«Օսկար 2013»-ը Facebook-ում գրառումների թվով ռեկորդ է սահմանել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախօրեին տեղի ունեցած «Օսկարի» մրցանակաբաշխությունը Facebook-ի օգտատերերի քննարկումների ակտիվությամբ գերազանցել է նույն միջոցառման նախորդ տարվա ցուցանիշը:
Այս մասին նշված է Facebook-ի տարածած հաղորդագրության մեջ: Մասնավորապես, ԱՄՆ-ում տեղի օգտատերերի կողմից այս տարի Facebook-ում «Օսկարի» մասին հիշատակումները երեք անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը, իսկ «Լավագույն ֆիլմի» հավակնորդների մասին հիշատակումները՝ 20 անգամ:
Ընդհանուր առմամբ, սոցցանցում կատարվել է «Օսկարի» հետ կապված մոտ 66.5 միլիոն գրառում, մեկնաբանություն, հավանում: ԱՄՆ-ում ամենաշատը հիշատակվել է Քվենտին Տարանտինոյի «Ազատագրված Ջանգո» ֆիլմը՝ 21 տոկոս, ապա գալիս է Վիկտոր Հյուգոյի նույնանուն վեպին նվիրված Թոմ Հուփերի «Թշվառներ» ֆիլմը՝ 20 տոկոս: Տարվա լավագույն ֆիլմ ճանաչված Բեն Աֆլեկի «Օպերացիա «Արգո»» ֆիլմը երրորդն է:
Facebook-ում պաշտոնական էջով առավել սիրված ֆիլմ է դարձել «Թշվառներ» ֆիլմը: Facebook-ում էջի լսարանի թվով երկրորդ և երրորդ տեղերն են զբաղեցրել «Ազատագրված Ջանգո» ֆիլմը և Էնգ Լիի «Պիի կյանքը» ֆիլմը: «Օպերացիա «Արգո»» ֆիլմը հինգերորդն է: