«Այն ամենն, ինչ այսօր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ միայն իր քվեներն են և բարևը»
Հարցազրույց քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանի հետ, Նյու Յորք
– Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք տեսնում հայաստանյան հետընտրական գործընթացներում: Արդյո՞ք պատմությունը կկրկնվի, և ինչպես 2008թ.-ին` հասարակությունը հուսահատ ու հիասթափված կընկրկի:
– Իշխանության շանսերը` հերթական հաղթանակը տոնելու, փոքր չեն, սակայն փոքր չեն և նորադեմ ընդդիմության հաղթանակի շանսերը: Ամեն բան մի քանի գործոնների համադրությունից է կախված, որը և որոշիչ կդառնա: Թե ինչպես կդասավորվեն խաղաքարտերը` այս պահին դեռևս որևէ մեկը չի կարող ասել: Հեղափոխությունները տեղի են ունենում անակնկալ, հաճախ` սպասելիքներին և տրամաբանությանը հակառակ: Որևէ իշխանություն, մինչև վերջին պահը, չի կարծում, որ հակառակորդը հաջողության կհասնի: Մյուս կողմից` ձախողված հեղափոխությունների շարքը նույնքան երկար է` որքան հաջողվածներինը: Ամեն պարագայում` իշխանության համար առավել վտանգավոր իրենց դրսևորում են ոչ թե լևոնիզմի, այլ բարևիզմի հետևորդները: Պատմական հետագիծը ցույց է տալիս, որ կրկնվող ձախողումները նման են անընդհատ ընկնող կաթիլների, որոնք վերջիվերջո հաջողում են ծակել քարը: Հինգ տարին մեկ կրկնվող ցնցումները կարող են սասանել անգամ ամենահզոր իշխանությունների հիմքերը: Հեռատես իշխանությունը, տեսնելով այդպիսի վտանգը` ինքն է ծակում այդ քարը` նախաձեռնությունը վերցնելով ձեռքը և երկարացնելով սեփական կյանքը: Հակառակ պարագայում` ամեն բան ունի սկիզբ և վերջ, իսկ վերջը մեր կյանքում անխուսափելի է: Այս պահին ես իշխանության կողմից կոմպրոմիս չեմ տեսնում: Չեմ բացառում, սակայն, որ ինչ-որ պահի այն կարող է լինել:
– Կարծիք կա, որ Րաֆֆի Հովհաննիսյանը գործողությունների որևէ ծրագիր չունի, և գոնե այս պահին «Ժառանգությունն» առաջնորդվում է, ինչպես ասում են` «ժողովրդին տաքացնելու» սկզբունքով:
– Ժողովրդին «տաքացնելը», թերևս, նույնպես ծրագիր է, և այն երբեմն կարող է բավական արդյունավետ ծրագիր լինել: Ակնհայտ է, որ ընդդիմության նոր լիդերը նոր մարտավարություն է որդեգրել: Դժվար է ասել, այդ ծրագիրը լավ մտածվա՞ծ է, թե՞ հընթացս է իրականացվում, սակայն նոր ուղեգծի առկայությունն անհնար է հերքել:
– Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվե՞լ է ստանալ ընդդիմության լիդերի տիտղոսը: Արդյո՞ք նա նույն ճանապարհով չի գնում, ինչ տարիներ առաջ` ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
– Հովհաննիսյանը նույն ճանապարհով չի գնում: Պետք է սպասել և տեսնել, սակայն, թե ո՞ւր կհասցնի նրան իր այդ այլ ճանապարհը: Այնտեղ, որտեղ հանգրվանել են Արտաշես Գեղամյանը, Արթուր Բաղդասարյանը և Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, թե՞ մի նոր նշակետ:
– Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կոմպրոմիսի գնա իշխանությունների հետ, ենթադրենք` նոր կոալիցիա ձևավորվի, կամ նոր կառավարությունում մի քանի պորտֆելներ ստանան, այդ դեպքում որքանո՞վ կօգնի Րաֆֆի Հովհաննիսյանի խարիզմը` հրապարակում հավաքված հասարակությանը վստահեցնելու, որ դա էր ճիշտ ճանապարհը:
– Եթե Հովհաննիսյանը գնա կոմպրոմիսի վերոնշյալ տարբերակներով` դա կարող է տարբեր արձագանքներ առաջացնել: Եթե մի քանի երկրորդական պորտֆելներ առաջարկվեն նրան, և այդ առաջարկներն ընդունվեն, ապա ավարտն, անշուշտ, նման կլինի նախկինում հրապարակը լցրած այլ առաջնորդների ճակատագրին` մասնավորապես` օրենքների երկիր կառուցած մարդու և կամ հակամոնղոլ-թաթարական խաչակրի արշավին: Եթե ընդդիմությանն առաջարկվի կառավարության ղեկավարի պաշտոնը` ապա դա այլ հանգամանք է, որի պարագայում հետևորդներին հնարավոր կլինի բացատրել միայն սեփական գործողություններով: Սակայն այսպիսի զիջումն ինձ այս պահին քիչ հավանական է թվում:
– Պարոն Մարտիրոսյան, մյուս կողմից` «Ժառագություն» կուսակցության անդամները նշում են, որ սա ընտրական հեղափոխություն է, թեև ոմանք կարծում են, որ սա Նարնջագույն հեղափոխության սցենար է, ոմանք էլ Արաբական հեղափոխությունների սցենարի հնարավոր իրագործման մասին են մտածում: Կա՞ արդյոք հեղափոխության սցենար:
– Ես չգիտեմ, թե ի՞նչ է «ընտրական հեղափոխությունը»: Արաբական հեղափոխություններում սցենար չկար: Սցենարը հրապարակ եկավ, երբ դրանք նախաձեռնեցին տեղում գտնվող անհայտ տարրերը: Սցենարիստները սկսեցին իրենց աշխատանքը` իրենց համար հենարան տեսնելուց հետո միայն: Նարնջագույն կամ Վարդերի հեղափոխության հոտ այստեղից չի գալիս: Հովհաննիսյանի հայտարարությունները Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի վերաբերյալ նրան զրկում են նարինջ կամ վարդեր ստանալու հնարավորությունից: Իսկ առանց ֆինանսական միջոցների և դրսից այլ սատարման` գունավոր հեղափոխություններն անհնար են: Դատելով հետընտրական պայքարից` այն ամենն, ինչ այսօր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը` միայն իր քվեներն են և բարևը: Իսկ ինչպես հռչակում է ցածրաճաշակ հայկական ասացվածքը` բարևն անգամ մարդունը չէ: Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպիսով, մնում են միայն իր քվեները: Եվ նրա միակ խաղաքարտը դա է:
– Ի վերջո, ի՞նչ է շահելու հասարակությունն այս ամենից:
– Հասարակությունն արդեն շահել է: Սերժ Սարգսյանն իր ելույթներում բազմիցս արտահայտվել է այն մասին, որ ցանկանում է ուժեղ ընդդիմություն տեսնել, որպեսզի իշխանությունը զգոն և զգաստ լինի: Այժմ` նախագահի այդ իղձն իրականություն է դարձել, և այդ առումով` հասարակության` իշխանամետ և ընդդիմադիր հատվածների շահերը համընկել են: