Բաժիններ՝

Թուրքիայի թերթաքարային գազի պաշարները նրան կբավականացնեն 40 տարի. TPJD

Вести Экономика-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի թերթաքարային գազի պաշարները կազմում են 1.8 տրիլիոն խորանարդ մետր: Դա Թուրքիային կբավականացնի 40 տարի՝ հաշվի առնելով, որ ներկայումս գազի տարեկան սպառումը կազմում է 45 միլիարդ խորանարդ մետր: Այս մասին նշված է Թուրքիայի նավթագործների-երկրաբանների ասոցիացիայի (TPJD) պատրաստած զեկույցում:

TPJD-ի նախագահ Իսմայիլ Բախթիյարը հայտարարել է, որ Թուրքիան ունի թերթաքարային գազի զգալի պոտենցիալ, ինչը հատկապես վերաբերում է Թրակիային ու հարավ-արևելյան շրջաններին:

Նա հավելել է, որ նշված թիվը վերաբերում է միայն Թրակիային ու հարավ-արևելյան շրջաններին, մինչդեռ թերթաքարային գազի պաշարներ առկա են նաև արևելյան, սևծովյան շրջաններում, Անկարայում, Տավրոսի լեռներում.

«Թերթաքարային գազն ամբողջովին չի հանդիսանում բնական գազին այլընտրանք, սակայն ունի բնական գազի հատկությունները: Սովորական հորատումն արժենում է 2-3 միլիոն դոլար, թերթաքարային գազի արդյունահանումը շատ ավելի թանկ է: Եվ չնայած դրան՝ թերթաքարային գազի պաշարները կարող են նվազեցնել նավթի ու բնական գազի գինը»:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջերին էլ ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից Էներգետիկ տեղեկատվության ղեկավարման կենտրոնի պատրաստած զեկույցում նշված էր, որ Թուրքիայի թերթաքարային գազի պաշարները գնահատվում են 424 միլիարդ խորանարդ մետր. «Թուրքիայում գազի տարեկան սպառումը կազմում է 45-50 միլիարդ խորանարդ մետր, ինչը նշանակում է, որ թերթաքարային գազի տվյալ քանակը նրա համար կարող է ծառայել որպես մոտ 10 տարվա ռեզերվ:

Թուրքիայում թերթաքարային գազի պաշարներ հայտնաբերվել են երկու տարածաշրջաններում՝ Մարմարայում և հարավ-արևելքում: Մասնավորապես, Դիարբեքիրի ու Մարդինի նահանգների միջև ընկած Դադաշ շրջանում առկա է 254 միլիարդ խորանարդ մետր թերթաքարային գազ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս