Բաժիններ՝

Ես կամ: Դու կաս: Նա կա

Ատամների արանքից նետած` «Ի՛նչ է ուզում կինը» նյարդային արտահայտությունը մարտի 8-ից ապրիլի 7-ն արտասանվում է փոքր-ինչ այլ շեշտադրությամբ. «Ի՜նչ է ուզում կինը»: Պատասխանը ողջ տարին և միշտ նույնն է` կինն ուզում է սիրել ու լինել սիրված: Մնացածը սրանցից բխող, ածանցյալ ցանկություններ են: Սակայն կան իրավիճակներ, երբ ցանկություններդ շատ ավելի համեստ են: Օրինակ` ցանկանում ես դուրս գալ տանից, իսկ դռնից այն կողմ քայլ անելու հնարավորություն չունես. չկա թեքահարթակ: Եվ ստիպված ես սիրելու, սիրված լինելու և տանից դուրս գալու ցանկությունները համարել հավասարաչափ անիրականանալի ու դրանք հետաձգել անորոշ ժամանակով: iԿին.am կայքի խմբագիր, «Հույսի կամուրջ» կազմակերպության շահերի պաշտպանության պատասխանատու Զարուհի Բաթոյանը, հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպան Տիգրանուհի Մինասյանն ու «Արևածաղիկ» ամսաթերթի պատասխանատու, iԿին.am կայքի լրագրող Անի Պետրոսյանը նկատում են, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար բացակայող թեքահարթակն ամենևին միակ խոչընդոտը չէ:

– Դուք զբաղվում եք հաշմանդամ երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Մեր երկրում կան մարդու իրավունքների պաշտպանության բոլոր ատյանները, կան օրենքներ, ի վերջո, Սահմանադրություն: Սակայն ստացվում է, որ հաշմանդամ մարդիկ ունեն նաև լրացուցիչ պաշտպանության կարիք: 

Զ.Բ.– Թեքահարթակն ամենափոքրիկ խոչընդոտն է, որն այսօր կա Հայաստանում: Հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներն էլ ունեն ցանկություններ, և դրանք իրականում այդքան էլ համեստ չեն: Նրանք էլ ցանկանում են սիրվել, լինել գեղեցիկ և երջանիկ: Հայաստանում գործում են կարծրատիպեր, իբր հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներն այնքան էլ չեն համապատասխանում ավանդական հայ կնոջ, մոր, տնային տնտեսուհու կերպարին: Կարծում են` հաշմանդամություն ունեցող կինն ընտանիքի, երեխաների խնդիրները հոգալ չի կարող: Այսինքն` նրա օգտակարության գործակիցը նվազում է: Եվ այս պատճառով է, որ հասարակությունը մեկուսացնում է հաշմանդամություն ունեցող աղջկան: 2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցի համաձայն` ծնողներն ավելի հաճախ հրաժարվում են հաշմանդամություն ունեցող աղջիկներից, քան տղաներից: Տեսեք` մանկատանը գտնվող հաշմանդամ աղջիկների թիվն ավելի մեծ է:

Տ.Մ. – Ինքս հիմա զբաղվում եմ այսպիսի մի խնդրով. հաշմանդամություն ունեցող աղջիկը զրկված է տնից դուրս գալու իրավունքից, քանի որ ընտանիքի անդամներն արգելում են: Նրանք մտածում են` աղջիկը չի կարող ինքնուրույն տեղաշարժվել և, եթե, Աստված մի արասցե, ընկնի, ընտանիքի անդամներն են, չէ՞, հոգալու նրա լրացուցիչ կարիքները:

Կարդացեք նաև

– Ամեն դեպքում, ընտանիքի անդամների մտահոգությունը հիմնավորված է. տեղաշարժվելու բարդություն ունեցող մարդու համար` տանից այն կողմ, հատկապես, երբ նա միայնակ է դուրս գալիս, չկա ոչ մի հարմարություն: 

Զ.Բ.– Այս օրինակը, ցավոք, եզակի չէ. մատչելիության խնդիրը բոլորի համար կա, սակայն, երբ դրան գումարվում է ընտանիքի անդամների ճնշումը` չեն թողնում օգտվել համացանցից, դուրս գալ տնից, նա դրանից իրեն զգում է առավել ընկճված ու ոչ լիարժեք: Ընտանիքը պետք է օգնի իր` հաշմանդամություն ունեցող անդամին: Ես ինքս առանց որևէ մեկի ուղեկցության չեմ կարող տանից դուրս գալ, սակայն այսօր աշխատում եմ, տարբեր միջոցառումների և հանդիպումների եմ մասնակցում, որովհետև իմ ընտանիքի անդամները մշտապես ինձ հետ են, ինձ հետ են իմ գործընկերներըգ

Տ. Մ. – Շատ ցավալի է որ այսօր հանդիպում ենք բարոյական ճնշման այսպիսի դեպքերի: Հիմա արդեն հասարակության մեջ ավելի հաճախ ենք տեսնում հաշմանդամություն ունեցող մարդկանց: Կարծում եմ` պետք չէ սահմանափակել մարդու հնարավորությունները միայն այն պատճառով, որ նա ունի հաշմանդամություն:

Ա.Պ.– Երբ հասարակության անդամները կարող են քեզ օգնել` որպես իրենց կարիքն ունեցող մեկի, սիրով անում են դա: Սակայն, երբ ուզում ես հավասարվել նրանց, և դու կարող ես դա անել, քեզ այլ աչքով են նայում: Եթե երկու հոգի ունեն նույն գիտելիքները, նախապատվությունը տրվում է այն մասնագետին, ով հաշմանդամություն չունի:

Տ.Մ.– Վիեննայում էինք, երգչախմբով հյուրախաղերի էինք գնացել: Այնտեղ ամեն քայլափոխի կարող էիր հանդիպել սայլակ օգտագործող մարդկանց: Դա այնքան սովորական էր ընկալվում: Կուզեի մեզ մոտ էլ այդպես լիներ. լիներ մատչելի տրանսպորտ, մարդիկ հաճախ դուրս կգային տանից, և հասարակության աչքն էլ կսովորեր:

– Այսօր մարդիկ արտագաղթում են տարբեր պատճառներով: Կա՞ն հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնք արտագաղթեն միայն այն պատճառով, որ այստեղ չկան նրանց կյանքի համար ամենաանհրաժեշտ հարմարությունները: 

Զ.Բ. – Միայն երեքին անձամբ եմ ճանաչում: Ինքս բազմիցս եղել եմ Եվրոպայում, ԱՄՆ-ում. շատ դժվար է հարմարությունների սովորել ու վերադառնալ Հայաստան: Երբ ԱՄՆ-ում ինձ սայլակ տրամադրեցին, որպեսզի տեղաշարժվելու հնարավորություններս ավելի մեծանան, ես մեկ ամիս շարունակ ինքնուրույն և անկախ կյանքով էի ապրում մեն-մենակ, ինչպիսի կյանքով երբեք չեմ ապրել այստեղ: Երբ վերադարձա Հայաստան, սայլակը դարձավ իմ հնարավորությունները սահմանափակող մի բան. այստեղ սայլակով չեմ կարող միայնակ տանից դուրս գալ ու շրջել, որևէ տրանսպորտային միջոցից օգտվել: Այս դեպքում շատ դժվար է հարմարվել. ստացվում է` մարդիկ ոչ թե ապրում են, այլ ինչ-որ կերպ գոյատևում: Ես ճանաչում եմ մարդկանց, ովքեր հեռացել են Հայաստանից, արտասահմանում ունեն ինչ-ինչ դժվարություններ, սակայն պատրաստ են անգամ զրկանքների, փոխարենն ազատ տեղաշարժվում են, ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ:

– Մարտի 8-ին բացվեց հաշմանդամ կանանց և աղջիկների համար առաջին բլոգը` iԿին.am: Նպատակը հասկանալի է` ունենալ ընդհանուր տարածություն` զրուցելու միմյանց հետ, սեփական ձայնը լսելի դարձնելուգ

Զ.Բ. – Չեն երևում հաշմանդամություն ունեցող այն կանայք ու աղջիկները, որոնք իրենց լիարժեք են զգում, ունեն կրթություն, համարձակ են, կարող են բարձրաձայն խոսել իրենց խնդիրների մասին, չամաչել դրանից: Ներքին սահմանափակումները մեր շատ կանանց ու աղջիկներին ստիպում են մեկուսանալ: Ինքս լրագրող եմ և սիրում եմ շփվել մարդկանց հետ, նոր բաներ իմանալ ու իմ գիտեցածը փոխանցել: Ցանկություն առաջացավ հաշմանդամություն ունեցող մյուս կանանց ու աղջիկներին խրախուսել` չմեկուսանալ:

Ա.Պ. – Կան սոցցանցեր, և թվում է` շփվելու մեծ հնարավորություն կա, կան բազմաթիվ կայքեր, սակայն փորձեք գտնել մի էլեկտրոնային պարբերական, որտեղ շոշափում են հաշմանդամություն ունեցող կանանց խնդիրները: Օրինակ` ամենուր կան տեղեկություններ ձեռքերի խնամքի մասին, սակայն չկա անդրադարձ սայլակ օգտագործող կնոջ ձեռքերի խնամքին: Իսկ այս դեպքում ձեռքերին հաճախ կոշտուկներ են առաջանում` անիվները պտտելիս: Կան բազում նման նրբություններգ Ես ինձ լավ եմ զգում, որ իմ փորձով, իմ հոդվածներով կարող եմ օգնել ինչ-որ մեկին, որն ինձ չի ճանաչում և գուցե երբեք էլ չճանաչի: Թվում է` պրիմիտիվ հարցեր են, բայց այնքան կարևոր են նման խնդիր ունեցող կանանց համար:

Զ.Բ. – Մենք ուզում ենք, որ հաշմանդամություն ունեցող կանայք ու աղջիկներն իրենք դառնան հեղինակներ, կիսեն իրենց պատմությունը, իրենց հաջողությունները: Շատ կարևոր է, որ մարդը գտնի համացանցում մի բան, որը հատկապե՛ս իր համար է: Եվ հաշմանդամություն ունեցող կինն ամենից լավ կարող է հասկանալ նույն խնդիրներն ունեցող մեկ այլ կնոջ և խորհուրդ տալ` ինչպես խնամել երեխային, ինչպես գնալ բժշկի, ինչպես վարվել առաջին աշխատանքային օրը, ինչպես ավելի հեշտացնել կենցաղը և այլն:

– Երեկ «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքի շնորհանդեսն էր: Մայր դառնալու ցանկությունը հատուկ է, թերևս, բոլոր կանանց` անկախ սոցիալական աստիճանից, առողջական վիճակից: Ինչո՞ւ առաջացավ այս իրավունքը բարձրաձայնելու անհրաժեշտություն:

Զ.Բ. – Եթե յուրաքանչյուրն իր ծանոթների շրջանում փոքրիկ հարցում անցկացնի, կտեսնեք, որ հաշմանդամություն ունեցող մարդկանցից ընտանիք ունեն հիմնականում տղամարդիկ: Եթե կանայք երբեմն ամուսնանում էլ են, ապա ամուսնանում են, որպես կանոն, հաշմանդամություն ունեցող տղամարդկանց հետ: Սա վիճակագրություն է, որը խոսում է մարդկանց վերաբերմունքի մասին: Հասարակությունը հաշմանդամություն ունեցող կնոջը չի համարում գրավիչ, սեքսուալ, գեղեցիկգ Թվեցինք բազում խոչընդոտներ, սակայն մեծ խնդիր է նաև առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Կանանց համար նախատեսված ծառայությունները չեն ներառում հաշմանդամություն ունեցող կանանց կարիքները: Անց են կացվում սեմինարներ վերարտադրողական առողջության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և այլ խնդիրների մասին, սակայն դրանք հաշմանդամություն ունեցող կանանց համար մատչելի չեն. կան մարդիկ, ունեն լսողության, տեսողության խնդիրներ, կա՛մ դասընթացն անց է կացվում այնտեղ, որտեղ մուտք չի կարող ունենալ սայլակ օգտագործող մարդը, կա՛մ դասընթացը բավականաչափ մատչելի չէ մտավոր խնդիրներ ունեցող կանանց համար, և այլն: Հավատացե՛ք, հաճախ անգամ բժիշկները հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերվում են` որպես նորմայից դուրս մեկի: Նրանք դժվարանում են ճիշտ վերաբերմունք, հաճախ` նաև բժշկական օգնություն ցուցաբերել հաշմանդամություն ունեցող կանանց: Եթե բոլորը գիտակցեն, որ երջանկությունը մեկն է կնոջ համար` լինել սիրված և սիրել: Դրան հասնելու ճանապարհները, դժվարությունները շատ են: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուր կին, աղջիկ փնտրի ու անպատճառ գտնի այդ ճանապարհը:

Նկարում՝ Զարուհի Բաթոյանը, Տիգրանուհի Մինասյանը և Անի Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս