
Տիգրան Կարապետյանը չի բացառում, որ կարող է միանալ Րաֆֆի Հովհաննիսյանին

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դրական է վերաբերում Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, Ազատության հրապարակում իրենց քվեի համար պայքարող մարդկանց: 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տիգրան Կարապետյանը:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեք միանում պայքարին, Տիգրան Կարապետյանը պատասխանեց. «Ես դրական եմ վերաբերվում, պարզապես խնդիրներ կան, որ պետք է վստահ լինենք հարյուր տոկոսով, հենց վստահ լինենք, կմիանանք, իրենց կողքին կլինենք»:
Դիտարկմանը, թե կոնկրետ ի՞նչն է Ձեզ այս պահին խանգարում միանալու համար, Տիգրան Կարապետյանը պատասխանեց կարճ. «Չեմ ուզում հիմա մանրամասնել: Ժամանակը կգա, կերևա»:
Ինչ վերաբերում է նախագահի նախկին թեկնածու, իրեն որպես էպոսագետ ներկայացնող Վարդան Սեդրակյանին կալանավորելու հանգամանքին, Տիգրան Կարապետյանն ասաց, թե չի համարում, որ Սեդրակյանը լինի հանցագործության պատվիրատուն: Նրա խոսքով՝ Պ. Հայրիկյանի մահափորձը շինծու է, կատարված իշխանության կողմից: