Բաժիններ՝

Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի քառասունքի կապակցությամբ հավաքված 70 քրեական հեղինակություն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի ոստիկանությունը երեկ կանխել է հերթական «գողական սխոդկան» և ձերբակալել է մոտ 70 քրեական հեղինակության: Այդ ամենը տեղի է ունեցել Մոսկվայի հարավ-արևմտյան հատվածում ընկած ռեստորաններից մեկում:

Ձերբակալված քրեական հեղինակությունները ներկայացնում են Ռուսաստանի տարբեր շրջանները և ԱՊՀ երկրները: Ձերբակալվածներին տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ, ուր նրանցից մատնահետքեր են վերցրել և ստուգման են ենթարկել:

Life News-ը հավելում է, որ քրեական հեղինակությունները Korston հյուրանոցում հավաքվել էին հանգուցյալ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մահվան քառասունքի կապակցությամբ: Ոչ պաշտոնական օպերատիվ տվյալներով՝ այդ արարողությունն օգտագործվել է գլխատված քրեական կլանի ընթացիկ հարցերի լուծման համար:

Ընդհանուր առմամբ, այդ հյուրանոցում Դեդ Հասանի քառասունքի կապակցությամբ հավաքվել է մոտ 300 քրեական հեղինակություն: Life News-ի աղբյուրի տվյալներով՝ ձերբակալվածների թվում է հայտնվել նաև Դեդ Հասանի մերձավորներից, «օրենքով գող» Թեմուրի Միրզոևը (Թիմուր Սվերդլովսկի):

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի գիշերը Մոսկվայի արևելքում ու հյուսիս-արևմուտքում ոստիկանությունը կանխել էր երկու «գողական սխոդկա», ինչի արդյունքում ձերբակալվել էր ավելի քան 90 քրեական հեղինակության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս