Ամեն ինչ արվել է, որ գործը չբացահայտվի. սպանվածի իրավահաջորդի ներկայացուցիչ
Երևանում, «Էթնա» ռեստորանային համալիրի մոտակայքում կատարված սպանության գործն, ասենք, Դատախազության դպրոցում կարելի է որպես օրինակ ցուցադրել, թե ինչպես չի կարելի քրեական գործը քննել և դատավարական ղեկավարում իրականացնել: Այսպիսի կարծիքի է սպանված 27-ամյա Արսեն Շահբազյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը: Նա հայտարարեց՝ գործի քննությունը հանձնարարվել էր ոչ փորձառու քննիչի, ամեն ինչ արվել էր, որ գործը չբացահայտվի:
Կողմը գտնում է, որ հետաքննության ու նախաքննության մարմինների կողմից սպանության գործով ոչինչ չի արվել: Մասնավորապես, մարդաշատ վայրում կատարված սպանության գործով դեպքի վայրի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի աշխատողները չեն հարցաքննվել, տարածքի արագաչափերի տեսաձայնագրությունները չեն հետազոտվել, հեռախոսային վերծանումներ չեն արվել: Դաժան ծեծի ու դրա հետևանքով սպանության ակտիվ մասնակիցներից նախաքննական մարմինը չի էլ փորձել պարզել, թե դեպքի վայրում հայտնաբերված թմրամիջոցն առնչություն ունի իրենց հետ, թե ոչ: Միայն փորձել են պարզել, թե սպանվածը թմրամիջոց օգտագործել է, թե ոչ:
Գործով երեք անձի մեղադրանք էր առաջադրվել, նրանք կալանավորվել էին, սակայն նրանց նկատմամբ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել, իսկ 20 օր անց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ցուցումով նրանց խափանման միջոցը փոխվել է, կալանքից ազատվելու հաջորդ օրն իսկ երեքն էլ դիմել են քննիչին ու հայտնել, որ բանկի հետ ֆինանսական խնդիրներ ունեն և խնդրում են վերադարձնել իրենց անձնագրերը, ինչը և արվել է: ՀՀ նախագահական ընտրությունների հաջորդ օրը Վերաքննիչ դատարանը բավարարել է 4-րդ՝ խուլիգանության մեջ մեղադրվող անձի՝ գրավով կալանքից ազատ արձակելու միջնորդությունը: Այսպիսով, ըստ տուժող կողմի ներկայացուցչի, սպանությանը հանգեցրած դաժան ծեծի 4 ակտիվ մասնակիցներն այսօր ազատության մեջ են, ևս երկուսը՝ մեկը դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և մյուսը՝ խուլիգանության մեղադրանքով, գտնվում են հետախուզման մեջ:
Կողմը վերոհիշյալ մտահոգությունների վերաբերյալ բազմիցս բողոքներ է ներկայացրել, և «միակ բանը, որ հասանք, գործը ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղափոխվել է ոստիկանության Երևանի քննչական վարչություն»:
Դեպքը տեղի է ունեցել 2012թ. հոկտեմբերի 18-ին, տուժողին բառացիորեն «ջարդուփշուր» արած դաժան ծեծը սկիզբ է առել թեթև վիճաբանությունից՝ մեքենաներն իրար կպչելու հետ կապված: