Որքանո՞վ են անվտանգ մանկական խաղալիքները
Մանկական խաղալիքների հետ կապված իրավական դաշտը բավական լավ է մշակված, սակայն անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը.
«Խաղալիքների համար բավական լավ տեխնիկական կանոնակարգ կա, արտասահմանյան փորձարկման մեթոդներ կան մշակված, իրավական դաշտը բավական մշակված է, պարզապես դրա կատարումն է պետք»:
Միլետա Արիստակեսյանը նշեց, որ շուկայում վաճառվող մանկական խաղալիքները հիմնականում ներմուծվում են այլ երկրներից. «Քանի որ մաքսային սահմանից բոլոր ստուգումները հանված են, խաղալիքները ներսում պետք է ստուգվեն:Մեր ժողովուրդն էլ, աշխատողները մի տեսակ ստեղծագործ խախտողներեն: Հնարավոր է, որ մի մասը տան ստուգման, մյուս մասը` ոչ: Փոքր խանութներում ընդհանրապես գաղափարչուն են «ինչ է սերտիֆիկատը, ինչու պետք է ստուգվեն»:
Միլետա Արիստակեսյանի խոսքով` մեծ ներկրողներն ու հայտնի ապրանքանիշերն ունենում են սերտիֆիկատներ. «Մեզ մոտ, սակայն, ստուգման չեն տանում»: Ըստ նրա՝ մանկական խաղալիքների հետ պետք է շատ զգույշ լինեն. դրանք պարունակում են զանազան գունանյութեր, իսկ երեխաները սովորություն ունեն ամեն ինչ բերանը տանելու. «Նույնիսկ խաղահրապարակներում դրված տարբեր տնակները պետք է ստուգել: Պետք է ստուգել` այդ տնակը ճիշտ նյութի՞ց է պատրաստված, թե՞ ոչ: Խիստ վերահսկողություն է պետք դրա հետ կապված, որը չի կատարվում: Այս ոլորտը պետք է շատ ուժեղ վերահսկել: Պետք է ստուգվեն, նոր մաքսային սահման անցնեն»:
Միլետա Արիստակեսյանը խորհուրդ է տալիս մինչ օգտագործելը լավ լվանալ ցանկացած խաղալիք, որը հայտնվելու է երեխայի ձեռքին: Փափկամազ խաղալիքների դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս 24 ժամ այն պահել սառնախցիկում, որի հետևանքով մանրէները ոչնչանում են. «Պետք է երեխային գնել նրա տարիքին համապատասխան խաղալիքներ: Վերահսկում պետք է լինի նաև ծնողների կողմից: Թող ծնողներն իրենց երեխաներին վտանգ չնվիրեն: Թող պահանջեն փորձարկված սերտիֆիկատ»: