Վրաստանը դադարեցրել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի գնումը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականի հունվարին Վրաստանը դադարեցրել է Ադրբեջանից էլեկտրաէներգիայի գնումը և էլեկտրաէներգիայի ներկրման ու արտահանման օպերացիաներ է իրականացրել միայն Ռուսաստանի հետ:
Վրաստանի էլեկտրէներգիայի համակարգի կոմերցիոն օպերատորի վիճակագրական տվյալների համաձայն, Վրաստանը նախորդ ամիս իր հյուսիսային հարևանից գնել է 126.58 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա (մեկ տարի առաջ դա կազմել է 80.19 միլիոն կվտ/ժամ) և նրան վաճառել է 1015 կվտ/ժամ (2012 թվականի հունվարին էլեկտրաէներգիայի արտահանում Ռուսաստան ընդհանրապես չի իրականացվել) էլեկտրաէներգիա:
2012 թվականի հունվարին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է 296.676 կվտ/ժամ էլեկտրաէներգիա և Ադրբեջան է արտահանել 1135 կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Նախորդ տարի Վրաստանն էներգոփոխանակում է իրականացրել Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ընդհանուր առմամբ, նախորդ տարի Վրաստանը գնել է 614.59 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա և իրացրել է 528.15 միլիոն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: