
«Ձեր ելույթներից քաղաքացին միայն ամոթ է զգում, Շարմազանովի ելույթից՝ արժանապատվության զգացում». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հակադարձեց իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանին։
Նա իր ելույթի սկզբում նշեց, որ հավանաբար քաղաքացիների մոտ հարցեր կառաջանան, թե ո՞վ է Սարգիս Խանդանյանը, ուստի նրանց տեղեկացնելու համար ասաց՝ ԱԺ արտաքին հարաբերությունների նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն է։
«Պարոն Խանդանյանը խոսում էր «իսպանական ամոթից», դե դուք դա շատ պետք է զգացած լինեք, հույս ունեմ, որ զգացել եք, երբ Պրահայում Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի կազմում էր ճանաչում, երբ ՄԱԿ-ում Հայաստանին հակադարձում էին Փաշինյանի ասածներով, կամ երբ գնացել եք Ջերմուկ, Սյունիք կամ Գեղարքունիք։ Կամ էլ՝ եթե ցանկություն առաջանար Արցախ գնալու, այդ ժամանակ պետք է որ «իսպանական ամոթ» զգայիք։
Սարգիս Խանդանյանն ասում է, որ իբր ես խնդրել եմ եվրոպացիներին քվեարկել այդ օրինագծի դեմ։ Նախ, որևէ մեկին չեմ դիմել, բայց ես ու իմ գործընկերները շատ անգամներ ենք խնդրել, համոզել, բացատրել եվրոպացի մեր գործընկերներին քվեարկել հայանպաստ բանաձևերի համար»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Շարունակելով, Հայկ Մամիջանյանն ասաց, որ ՀՀԿ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանը համատեղ բանաձևում ավելացրել են արցախցիների վերադարձի իրավունքի հիշատակումը։
«Դուք չասացիք, որ այդ հայտարարության մեջ Արմեն Աշոտյանը վերահաստատվում էր՝ որպես քաղբանտարկյալ։ Այո, այդ ժամանակ իմ ընկերները Մոսկվայում ֆաշիզմի դեմ տարած պայքարի համար կազմակերպած միջոցառման էին։ Կարծում եմ՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասն այնտեղ լսել է Շարմազանովի ելույթը ու տեսել, թե մենք ինչպես ենք պատասխանում Ադրբեջանին։
Իսկ դուք, երբ ձեր ադրբեջանցի գործընկերն անձնապես ձեզ է վիրավորում, չեք հակադարձում, էլ ուր մնաց՝ Հայաստանի մասին արտահայտություններին պատասխանեք։ Ձեր ելույթները մեր քաղաքացիների մոտ ամոթ են առաջացնում, իսկ Շարմազանովի ելույթը՝ հույս և արժանապատվության զգացում»,- ընդգծեց Շարմազանովը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում