նշում): Մասնագետները Թևանի առողջական խնդիրների համար դեղորայք են նշանակել, որի ամեն մի տուփն արժե 7000 դրամ:

«Անկեղծ ասած՝ տեսնում եք, հիմա մենք ծայրահեղ վատ վիճակում ենք: Արդեն մեկ ամիս է` լույս չունենք, պարտքի պատճառով անջատել են: Դեղերը չեմ կարող գնել, որովհետև ապրում ենք 34.000 դրամ նպաստով: Ես բանկում աշխատանքս կորցրեցի, երբ ամուսինս արդեն մահամերձ վիճակում էր, իրեն էի խնամում: Հիմա աշխատանք եմ փնտրում՝ հավաքարարի, աման լվացողի, ինչ պատահի:

Emma (8)

Օրեր են լինում` երեխեքս հաց չեն ունենում, բայց ես իրենց այ դրա համար եմ սիրում, որ ոչ ոք չի իմանում, թե իրենք ինչ վիճակում են: «Հույսի ավանից» են մեզ օգնել, բայց դեռ չենք կարողանում ոտքի կանգնել»,- ասում է Էմման: Թևանն ամեն օր փողոցներից կարտոն, պլաստմասսայե շշեր ու փայտ է հավաքում, որ բաց պատուհաններով տան մեջ դրված վառարանը գցի, ու չորս հոգով «փաթաթվելով» վառարանի խողովակին` մի քիչ տաքանան:

Նարեկն իրեն տղամարդավարի պահելով` կացինն առած մի քանի փայտերից մեկը մանրացնում է, բայց երբ ես գնամ` մոր ձեռքը պինդ բռնած սենյակից սենյակ է տեղափոխվելու: 14 տարեկան Սուսաննան կարող էր շատ լավ սովորել, որովհետև հայոց լեզու շատ լավ գիտի, բայց պարբերաբար ստիպված է լինում դպրոցից բացակայել: Ժամանակ առ ժամանակ ցավերից գալարվում է, ու վերջերս բուժզննում անցնելուց հետո նրա մոտ երևանյան հիվանդություն է ի հայտ եկել:

Emma (1)Մասնագետները չհայտնաբերելով գենետիկ նախատրամադրվածություն և որպես նոր ի հայտ եկած երևույթ` դա բացատրել են որպես վախի պատճառով առաջացող հիվանդություն:

Թևանն, արդեն քանի օր է, դպրոց չի գնում, քանի որ հողաթափերով է փողոցներից վառելիք հայթայթում: Նարեկը վաղուց դպրոց չի գնում, քանի որ նրա հոգեկան աշխարհը` խաթարված, հոգեբանությունն՝ անբացատրելի է անգամ հոգեբանների համար, և մինչև անգամ մասնագետները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է այս փոքրիկ տղան ձգտում մեկուսանալ ու մարդ նկարել: Հարցնում եմ՝ «Իսկ ո՞ւմ ես նկարում, ցույց կտա՞ս»:

Պատասխանում է՝ «Ես ինչ-որ մարդկանց չեմ նկարում, մարդկանց հորինում եմ»:
Իմ գնալուց հետո իրիկուն է գալու. 32 տարեկան Էմմա Պետրոսյանի տունը մթնելու էգ Նարեկը մոր ձեռքն ամուր սեղմած է տեղաշարժվելու, Սուսաննան մոմի լույսի տակ հայոց լեզվի դասերն անգիր է անելու, իսկ Թևանը մոմի լույսով լուսացնելուց հետո` առավոտյան հողաթափերով դպրոց չի գնալու: Նորից մթնելու է, ու մոմի լույսի տակ նրանցից ամեն մեկն աղոթելով` մտքում Աստծուց ներելու կարողություն է խնդրելու:

«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս