Թուրքիան Patriot զենիթա-հրթիռային համալիրների վրա տարեկան կծախսի 8.5 միլիոն դոլար
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը Սըվազում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի տրամադրած և Սիրիայի հետ սահմանին տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համալիրները Թուրքիայի համար տարեկան արժենում են 15 միլիոն լիրա (մոտ 8.5 միլիոն դոլար).
«Patriot-ը մեզ համար տարեկան արժենում է 15 միլիոն լիրա: Սակայն մեզ համար անգամ մեկ կյանքն ավելի կարևոր է, քան՝ բոլոր ծախսերը: Աքչաքալեում սիրիական արկերից զոհվեց մեր հինգ քաղաքացի:
Այդ պատճառով էլ եթե արկի դիպչելու հավանականությունը հավասար է մեկը միլիոնի, մենք ձեռնարկել ենք պաշտպանական այդ միջոցները: Թուրքիան, 1952 թվականից հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ, առաջին անգամ է նման հարցով դիմել նրան:
Իմ հոլանդացի գործընկերն ինձ հարցրեց, թե մեզ համար որքան են արժենում այդ համակարգերը: Ես պատասխանեց, որ տարեկան 15 միլիոն լիրա և նույն հարցով դիմեցի նրան: Նա պատասխանեց, որ իրենց համար դա արժենում է 40 միլիոն եվրո: Գերմանացի նախարարն իր հերթին ասաց, որ անվտանգությունն անգին է, և դա ճիշտ պատասխան է»:
Հիշեցնենք, որ թուրք-սիրիական հարաբերությունները զգալիորեն սրվեցին այն բանից հետո, ինչ 2012 թվականի հոկտեմբերի 3-ին Սիրիայի տարածքից հրետակոծվեց Թուրքիայի Աքչաքալե շրջանը, ինչի հետևանքով զոհվեց 5 մարդ:
Ավելի ուշ թուրքական Yurt թերթը գրեց, որ այդ հրետակոծությունն իրականացրե են ոչ թե Սիրիայի կառավարական զորքերը, այլ՝թուրք-սիրիական սահմանին մարտեր մղող սիրիացի ապստամբները, որոնց տվյալ զենքը հատկացրել է հենց Թուրքիան:
Դրանից հետո գրանցվեցին նմանատիպ ևս մի քանի միջադեպեր, որոնք էլ հանգեցրին նրան, որ ՆԱՏՕ-ն ընդառաջ գնաց Թուրքիային՝ Սիրիայի հետ նրա սահմանին Patriot զենիթա-հրթիռային համալիրներ տեղակայելու հարցում:
Անկարան Patriot-ների ստացման հարցով ՆԱՏՕ-ին դիմել է նախորդ տարվա նոյեմբերի կեսին՝ «հարևան Սիրիայի հարձակումներից պաշտպանվելու նպատակով»: ՆԱՏՕ-ի խորհուրդը դա հավանության է արժանացրել դեկտեմբերի 4-ին: Ընդհանուր առմամբ, Թուրքիան ՆԱՏՕ-ից ստացել է Patriot զենիթա-հրթիռային վեց համալիր, թեև պահանջում էր 18-ը:
Դրանցից երկուական տրամադրել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Նիդերլանդները: ԱՄՆ-ի տրամադրած համալիրները, ինչպես արդեն նշվեց, տեղակայվել են Գազիանթեփում, Գերմանիայի տրամադրածները՝ Քահրամանմարաշում, իսկ Նիդերլանդների տրամադրածները՝ Ադանայում: