
«Մարդիկ փոփոխություններ են պահանջում, և այդ փոփոխությունները պետք է սկսել ժողովրդի քվեն ստացած իշխանության ձևավորումից». ՀԺԿ հայտարարությունը

Հայաստանի ժողովրդական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.
«Փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները ոչ թե դարձան մեր երկրի նորագույն պատմության լավագույն ընտրությունները, ինչպես խոստանում էին իշխանությունները, այլ ընդամենը համալրեցին կեղծված ընտրությունների ցանկը:
Այդպես էլ պետք է լիներ, քանի որ այս իշխանություններն ու արդար ընտրությունները անհամատեղելի հասկացություններ են:
Ի՞նչ ժողովրդավարական ընտրությունների մասին կարող է խոսք լինել, երբ իրենց տեղերում են նախորդ ընտրությունների կեղծիքների կազմակերպիչները: Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել մարտի 1-ի սպանդը իրականացնողները: Եվ մենք, ինչպես գիտեք, չմասնակցեցինք այդ ընտրություններին, քանի որ մեղմ ասած, երաշխավորված չէր արդար ընտրական գործընթացի ապահովումը:
Փետրվարի 18-ին մեր հասարակությունը մերժեց գործող վարչախմբին: Մերժեց այն վարչախմբին, որի կառավարման տարիների ընթացքում երկրում աճել է աղքատությունը, խորացել սոցիալական բևեռացումը: Մերժեց այն իշխանությանը, որը մարդկանց դատապարտում է անհուսության և արտագաղթի:
Փետրվարի 18-ին մեր ժողովուրդը ոչ ասաց երկրում առկա քրեաօլիգարխիկ համակարգին, կեղծիքին, ընտրակաշառքին և վերատիրացավ իր արժանապատվությանը:
Փետրվարի 18-ի ընտրությունները և դրան հաջորդող իրադարձությունները շատ հստակ ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը մտադիր չէ նվաստացած ապրել իր երկրում և թույլ չի տա բռնանալ իր կամքի վրա: Մարդիկ փոփոխություններ են պահանջում, և այդ փոփոխությունները պետք է սկսել ժողովրդի քվեն ստացած իշխանության ձևավորումից:
ՀԺԿ-ն, ինչպես միշտ, կլինի ժողովրդի կողքին և կշարունակի պայքարել հանուն արդարության և արժանապատվության հաղթանակի»: