Աղբյուրի բացահայտման խնդիր չի դրվում

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածը, որպես քրեական գործ հարուցելու առիթ, նախատեսում է հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները:

Հաշվի առնելով ընտրությունների հանրային կարեւորությունը՝ ընտրողի կամքի ազատ արտահայտվելու իրավունքի իրացմանը խոչընդոտելու եւ, ընդհանրապես, ընտրական իրավունքի խախտման համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված 12 հանցակազմերի տեղեկություններ պարունակող, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները, դատախազության աշխատանքային խումբը մշտադիտարկման արդյունքում ուղարկում է ըստ քննչական ենթակայության` ստուգելու եւ օրենքով սահմանված կարգով քրեաիրավական գնահատական տալու:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի համաձայն լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լրատվության միջոցներին հասցեագրված եւ չհրապարակված հաղորդակցություններում: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվության միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող` իրենց մոտ եղած նյութերը:

Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները, բնականաբար, օպերատիվ-որոնողական միջոցներ, քննչական գործողություններ ձեռնարկում են հրապարակումներում մատնանշված հանգամանքները ստուգելու եւ իրավախախտներին հայտնաբերելու ուղղությամբ, բայց նաեւ քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածի հիման վրա հարցումներ են ուղարկվում, այդ թվում` լրատվության միջոցներին հրապարակման հիմք հանդիսացած նյութերը տրամադրելու համար։ Նպատակ ունենալով պարզել` լրագրողն իրոք ունի կոնկրետ տեղեկություն, տվյալ պարագայում` ընտրախախտման փաստի մասին, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ հանցագործություն կատարած անձանց արարքներին օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատական տալու համար, թե հրապարակված նյութը հիմնված է եղել ասեկոսեների, ենթադրյալ անանուն զանգերի վրա կամ ուղղակի եղել է մտացածին։ Պարզաբանում ենք, որ խոսքը գնում է նյութերի տրամադրման մասին եւ ոչ թե աղբյուրի բացահայտման (Վարույթն իրականացնող մարմիններին տվյալ պարագայում չի հետաքրքրում, թե որտեղից է լրատվության միջոցը իմացել այդ մասին, այլ արդյոք ունի կոնկրետ օրինակ իր իսկ հրապարակման մեջ մատնանշված հանցագործության դեպքի վերաբերյալ):

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նյութեր են հանդիսանում փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք գործի բաղկացուցիչ մասն են կամ ներկայացված են գործին կցվելու համար, հաղորդումներ, ինչպես նաև `փաստաթղթեր և այլ առարկաներ, որոնք կարող են նպաստել գործով վարույթի ընթացքում նշանակություն ունեցող հանգամանքներ բացահայտելուն:

Այսինքն` օրենսդիրը հստակ նշել է, թե քրեադատավարական վարույթում ինչ է իրենից ներկայացնում «նյութեր» եզրույթը և վերոհիշյալ քրեադատավարական նորմերում խոսք չի գնում տեղեկատվության աղբյուրը բացահայտելու մասին: Իսկ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների կողմից տեղեկատվության աղբյուրը չբացահայտելուն: Այդ առումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի միջև որևէ հակասություն չի կարող լինել:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ այդ թվում մամուլի հրապարակումների հիման վրա կատարված ստուգումների արդյունքներով, դատախազության հանձնարարությամբ, կայացվում են որոշումներ, ինչը հնարավորություն կտա շահագրգիռ կողմերին քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկել` դրանց տրված իրավական գնահատականի հետ համամիտ չլինելու դեպքում։

ՀՀ գլխավոր դատախազություն

Տեսանյութեր

Լրահոս