Ռուսաստանի կառավարությունը Վրաստանի դրոշներ է գնում՝ Բիձինա Իվանիշվիլիի մոսկովյան այցի համար

Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարական ապարատը Վրաստանի դրոշներ է գնում՝ Սպիտակ տան (Ռուսաստանի կառավարության շենք) բանակցային սենյակը զարդարելու համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի կառավարությունում առկա աղբյուրը:

Շաբաթվա վերջին Պրահայում տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը: Սպիտակ տունն անգամ գնել է վրացական երեք դրոշ, եթե Թբիլիսիից ժամանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Աղբյուրը հայտնել է, որ դրոշների գնումն իսկապես վկայում է այն մասին, որ Մոսկվայում Վրաստանի վարչապետին սպասում են արդեն իսկ այս տարի: Աղբյուրը հավելել է, որ Իվանիշվիլիի մոսկովյան այցի ժամկետն ու մանրամասները դեռ գտնվում են քննարկման փուլում՝ ընդգծելով, որ դեռ հայտնի չէ, թե այդ հանդիպման ժամանակ ով կներկայացնի Ռուսաստանի կառավարությունը:

Բիձինա Իվանիշվիլիի մամուլի ծառայությունը հերքել է այս տեղեկատվությունը՝ նշելով, որ տվյալ փուլում պլանավորված չէ վարչապետի ռուսական այց:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի  երկրորդ հանդիպումը Պրահայում տեղի է ունենալու մարտի 1-ին:

Տեսանյութեր

Լրահոս