Սիրիական ընդդիմությունը մերժել է կառավարության հետ բանակցելու առաջարկը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ազատ բանակի գլխավոր շտաբի պետ Սալեմ Իդրիսը երեկ մերժել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի առաջարկը, որն առնչվում էր կառավարության ու զինված ընդդիմության միջև երկխոսության սկսմանը:
Սիրիայի ազատ բանակի զինյալները երկխոսության սկսման համար անհրաժեշտ պայման են համարում նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Մոսկվայում գտնվող Մուալեմը երեկ հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է երկխոսության դա ցանկացող ընդդիմադիր բոլոր ուժերի, այդ թվում նաև նրանց հետ, որոնք մարտնչում են զենքը ձեռքին:
Ի պատասխան Մուալեմի այս առաջարկի՝ Իդրիսը հայտարարել է, որ երկխոսություն սկսելուց առաջ անհրաժեշտ է հստակեցնել հիմնական կետերը, որոնցից ամենակարևորներն են Բաշար Ասադի հրաժարականը, սիրիական վարչակարգի կողմից բռնությունների ու սպանությունների դադարեցումը, քաղաքներից բանակային ստորաբաժանումների դուրս բերումը և բանակի ու անվտանգության ուժերի ղեկավարության նկատմամբ դատական գործընթաց սկսելը:
Նա ընդգծել է, որ Սիրիայի կառավարության ու ընդդիմության միջև բանակցությունները պետք է տարվեն միայն իշխանության հանձնման շուրջ: