Րաֆֆի Հովհաննիսյան. «Կա՛մ ինքնաբացարկ, կա՛մ նոր ընտրություն, կա՛մ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը» (տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին ներկայացրեց իր պահանջը: Նա նշեց, որ կամ Սերժ Սարգսյանը պիտի ինքնաբացարկ հայատարարի, կամ նոր ընտրություններ կլինեն, կամ ապրիլի 9-ին ժողովուրդը կորոշի իր անելիքը.
«Փետրվարի 18-ին հավաքական ուժի չարենցյան պատգամն իրականացրեց հայ ժողովուրդը: Իր եղերական մահվանից բազմաթիվ տասնամյակներ անց: Դա արեց հայ ժողովուրդն անկնկալ՝ հավատալով իրեն, երբ քչերն էին հավատում: Անակնկալ էր առաջին հերթին գործող իշխանության համար, որ չէր հավատում, որ հայ ժողովուրդը կարող է իր վախից, ստրկամտությունից, ճակատագրապաշտությունից դուրս գալ: Այդ ժողովուրդը պատասխան տվեց, և ուստի իմ քաղաքական պահանջն այն է, որ պետք է ճանաչել սեփական ժողովրդի, սեփական քաղաքացիների սահմանադրական իրավունքի կիրառումը:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին, պետք է ճանաչել: Երկրորդ, դուք գիտեք, որ ես ընտրություններից մի քանի օր հետո գնացի և առաջարկները ներկայացրի պարոն Սարգսյանին՝ այս վիճակը հանգուցալուծելու համար, ժողովրդի հաղթանակը ճանաչելու համար: Բոլոր առաջարկները մերժվեցին, թե ճանաչել հաղթանակ, թե երկրորդ փուլ՝ տղամարդու նման, երկուսով կանգնենք ձեր առջև, երկու բարձրախոսով և բանավեճ անենք, հարգանքով նոր մշակույթ ստեղծենք, մերժվեց: Պատժելով բոլոր մարզպետներին, քաղաքապետերին, շտաբի պետերին, դատախազներին, պաշտոնյաներին, բոլոր նրանց, ովքեր ընտրախախտումներ կատարեցին, զինվորներին տարան փորձության և կեղծիքի, ուսուցիչներին ուղղորդեցին դեպի սուտ ընտրության, ովքեր բազմակի ընտրություն կատարեցին, լցոնումներ կատարեցին, ովքեր պարոն Սարգսյանի քարոզչանյութերը փակեցին հազար ու մեկ քաղաքապետարանի, դպրոցի, հիվանդանոցի, պետական շենքերի վրա, այն դատախազների, որոնք հիմա գործ են բացում այն գյուղապօետերի նկատմամբ, որոնց գյուղերում հաղթեց ժողովուրդը պաշտոնական տվյալներով և դրանից հետո համամասնական ընտրակարգով խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Այդ առաջարկը ևս մերժվեց: Ես բամզաթիվ անգամներ ասել եմ, որ ես այլևս օրակարգում որևէ բան չունեմ: Եթե պարոն Սարգսյանը ուզում է ներկա իմ վիճակում, մեր վիճակում գալ Ազատության հրապարակի որևէ տարածք և ներկայացնի իր առաջարկները, ես հարգանքով կլսեմ այդ առաջարկները, և ձեզ հետ միասին կորոշեմ՝ ընդունե՞լ, թե՞ չընդունել: Իսկ ներկա դրությամբ մենք գնում ենք դեպի նոր Հյաստանի երդմնակալություն, որը տեղի կունենա ապրիլի 9-ին: Կա՛մ ինքնաբացարկ, կա՛մ նոր ընտրություն, կա՛մ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը»: