Րաֆֆին քաղաքականապես ոչնչացրեց Տեր-Պետրոսյանին ու Ծառուկյանին

Նախագահական ընտրությունների նախընտրական արդյունքները, բնականաբար, դեռևս քննարկվում են Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հակադրության հարթությունում: Անկախ նրանից, ինչպիսին կլինեն Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա գործողությունները` կվիճարկի՞ նա նախագահական ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ, բողոքի ակցիաներ կկազմակերպի՞, թե՞ համագործակցության ինչ-որ ձևաչափ կգտնի  իշխանության հետ, նրա ստացած ձայները վկայում են ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց ոչ պակաս քաղաքական հաղթանակի մասին:

Անկախ Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, անկախ նրա` քաղաքական գործչի կերպարի ընդունելի-անընդունելի լինելուց, արդարությունը պահանջում է արձանագրել, որ «Ժառանգության» ղեկավարը կարողացավ այս ընտրություններում կոտրել մեր քաղաքական-հանրային գիտակցության մեջ արմատացած մի քանի կաղապարներ: Առաջին հերթին՝ «միասնական թեկնածուի» արհեստական կաղապարը, որը բոլոր ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերի կողմից փաթաթվում է հասարակության վզին ու ծառայում է ակնհայտորեն մեծամասնություն ունեցող ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների փոշիացմանը: Րաֆֆին ապացուցեց, որ հնարավոր է միայնակ ապահովել ավելին, քան տասնյակ քաղաքական ուժերի, միլիոնավոր դոլարների կապիտալի միջոցով:

Փետրվարի 18-ին պաշտոնական տվյալներով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 539672 ձայն: Դա մոտ 65 տոկոսով ավելին է, քան  ՀՀ առաջին նախագահ, համաժողովրդական շարժման թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայները 2008 թվականին: Այն դեպքում, երբ Լ. Տեր-Պետրոսյանին սատարում էին մեկ տասնյակից ավելի քաղաքական միավորներ, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն ընտրություններին մասնակցում էր միայն իր «Ժառանգությունով»: Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանի` փետրվարի 18-ին ստացած ձայներն ավելին են անգամ 2008 թվականին՝ Լ. Տեր-Պետրոսյանի, և 2012 թվականին մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում՝ Հայ ազգային կոնգրեսի ստացած ձայները` միասին վերցրած:

Մայիսի 6-ին ՀԱԿ-ը ստացել է մոտ 107 հազար ձայն, 2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին պաշտոնական տվյալներով քվեարկել է 351 հազար ընտրող: Ընդ որում, ընտրակեղծիքներ կիրառվել են թե՛ 2008-ի նախագահական, թե՛ 2012-ի խորհրդարանական, թե՛ 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Քաղաքական առումով՝ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը բացարձակ կարելի է համարել, քանի որ նա փետրվարի 18-ին ստացել է ավելի շատ ձայներ, քան խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն  ունեցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (455 հազար), որը դարձել էր բրենդ. Գագիկ Ծառուկյանի «հզորությունը» ցույց տալու մասին նրա կուսակցության անդամներն ամեն պատեհ ու անպատեհ առիթով հայտարարում էին, որ նա մոտ 500 հազար ձայն ստացած ուժի առաջնորդն է:

Այն դեպքում, երբ այդ ուժը 500 հազար ձայն էր ստացել 4 տարի իշխանության մեջ գտնվելու, իշխանական լծակներին առնվազն կիսով չափ տրիապետելու, մասսայաբար ընտրակաշառք բաժանելու իշխանական ինդուլգենցիայի առկայության պայմաններում: Րաֆֆի Հովհաննիսյանին հաջողվեց գերազանցել այդ ցուցանիշները, ըստ էության, միայնակ:

Սա, իհարկե, վերագրել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի անձին, մեղմ ասած, լուրջ չի լինի: Րաֆֆի Հովհաննիսյանի ստացած ձայների զգալի մասը իշխանությանը դեմ քվեարկած ձայներն են: Հասարակությունն ընտրել է Րաֆֆիին ոչ թե նրան համակրելու, այլ իշխանությանը մերժելու պատճառով: Բայց այդ սկզբունքն ընկած էր թե՛ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանին տրված ձայների, թե՛ 2003 և 1998 թվականներին` Ստեփան և Կարեն Դեմիրճյաններին, թե՛ 1996 թվականին Վազգեն Մանուկյանին ընտրելու տրամաբանության հիմքում:

Բայց վերը նշված բոլոր նախադեպերը Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայից տարբերվում են նրանով, որ նախորդ ընտրություններում այդ թեկնածուներին սատարել են ընդդիմադիր դաշտի հիմնական ուժերը, իսկ «Ժառանգության» ղեկավարը դա արեց միայնակ:

Տեսանյութեր

Լրահոս