Ստամբուլում անցկացվել է ակցիա՝ ընդդեմ հայերի նկատմամբ ատելություն սերմանելու
Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթը, վկայակոչելով թուրքական Demokrat Haber լրատվական կայքը, հայտնում է, որ Ստամբուլի «Գալաթասարայ» հրապարակում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Իվանյանի (Խոջալու) իրադարձությունների հետ կապված փետրվարի 24-ին անցկացված հակահայկական ցույցի ժամանակ ռասիզմի ու ատելության դրսևորումների:
Հակահայկական այդ ակցիայի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար «Գալաթասարայ» հրապարակում հավաքվել է մոտ 10.000 մարդ, որոնց թվում են եղել տարբեր կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, ինչպես նաև ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մահմուդ Թանալը:
Հավաքվածների անունից ելույթ է ունեցել լրագրող Յաշար Գյուվենը, ով ընդգծել է, որ Խոջալուի իրադարձությունների հիշատակման ակցիաների պատրվակով և Թուրքիայի ներքին գործերի նախարարի հովանավորչությամբ քարոզվում է հայերի և այլ ազգերի նկատմամբ ատելություն.
«Հնչեցվել են վիրավորանքներ ու սպառնալիքներ: Խոջալուի իրադարձությունների պատրվակով ատելություն է սերմանվում հայերի հանդեպ: Սակայն մեզ այդքան էժան չես գնի, ինչի համար էլ մենք այստեղ ենք: Մենք հայերին չենք թողնի միայնակ: Մենք համամարդկային արժեքներ քարոզոր մարդկանց կոչ ենք անում միանալ մեզ՝ ընդդեմ ռասիզմի, ազգայնամոլության ու անհանդուրժողականության»:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարի 26-ին Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում կազմակերպվել էր հակահայկական ցույց՝ նվիրված Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին:
Միտինգի ժամանակ հնչել էին ազգայնական ու ռասիստական կարգախոսներ, մասնավորապես «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածքներ եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք»:
Այդ միտինգի ժամանակ վիրավորել էին նաև հայկական «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի հիշատակը, իսկ մի խումբ ազգայնամոլներ փորձել էին բողոքի ակցիա անցկացնել թերթի խմբագրատան առջև:
Դրանից հետո թուրքական Taraf թերթը գրել էր, որ ադրբեջանական կողմը երկու միլիոն դոլար է ծախսել այդ ցույցի կազմակերպման վրա: Ադրբեջանը համայն աշխարհից ակտիվիստներ է հրավիրել Ստամբուլ և վճարել է նրանց ճանապարհածախսը: