Այծի պանրի բակտերիաներն ուղարկվելու են Ռուսաստան, ինչի համար շատ փող է պետք
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, Հայաստանում այծի պրոբիոտիկ պանիր կարտադրվի: Այծի պրոբիոտիկ պանիրը կարող է լուծել մարդու օրգանիզմում առաջացած դիսբակտերիոզի խնդիրը և նպաստել մարդու իմունիտետի բարձրացմանը: Այս նորարարությանը հանգել են մի խումբ հայ երիտասարդ գիտնականներ:
Պանրի պատրաստման համար նրանք ընտրել են հենց այծի կաթը, քանի որ այն մայրական կաթի փոխարինիչն է, ինչպես նաև այն, առանց արհեստական կոնսերվանտների և հավելումների, ունի ավելի երկար պահպանման ժամկետ: Պրոբիոտիկ պանիրը կարող են օգտագործել նաև առողջական խնդիրներ չունեցող մարդիկ, քանի որ այն պարզապես շատ օգտակար է: Սակայն պանրի արտադրությունը դեռևս կձգձգվի. արտոնագրման և հեղինակային իրավունքներ ստանալու համար անհրաժեշտ է կատարել գենետիկական անալիզներ: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց TECTVM հ/կ-ի հիմնադիր նախագահ Անահիտ Մանասյանը՝ նշելով, որ մինչև այդ գործողությունը չկատարվի, իրենք չեն կարող դիմել արտոնագիր ստանալու համար, միայն դրանից հետո կարող են սկսել արտադրությունը:
Ա. Մանասյանի տեղեկացմամբ, իրենք արդեն իսկ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հայաստանյան մի ընկերության հետ, որը պետք է զբաղվի նոր տեսակի պանրի արտադրությամբ:
«Մենք արտոնագրման փուլում ենք, սակայն մի շարք դժվարություններ կան հեղինակային իրավունքի ձեռքբերման հետ կապված: Դրա համար մեր ստեղծածը պետք է ուղարկենք Ռուսաստան, իսկ դա հավելյալ միջոցներ է պահանջում»,- ասաց Ա. Մանասյանը: Ռուսաստանում նորույթի միայն իդենտիֆիկացման համար անհրաժեշտ է շուրջ 150 հազար դրամ, դրան գումարած՝ ճանապարհածախսը, ապրելավարձը և այլն: Այս ծախսերի մի մասը նրանք կփորձեն լուծել իրենց ծանոթների և ընկերների միջոցով:
«Մենք փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով գումար հայթայթել»,- ասաց Ա. Մանասյանը՝ նշելով, որ այդ առնչությամբ իրենք տարբեր կառույցների են դիմել:
Տեղեկացնենք, որ Հայաստանում առաջին անգամ անցկացվող StartUp Cup մրցույթում ներկայացված բազմաթիվ բիզնես մոդելներից հաղթող է ճանաչվել հենց TECTVM հասարակական կազմակերպության երիտասարդ գիտնականների խումբը` ներկայացնելով Հայաստանում այծի պանրի արտադրության բիզնես մոդելը: Այծի պրոբիոտիկ պանիրը դիսբակտերիոզի կանխարգելման և իմունիտետի բարձրացման համար նախատեսված արտադրատեսակ է, որը կարող է օգտագործվել թե՛ բուժման ընթացքում, թե՛ դրանից հետո:
Ծրագիրն իրականացնելու համար երիտասարդները StartUp Cup մրցույթի արդյունքում ստացան 1 մլն 200 հազ. դրամ: Ավելին՝ տես հղումը։