«Ես առաջվա նման հավատում եմ հրաշքին»
Հարցազրույց գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանի հետ
– Մեր նախորդ հարցազրույցում, որը տպագրվել էր մինչ նախագահական ընտրությունները, նախընտրական միապաղաղության, ընտրությունների կանխորոշված ելքի մասին անսպասելի լավատեսական դիտարկում էիք կատարել` նշելով, որ հրաշքներ լինում են: Փաստորեն, Դուք շատ իրատես էիք այն ժամանակ: Հետընտրական այս փուլում ի՞նչ զարգացումներ է հուշում Ձեր լավատեսությունը:
– Ես նույնքան լավատես չեմ հետընտրական զարգացումների հարցում, բայց էն, ինչ տեղի ունեցավ, արդեն ձեռքբերում է. մեր հասարակության շատ ստվար զանգված դիմադրեց ընտրակաշառքին, ահաբեկումներին, մերժեց վիճակը, երբ իշխող կուսակցությունը դարձել է իշխող դասակարգ: Մեր հասարակությունն ավելի առաջադեմ գտնվեց, քան քաղաքական ուժերը, որ ասում էին, թե ընտրությունները ֆարս են, պետք չէ գնալ քվեարկության, և ընդդիմադիր թեկնածուներից ոչ մեկին չէին հավատումգ Անելանելի դրություն շատ հազվադեպ է լինում, ինչպես, Աստված մի արասցե, 1937 թ.-ի ՍՍՀՄ-ում, ֆաշիստական Գերմանիայում, ԿԳԲ-ով, գեստապոյով, համակենտրոնացման ճամբարներով, մնացած դեպքերում պետք է պայքարել, պայքարը դարձնել կենսակերպ: Մարդիկ ձայն տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի, բայց կա՞ ներուժը, որը կարող է բերել արմատական փոփոխությունների` դժվարանում եմ ասել:
– Դժվարանում եք ասել, թե ի՞նչ կլինի, քանի որ չե՞ք տեսնում հարթակում կանգնածների վճռականությունը, գործողությունների հստակ ծրագիրը:
– Դա էլ կա: Ինձ համար լրիվ պարզ չէ վճռականության աստիճանը, քայլերի հաջորդականությունը, բայցգ հասարակական զորահավաք է կատարվում, որի արդյունքը կարող է նույնքան անակնկալ լինել, ինչքան փետրվարի 18-ին: Պատասխանատվությունը բերում է քաղաքական, հասարակական գործիչների հասունացման: Րաֆֆի Հովհաննիսյանն էսօր նույն Րաֆֆի Հովհաննիսյանը չէ, ինչ մինչ փետրվարի 15-ն էր, երբ ինքն էլ չէր պատկերացնում, թե ինչքան ձայն է ստանալու: Էդ պատասխանատվությունը վիճակվեց նաև Պարույր Հայրիկյանին` մահափորձի բերումով: Հասարակությունն օր օրի ավելի շատ էր սկսում ըմբռնել, որ, գլխից հանելով ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի առաջնորդներին, պետք է ընտրություն անի նրանց միջև, ով առաջադրվել է` որպես ընդդիմություն: Սահմանադրական դատարան դիմելը ժամանակ կտար հասարակությանը լիովին ուշքի գալու շոկից, որոշ չափով հավասարեցնելու իշխանության և «այլընտրանքային» թեկնածուների հնարավորությունները, շտկելու վերջիններիս մեկնարկային վատ պայմանները, բայց Հայրիկյանը չգնաց դրան: Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում զգացվում է, որ պատասխանատվությունն ավելի ու ավելի է նրան կոփում` որպես առաջնորդ:
– Հանրահավաքներին զուգընթաց` սկսել է քաղաքական նոր գործընթաց` Երևանի ավագանու ընտրություններին նախապատրաստվելը, ինչը, ոմանց կարծիքով, կարող է դառնալ հանրահավաքներին հակազդող գործընթաց: Համամի՞տ եք:
– Կա էդպիսի ենթատեքստ իշխանության խոսափողների ելույթներում. իբր, էս ընտրությունները դնենք մի կողմ, ինչ եղել է` եղել է, տղա եք, քաղաքապետի պաշտոնը վերցրեք: Ցավոք, մեր հասարակությունը նույնիսկ Ազգային ժողովի ընտրությունները չի համարում երկրի համար բախտորոշ: Օրինակ, ինձ համար ԱԺ-ն ավելի կարևոր մարմին է, քան` նախագահը, որովհետև էնտեղ պետք է մշակվի մեր զարգացման փիլիսոփայությունը: Էսօր Ազգային ժողովը նախագահի կցորդն է: Ոչ մի լուրջ քննարկում, բոլոր քվեարկությունները` կանխորոշվածգ Երևանի քաղաքապետի ընտրությունն առավել ևս համեմատելի չէ նախագահի ընտրության հետ:
– Մենք խոսում ենք ընտրակեղծիքների, ընտրախախտումների մասին, բայց ընտրական հանձնաժողովի ընդդիմադիր որևէ անդամ որևէ արձանագրություն չկազմեց, որևէ բողոք չներկայացրեց այդ մասին: Իշխող կուսակցությունն անընդհատ նշում է այդ մասին՝ ասելով, որ եթե ընտրակեղծիքներ են եղել, ապա ինչո՞ւ որևէ բողոք չի ներկայացվել: Եթե խախտումներ կային, ապա ինչո՞ւ, օրինակ, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և ՀԱԿ անդամները ստորագրեցին արձանագրությունների տակ և բողոք չներկայացրեցին:
– Գիտեմ ճնշումների բազմաթիվ դեպքեր, միջազգային դիտորդները միջանկյալ զեկույցում կասկածելի համարեցին այն, որ որտեղ արտառոց բարձր մասնակցություն է գրանցվել` իշխանական թեկնածուն է հաղթել: ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ եթե ձեր ասած 140 տեղամասերի բոլոր ձայները տանք Րաֆֆի Հովհաննիսյանին, մեկ է` Սերժ Սարգսյանն է հաղթելու: Ես էլ ասում եմ` դե, ուրեմն, թող նոր ընտրություն լինի, որովհետև ես չեմ վստահում, ոչ մեկը չի վստահում էդ ընտրական հանձնաժողովներին, ԿԸՀ-ին: Ինձ համար, որպես քաղաքացու, կա մի խնդիր` ուզում եմ իմանալ, թե ո՞վ ինչքան ձայն է ստացել` ազնիվ, հալալ-զուլալ, երբ էդ արդյունքը լինի, անկախ նրանից, թե նախորդ 5 տարիներին վարչական լծակները, մեդիա ռեսուրսը ոնց են օգտագործվել, ես կընդունեմ: Առանց փորձելու շատերի նման հետ գնալ մինչև Ավարայրի ճակատամարտ:
– Պարոն Մարտիրոսյան, պատկերացնենք մի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը չի բավարարում Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած դիմումի պահանջը, նոր ընտրություններ չեն կազմակերպվում, մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանը չի զիջում իր աթոռը: Այդ դեպքում ի՞նչ է լինելու հասարակության վիճակը, որն այսօր հրապարակում է: Արդյո՞ք լինելու է այնպես, ինչպես 2008թ.-ին եղավ:
– Շատ դժվար հարց է: Հասկանո՞ւմ եք` Րաֆֆի Հովհաննիսյանը ջարդում է քաղաքական սովորական գործընթացների տրամաբանությունը: Դա չեմ գնահատում ո՛չ որպես լավ, ո՛չ որպես վատ, ուղղակի անորոշություն կա: Ես ինքս կարծում եմ, որ քայլեր կան, որոնք արդյունքի կբերեն:
– Օրինա՞կ:
– Չեմ կարող ասել:
– Գաղտնի՞ք է:
– Չէ, ուղղակի Րաֆֆի Հովհաննիսյանն է 37-իցգ 73 տոկոս ձայն ստացել, ոչ թե` ես: Հիմա խորհրդակցություններ է անցկացնում. ի՞նչ իմանամ, ով ինչ խորհուրդ է տալիս, դրանցից որի՞ն կլսի: Հետևենք գործընթացներին և ակտիվորեն լուծումներ փնտրենք, նպաստենք արդարության վերականգնմանը:
– Այդ լուծումները ենթադրո՞ւմ են հասարակությանը չհիասթափեցնելու մասին:
– Ո՞ւմ կողմից:
– Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:
– Նա հայտարարել է, որ ինքն է ընտրված նախագահը, և դա նահանջի տեղ է թողնում: Ուրեմն, հասարակությանը կհուսադրի, բայց մի ամսից ապրիլի 9-ն է` ի՞նչ է լինելու: Պիտի ասի` «կներեք, չստացվեց, ես գնամ տո՞ւն», թե՞ պետք է ասի` «մնանք հրապարակում, մինչև բավարարվեն էս-էս-էս պահանջնե՞րը»:
– Պարոն Մարտիրոսյան, փետրվարի 18-ը գոնե որոշակիորեն փոխե՞լ է իշխանությունների մտածելակերպը:
– Ցավոք, սկսած փետրվարի 18-ի երեկոյից, մասնավորապես` ԶԼՄ-ների անաչառության առասպելը հօդս ցնդեց: Հեռուստատեսությունները սկսեցին չլուսաբանել կամ նենգափոխած մատուցել Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսներն ու գործողությունները: Դա հիմք չի տալիս ենթադրելու, որ իշխանության մտածելակերպը փոխվել է: Դա պատճառ դարձավ, որ եվրոպացի դիտորդները միջանկյալ զեկույցում փոխեն իրենց նախնական դրական գնահատականը: Հիմա ի՞նչ երաշխիք կա, որ բոլոր ճոխ խոստումները նույն բախտին չեն արժանանա, երբ որ մնանք «մենք-մերոնցով»: Ես ուզում եմ ընդգծել, որ ոչ մեկին չեմ ատում: Ուղղակի մարդիկ իրենց տեղում չեն: Ով որ երկու բառ չի կարող իրար կապել, չպետք է խորհրդարանում կամ կառավարությունում երկրի բախտը որոշի: Թող էդ շենքն իրենցից ազատեն, գնան` որպես գործարար զարգացնեն երկիրըգ Զրկվելով մենաշնորհից ու հարգելով մեր օրենքները, որ վատը չեն, կիրառողը չկագ Էդ ժամանակ երևի ՀՀԿ-ում կմնա մի 10 հոգի…
– Ո՞ւր ենք գնում, պարոն Մարտիրոսյան:
– Գնում ենք արժեքային համակարգի փոփոխության: Էսօր եթե հարցում անցկացնենք փողոցում, 10 ամենահայտնի հայաստանցիները կլինեն` մի քանի բարձրագույն պաշտոնյա, օլիգարխները, մեկ էլ ռաբիս երգիչները: Իսկ երբ նորմալ իշխանություն հաստատվի, տասնյակը կկազմեն անաչառ, առաջադեմ գործիչները, ում սիրտը ցավից կծկվում է երկիրը լքող ամեն մարդու համար: Ու կտեսնեք` մի տարվա մեջ մթնոլորտ կփոխվի, երեխաները կուզեն նրանց նմանվել, ոչ թե սերիական ու սերիալային հանցագործներին:
– Ինչպե՞ս կբնորոշեք ներքաղաքական ներկա իրավիճակը: Կարծում եք, որ հասարակական արթնացո՞ւմ տեղի ունեցավ:
– Տեղի ունեցավ: Ըմբոստացան մարդիկ: Բայց ով ընդվզել է մի անգամ՝ արդեն ուրիշ մարդ է: Ուսանողությունը ոտքի է կանգնում: Իրենց պոռթկումն է մեր հույսը, ապագայի կապիտալը: Թե չէ՝ մի իմաստուն պապիկով, անհաշտ մտավորականով կամ ամերիկյան մտածելակերպ ունեցող գործիչով բան չի փոխվի:
– Բայց հասարակությունը գրեթե միշտ լիդերներ է փնտրում:
– Թող լինեն. երեկվա ընդդիմադիր առաջնորդներին խաղից հանեցին, նոր առաջնորդ ի հայտ եկավ: Բայց առաջնորդը պետք է հենարան ունենա: Մենք էսօր երկու հանրություն ունենք: Մեկն իրազեկ է, քննարկում է, արձագանքում` սուր, հետաքրքիր: Նրա բնակավայրը վիրտուալ տարածքն է, էստեղից են նոր առաջնորդներ ծնվելու: Մյուս հանրությունը, որ համացանցից չի օգտվում, մենաշնորհյալ հեռուստատեսությունների կողմից զոմբիացման է ենթարկվում: Երբ որ էս հատվածը միանա առաջինին, ոչ մի իշխանություն չի կարողանա դիմակայել հանրային կամքին: Ի դեպ, ես ծանոթ եմ Հնդկաստանի կառավարության փորձին, որը հազար ու մի հոգս երկրորդ պլան մղելով` գյուղերում համակարգչային կենտրոններ էր բացում, որ գյուղացիները խողովակ ունենան իշխանությունների հետ ուղղակիորեն հարաբերվելու:
– Պարոն Մարտիրոսյան, այսօր հասարակությունը բաժանվել է երկու մասի` «միտինգ գնացող» և «միտինգ չգնացող», և կարծես պատերազմ տեղի ունենա այս երկու մոտեցումների միջև: Ի վերջո, ինչի՞ կհանգեցնի սա:
– Սա ֆուտբոլ չէ, որ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ֆանատներն իրար չծեծեն: (Ի դեպ, զոմբիացման մի ձև էլ ֆուտբոլի առաջնությունների հեղեղն է հայկական հեռուստաեթերում): Թող վիճեն. մենք էսօր որոշում ենք, թե ո՞վ է տնօրինելու, ո՞նց է տնօրինելու հարկերն ու գումարները, որ մեր հայրենակիցներն արյուն-քրտինքով աշխատում են արտասահմանում ու ուղարկում էստեղ: Հանրահավաքը ժողովրդավարական պայքարի ձևերից մեկն է: Հին հունական ագորայից սկսած: Բայց պետք է լինի համոզմունքների պայքար, ոչ անձերի: Ես չեմ ուզում, որ մի կաթիլ արյուն թափվի:
– Հեղափոխության սցենար տեսնո՞ւմ եք: Արդյո՞ք հեղափոխությունները սկսվում են սցենարով:
– Դեռ չէ: Բայց ես առաջվա նման հավատում եմ հրաշքին: Դա աստվածային հրաշքը չէ, բարեփոխումների աննկատելի կուտակված պահանջի պոռթկումն է: Բացարձակ չեմ հավատում, որ մեզ մոտ արաբական սցենար կլինի` տևական ցնցումներով ու արնահեղությամբ, ինչպես Սիրիայում, Եգիպտոսում: Կարծում եմ` Մարտի 1-ը կլինի բացառություն Երրորդ Հանրապետության մեջ` պայմանավորված մեկ մարդու անձով, ով էդ պահին զբաղեցնում էր հանրապետության նախագահի աթոռը:
Մենք մի լուրջ հոգեբանական խնդիր ունենք: Ձեռք բերածով ուրախանալու անկարողությունը: Էս ընտրությունների արդյունքը նույնն է, ոնց որ փողոցով գնաս ու հանկարծ քեզ մի միլիոն դոլար փող նվիրեն: Հիմա դու պետք է շվարե՞ս, գլխիդ խփե՞ս` «վայ, էս ինչ եղավ» ասելով, թե՞ ոգևորվես ու հուսավառես ուրիշներին:
– Եվ հիմա չգիտե՞նք, թե այդ փողն ի՞նչ անել, ինչպե՞ս ծախսել: Շփոթվե՞լ ենք:
– Շփոթվել ենք: Եկե՛ք գտնենք արդյունավետ ծախսելու ձևը: Փետրվարի 19-ին մենք շատ ավելի լավ երկրում զարթնեցինք, քան 18-ին, տեսանք, որ գյումրեցիների ասած` թասիբով ժողովուրդ ունենք մեր թիկունքին: Պետք է իրեն առավելագույնս ներգրավենք պայքարի մեջ: