Շարմազանովը վստահում է սեփական sms-ներին
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանելով Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից տարածվող այն տեղեկություններին, որ անձնագրերի մեջ դրվող կնիքները հնարավոր է անձեռոցիկով ջնջել, ինչը հնարավորություն է ստեղծում, որ միևնույն անձը կրկնակի քվեարկություն անի, ասաց. «Նախ ասեմ, որ ինքս գնացել եմ ընտրության, և ոչ միայն իմ անձնագրում դրված կնիքը չի ջնջվում, այլ այն բազմաթիվ ընկեր-ծանոթների անձնագրերի մեջ դրված կնիքները, ում հետ ես առիթ եմ ունեցել խոսել: Բայց դա ընդամենը տեխնիկական խնդիր է. քանի որ, եթե անգամ կնիքները ջնջվում են, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը նախօրեին, որպես բարի կամքի դրսևորում, հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի վստահված անձանց է զիջում հանձնաժողովի երկու անդամների միջև նստելու և ցուցակներին հետևելու հնարավորությունը: Եթե նրանք չեն վստահում ընտրական հանձնաժողովներին, եթե չեն վստահում հանձնաժողովների անաչառությանը, ապա իրենց կողմից նշանակված վստահված անձանց միջոցով կարող են հետևել և կանխել կրկնակի քվեարկությունը, եթե այդպիսիք անգամ լինեն»:
Արդյո՞ք ինքը՝ Շարմազանովը, փորձել է ջնջել իր անձնագրի մեջ դրված կնիքը: «Այո, ես փորձել եմ, և այն չի ջնջվում: Բայց նորից կրկնեմ, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է, և եթե ինչ-որ տեղ դրված կնիքները ջնջվում են, ապա վստահված անձինք հնարավորություն ունեն հետևելու և կանխելու բոլոր հնարավոր խախտումները»,- ասում է ԱԺ փոխնախագահը:
Էդուարդ Շարմազանովը և Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի ղեկավարությունը վստահաբար գիտի, որ ոչ թե առանձին տեղամասերում, այլ ընդհանրապես ամբողջ մարզերում Հրանտ Բագրատյանն ընդհանրապես վստահված անձինք չունի, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձանց թիվը խիստ սահմանափակ է: Այնպես որ, գոյություն չունեցող վստահված անձինք չեն կարող վերահսկել ընտրությունների ընթացը կամ կանխել հնարավոր խախտումները:
168.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս են իրենք վերաբերվում այն տեղեկություններին, որ մարզերից Երևան են բերվում ընտրողներ, որոնք հերթով այցելում են ընտրատեղամասեր և բազմակի քվեարկություն անում, Շարմազանովը պատասխանեց. «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Եթե չկան անուն-ազգանուններ, որ այսինչ մարդը լինելով այս համայնքում գրանցված՝ քվեարկություն է կատարել այլ համայնքում, այլ տեղամասում, դրանց պետք է վերաբերվել՝ որպես բամբասանք: Ընտրախախտումների դեմ հստակ պայքարում են Ոստիկանության և Դատախազության՝ հատուկ այս նպատակով ստեղծված օպերատիվ շտաբները: Ընտրություններին հետևում են նաև բազմաթիվ դիտորդներ, որոնց հետ ես առիթ եմ ունեցել խոսել, մյուսներն իրենց տպավորություններն են հայտնում կարճ հաղորդագրությունների միջոցով: Նրանք ինձ գրում են, որ ամեն ինչ կատարյալ է, և ոչ մի խնդիր իրենք չեն տեսել: Այդ հաղորդագրությունները պահպանվել են հեռախոսիս մեջ, և անհրաժեշտության դեպքում՝ ես պատրաստ եմ դրանք տրամադրել բոլոր շահագրգիռ լրատվամիջոցներին»: