Բաժիններ՝

ԱՄՆ սենատը դադարեցրել է բեն Լադենի մասին ֆիլմում պատկերված կտտանքների հետաքննումը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատի հետախուզական հանձնաժողովը դադարել է հետաքննել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և «Թիրախ համար մեկ» գեղարվեստական կինոյի ստեղծողների միջև շփումները:

Այս մասին հայտնել է ԱՄՆ կոնգրեսում եղած աղբյուրը: Այդ ֆիլմն առնչվում է «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի վնասազերծմանը: Ֆիլմի հետ կապված՝ սենատորների մոտ դժգոհության տեղիք է տվել այն, որ դրանում ցուցադրվում է, թե ինչպես է ԿՀՎ-ն կտտանքների միջոցով հարցաքննում ահաբեկիչներին:

Ֆիլմում ցուցադրվում է, որ ԿՀՎ-ն բեն Լադենի գտնվելու մասին առանցքային տեղեկություններ է ստանում հենց կոշտ հարցաքննության, ըստ էության՝ կտտանքների միջոցով: Ֆիլմի այդ բովանդակությունը վրդովեցրել էր սենատորներին, այդ թվում նաև հետախուզական գծով հանձնաժողովի ղեկավար Դայան Ֆայնսթինին և Ջոն Մաքքեյնին:

Հանձնաժողովն այդ կապակցությամբ պարզաբանումներ էր պահանջել ԿՀՎ-ից, որը խորհուրդներ էր տվել ֆիլմի հեղինակներին, ինչպես նաև ռեժիսոր Քեթրին Բիգելոուից և սցենարիստ Մարկ Բոալից: Ստանալով անհրաժեշտ բոլոր վկայությունները՝ հետախուզական գծով հանձնաժողովը որոշել է ոչ ոքի չենթարկել պատասխանատվության:

Նշվում է, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Փանեթան ավելի վաղ խոստովանել էր, որ բեն Լադենի որոնման աշխատանքներում կիրառվել են կտտանքներ: Ի դեպ, «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում «Թիրախ համար մեկ» ֆիլմը պարտվեց Բեն Աֆլեկի «Օպերացիա «Արգո»» ֆիլմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս