Իսրայելը Թուրքիային տրամադրել է 200 միլիոն դոլար արժողությամբ ավիացիոն համակարգերի էլեկտրոնային սարքեր

Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ թեև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցման մասին, օրեր առաջ Իսրայելը Թուրքիային է մատակարարել վաղօրոք զգուշացման ավիացիոն համակարգերի համար նախատեսված ժամանակակից էլեկտրոնային սարքեր:

Թերթի տվյալներով՝ իսրայելական «Էլտա» ընկերության պատրաստած և Անկարային տրամադրած սարքերն արժեն 200 միլիոն դոլար: Դրանք տեղակայվելու են Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում գտնվող AWACS ինքնաթիռների վրա:

Իսրայելական թերթին հաջողվել է բացահայտել ևս մեկ գաղտնիք. կողմերը պայմանավորվել են, որ տվյալ գործարքը պետք է գաղտնի պահվի: Միևնույն ժամանակ Haaretz-ն ակնարկել է, որ տվյալ տեղեկատվության հրապարակման առջ «կանաչ լույս» է վառել իսրայելական ռազմական գերատեսչությունը, ինչը կարող է նշանակել, որ Անկարայի ու Թել Ավիվի միջև վերստին «սև կատու» է անցել:

Հիշեցնենք, որ 2003 թվականին AWACS տիպի 4 լրտեսական ինքնաթիռների գնման համար Թուրքիան ԱՄՆ-ին վճարել է 1.5 միլիարդ դոլար: Ավելի ուշ այդ ինքնաթիռների զգուշացման ու վերահսկման համակարգերի արդիականացման նպատակով դրանք ուղարկվել էին Իսրայել: Թուրքիան արդիականացման համար իսրայելական Elta ընկերությանը վճարել էր 100 միլիոն դոլար:

Պլանավորված էր, որ Իսրայելն այդ ինքնաթիռները պետք է Թուրքիային վերադարձներ 2008 թվականին, սակայն 2010 թվականի մայիսի վերջին գրանցված «Մավի Մարմարայի» միաջդեպից հետո տեղի ունեցած թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման պատճառով այդ գործընթացը շարունակ հետաձգվում էր:

Այս տարվա հունվարի սկզբներին հայտնի դարձավ, որ Իսրայելը որոշել է Թուրքիային վերադարձնել այդ AWACS-ները: Այդ ինքնաթիռները կարող են առանց ընդմիջման օդում մնալ 24 ժամ: Դրանց ռադարի շառավիղը կազմում է 340 կիլոմետր: Ինքնաթիռի արագությունը կազմում է 579 կմ/ժամ:

Տեսանյութեր

Լրահոս