Թուրք-ադրբեջանական կողմը Սպիտակ տան կայքում կազմակերպել է հակահայկական հանրագրեր
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ինտերնետային կայքում կազմակերպվել է հակահայկական երկրորդ հանրագիրը: Խոսքը գնում է կայքի We are the people (Մենք ժողովուրդ ենք) բաժնում կազմակերպված ստորագրահավաքի մասին, որը նվիրված է «1914-1922 թվականներին Անատոլիայում հայերի իրականացրած սպանդին»:
Այդ խնդրագրում նշված է հետևյալը. «1914-1922 թվականներին «Դաշնակցություն» ու «Հնչակյաններ» կուսակցությունների ջոկատները և ռուսական, ֆրանսիական ու հունական բանակներում ծառայող հայերը համակարգված ձևով Անատոլիայում ու Կովկասում ոչնչացրել են թուրքերին ու քրդերին: Դրան զոհ է գնացել 523.595 մուսուլման: Անհետ կորել են կամ էլ զանգվածային գերեզմանոցներում են հայտնվել մեծ քանակությամբ մարդիկ»:
Այս ակցիայի կազմակերպիչները մտադիր են փետրվարի 15-ից մինչև մարտի 15-ը հավաքել 100.000 ստորագրություն: Նշվում է, որ նախորդ ամիս էլ ադրբեջանական կողմն է Սպիտակ տան կայքում կազմակերպել նմանատիպ ստորագրահավաք՝ նվիրված Իվանյանի (Խոջալու) իրադարձություններին: Այս ակցիան արդեն իսկ հավաքել է 92.993 ստորագրություն: Որպեսզի այս հարցը քննարկվի Սպիտակ տանը, անհրաժեշտ է, որ այն մինչև այս տարվա փետրվարի 23-ըհավաքի 100.000 ստորագրություն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպիտակ տան կայքում կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված հանրագիր, որպեսզի վերջինս պաշտոնապես ճանաչի 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը:
Սպիտակ տան կողմից դրա դիտարկման համար անհրաժեշտ է, որ այն մինչև այս տարվա փետրվարի 23-ըհավաքի 100.000 ստորագրություն:
Հանրագրում մասնավորապես ասվում է. «2013 թվականի ապրիլի 24-ին նշվելու է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 98-ամյակը: Վաշինգտոնը ցայժմ պաշտոնական մակարդակով չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թեև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրականապես դատապարտել է Հայոց ցեղասպանությունը և խոստացել է ճանաչել այն՝ նա չի պահել իր խոստումը: Երկու տարի անց նշվելու է այդ իրադարձության 100-ամյակը: Կարծում եմ տեղին է, որ եկել է պաշտոնական Վաշինգտոնի կողմից իրավական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը»: