Թուրքիան հրաժարվել է Հյուսիսային Իրաքից ինքնուրույն գազատար կառուցելուց
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Իրաքի նավթարդյունաբերության նախարար Աբդուլ Քերիմ Լուաիբին հայտարարել է, որ Անկարան երաշխիքներ է տվել իրենց, որ Թուրքիան առանց Բաղդադի թույլտվության խողովակաշար չի կառուցի Հյուսիսային Իրաքից:
Հայտնի է, որ Անկարան ցանկանում է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունից ներմուծել նավթ և բնական գազ, ինչի համար էլ պետք է կառուցվի խողովակաշար: Ընդ որում, խոսքը գնում է գազատարի մասին, քանի որ Թուրքիան Իրաքից նավթ է ներկրում «Քիրքուք-Յումուրթալըք» (Ջեյհան) նավթամուղով: Թուրքիայի այդ պլանները լուրջ լարվածություն են առաջացնում Անկարայի ու Բաղդադի, ինչպես նաև Բաղդադի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի միջև:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը դեմ է Թուրքիայի ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև նավթագազային պայմանագրեր կնքելուն, քանի որ դա վտանգի տակ է դնում Իրաքի ամբողջականությունը: