Հովհաննես Սահակյանը վստահ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է

«Ընտրությունները կազմակերպելու գործառույթները դրված են իշխանությունների վրա: Իշխանությունները չեն կարողանում դա անել, և նրանք պետք է ընդունեն դա: Եթե կարողանային, պետք է Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրապարակում չլիներ, այլ շնորհավորելիս լիներ: Իշխանություններն  են պատասխանատու անորակ ընտրությունների համար»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Նա նշեց, որ  վատ ընտրությունների պատճառը բոլորովին էլ օրենսդրությունը չէ, ամենավատ օրենքով անգամ  կարելի է ամենալավ ընտրությունն անել: «Սովետական Միության  օրենքները բոլորովին էլ լավը չէին, բայց  այդ օրենքներով մենք ընտրություններ են անցկացրել, որոնք վիճարկելի չեն եղել»,- ասաց իրավապաշտպանը:  Նա նշեց, որ Հայաստանում ընտրություններից հետո միշտ լինելու են բողոքներ: Դա խոսում է այն մասին, որ իշխանությունները չեն կարողանում իրենց գործառույթը ճիշտ կազմակերպել:  Նրա խոսքերով, իշխանությունները չեն կարողանում կազմակերպել այնպիսի ընտրություններ, որոնք կասկածի տակ չեն դնի ընտրվողի հաղթանակը: Նա նշեց, որ բոլոր երկրներում էլ լինում են դժգոհողներ, սակայն խնդիրն ամբողջական պատկերի մասին է:

Ասուլիսի մյուս մասնակցին`ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին, դուր եկավ Վարդան Հարությունյանի հնչեցրած այն միտքը, թե ընտրություններից հետո ամեն տեղ լինում են դժգոհողներ: Նա շեշտեց, որ դժգոհողներ միշտ էլ լինում են ընտրություններից, բայց հենց խնդիրն այն է, որ պարտվողն իր մեջ ուժ ունենա արժանապատվորեն ընդունել իր պարտությունը և շնորհավորել հաղթողին: Հ. Սահակյանը հիշեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի օրինակները: «Ժողովրդավարությունը, քաղաքակրթությունը կայանում է նրանում, որ պարտվող կողմը կարողանա արժանապատվորեն ընդունել իր պարտությունը, և, ինչո՞ւ չէ, նաև ձեռք սեղմելով՝ շնորհավորի: ԱՄՆ-ի պատմության մեջ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ 3-4 ձայն տարբերությամբ կամ, մինչ օրս, Ֆլորիդա նահանգի ձայները չամփոփելով, պարտվող թեկնածուն շնորհավորել է հաղթողին»,- հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավորը: Վարդան Հարությունյանն էլ հակադարձեց, որ շնորհավորում են մրցակցին այն ժամանակ, երբ վստահ են լինում, որ իրականում նա է հաղթել, այնինչ Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ ինքն է հաղթել: «Դուք վստա՞հ եք, որ ինքը վստահ է, որ ինքն է հաղթել: Ես վստահ չեմ, որ ինքը վստահ է, որ ինքն է հաղթել»,- արձագանքեց Հովհաննես Սահակյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս