Դասադուլը շարունակվում է

Համաբուհական դասադուլը այսօր վաղ առավոտից մեկնարկել է Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի տարածքից: Կազմակերպիչ ուսանողները հայտարարել են, որ այն շարունակվելու է մինչև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը: Դասադուլի մասնակիցները մյուս ուսանողներին կոչ են անում միանալ դասադուլին: Ուսանողները վանկարկում են «մի-ա-ցում», մյուս խումբը, ովքեր պահանջում են դասադուլավորների հեռացումը տարածքից՝ գոչում են՝ «հե-ռա-ցում»: «Հեռացում» վանկարկողների թվում է եղել նաև բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանը:
Համալսարանի տարածքում մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, որոնք պատ են կազմել և դասադուլ անող ուսանողներից պահանջում են հեռանալ տարածքից: Դասադուլը շարունակվում է ԵՊՀ այլ մասնաշենքերի մոտ։ «Քանի որ մանկավարժական համալսարանի ուսանողների նկատմամբ սպառնալիքներ են հնչել այս պահին գնում ենք մանկավարժական համալսարան»,- այս մասին ասել է ակցիայի ակտիվիստներից մեկը։ Այս մասին հաղորդում է 168.am-ի թղթակիցը՝ դասադուլ-ակցիայի վայրից: Երևանի պետական համալսարանի մոտ հավաքված 100-ից ավելի ուսանողները գոչում են «Ազատ անկախ ուսանող»։
Ժամը 12:20-ի դրությամբ ակցիայի մասնակիցները հասել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ։ Դասադուլ հայտարարած ուսանողները ինստիտուտի ուսանողներին կոչ արեցին միանալ իրենց և չենթարկվել սադրանքներին։ «Մեր պահանջն է՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ կազմակերպել։ Այսօր կատարվում են փոփոխություններ, պետք է միանալ դրան»,-ասաց ակցիայի մասնակից ավկտիվիստներից մեկը։ Նրանք նաև կոչ արեցին փոխել Ֆիզիկական կուլտուրիայի ինստիտուտի շենքից կախված դրոշը, որն անմխիթար վիճակում էր՝ պատառոտված։ Նրանք գոչեցին ամոթ և առաջարկեցին նոր դրոշ նվիրել։
Ակցիայի ակտիվիստներից մեկը հայտարարել է, որ Բժշկական համալսարանից լուր են ստացել, որ համալսարանի դռները բաց են և ինքնորոշված քաաքացիները կարող են միանալ իրենց։
Այս պահին դասադուլ հայտարարած ուսանողները  գտնվում են  Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական  համալսարանում։  Նրանք ապագա մանկավարժներին  կոչ են անում միանալ իրենց ակցիային։  Նրանց ընդառաջ դուրս եկավ համալսարանի  ուսխորհրդի  նախագահը  և կոչ արեց  չխանգարել  դասապրոցեսը։  Համալսարանի դռները փակ էին, ինչի պատճառով ուսանողները չէին կարողանում միանալ դասադուլի մասնակիցներին: Փոխարենը՝ համալսարանի  ուսանողների մի մասը  պատուհանից ողջունում էր  դասադուլի մասնակիցներին, մյուս մասը  գոչում էր՝ հեռացեք։

Ակցիայի մասնակիցները  երթով շարժվում են դեպի Բժշկական համալսարան։

Տեսանյութեր

Լրահոս