
Վրաստանում չեն կարողացել վերջնական պայմանավորվածության գալ սահմանադրական ուղղումների շուրջ

Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հայտարարել է, որ խորհրդարանական մեծամասնությունն ու փոքրամասնությունը չեն կարողացել վերջնական պայմանավորվածության գալ սահմանադրական ուղղումների շուրջ.
«Սակայն մենք հասանք մեր նպատակին: Սաակաշվիլիի ապակայունացնող զենքը գտնվում է համայն աշխարհի ուշադրության ներքո: Վերջին 10 օրվա ընթացքում քաղաքական երևույթների մի մասն իրականացվել է փակ դռների հետևում, իսկ հասարակությանը մատչելի է եղել այդ տեղեկատվության միայն մի մասը:
Դա անհրաժեշտ է եղել ընդդիմության հետ տարվող բանակցային գործընթացում հաջողություն արձանագրելու համար: Մի քանի օրյա ինտենսիվ աշխատանքներից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանադրական ուղղումներին առնչվող բոլոր հարցերի շուրջ: Սակայն «Միասնական ազգային շարժումը» վերջին պահին հրաժարվել է այդ համաձայնագրի իրագործումից, քանի որ բարձրացվել է այլ հարց՝ կապված համաներման ձևի ու բովանդակության հետ»:
Հիշեցնենք, որ սահմանադրական ուղղումների շուրջ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ու փոքրամասնության միջև առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 11-ին: 2010 թվականին ընդունված սահմանադրական այդ ուղղումները պետք է գործարկվեն հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո:
Ըստ այդ ուղղումների՝ նախագահի լիազորությունները կրճատվում են էականորեն, մեծացվում են վարչապետի լիազորությունները և դրանով իսկ հավասարակշռվում են նախագահի, վարչապետի և խորհրդարանի իրավունքները: