Բաժիններ՝

«Երկուսի իրավունքն էլ հարգում եմ, ընդունում եմ, ճանաչում եմ, գլխիս վրա տեղ ունեն»

«Բախշյանն Անահիտը հիմա կրթության հարցերին է նվիրված, պատրաստ եղեք, որ նա այլևս ուրիշների համար չի աշխատելու, ուրիշներն են իր համար աշխատելու»,- քիչ առաջ Մեծամորում հանդիպման ժամանակ ասել էր «Ժառանգության» առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: 168.am-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց կուսակցության անդամ Անահիտ Բախշյանից: Մինչ հարցին պատասխանելը տիկին Բախշյանը բավական երկար ծիծաղեց, հետո փորձեց բացատրել, թե ի՞նչ էր նկատի ունեցել իր կուսակցության ղեկավարը:

«Ես միշտ էլ  աշխատել եմ մեր երկրի համար, ուրիշներ ասելով՝ Րաֆֆին, վստահ եմ, նկատի ունի այն մարդկանց, ովքեր մեր երկրի շահերի համար չեն աշխատում: Ես աշխատում եմ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, չեմ պատրաստվում հրաժարական տալ, որովհետև դա քաղաքականության հետ կապ չունի: Կրթության քաղաքականության պատասխանատու ինստիտուտ է, և ես այնտեղ միայն կրթության խնդիրներով եմ զբաղվում»,- ասաց Անահիտ Բախշյանը: Վերջինս նշեց նաև, որ այս պահին արձակուրդ է վերցրել, որպեսզի կարողանա մասնակցել Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններին: «Ես գործի տեղը քաղաքականությամբ չեմ զբաղվում: Սկզբում չեմ կարողացել մասնակցել այցերին, հիմա արձակուրդ եմ վերցրել, որ այս շաբաթ Րաֆֆիի հետ մարզերով գնամ»,- ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը:

Պատասխանելով այն հարցին, թե իբրև կրթության ոլորտի պաշտոնյա՝ ինչպե՞ս է վերաբերվում  այն ուսանողների դասադուլին, ովքեր համարում են, որ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքները կեղծվել են՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց, որ որևէ գնահատական չի ցանկանում տալ, քանի որ Սահմանադրությամբ երիտասարդն ունի և՛ կրթության, և՛ ընդվզման իրավունք: «Երկու իրավունքն էլ ունի Սահմանադրությամբ: Եթե ուսանողն ընտրում է բողոքի այդ ձևը՝ դա իր իրավունքն է: Ես կողմ եմ, որ մարդը տեր կանգնի իր իրավունքին: Ով ուզում է դասի գնալ՝ դա է ընտրում, ով ուզում է դասադուլ անել՝ դա է անում, երկուսի իրավունքն էլ հարգում եմ, ընդունում եմ, ճանաչում եմ, գլխիս վրա տեղ ունեն»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս