Սոցիալական ցանցերի շնորհիվ մամուլը և հեռուստատեսությունն ազատականացել են
Facebook-ում ամենաակտիվ քաղաքական գործիչը Սյուպա Սաֆարյանն է: «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի իրականացրած ուսումնասիրության համաձայն, որն իրականացվել է բոլոր քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների ֆեյսբուքյան ակտիվության վերաբերյալ, պարզվել է, որ Սյոպա Սաֆարյանի օրական միջին ակտիվությունը Facebook-ում երբեմն գերազանցում է անգամ ֆեյսբուքյան ամենաակտիվ օգտատերերի ակտիվությանը, որոնց սոցիալական շրջապատը բավական մեծ է, և շատ է նաև նրանց գրառումներին կատարված մեկնաբանությունների քանակը:
– Փաստորեն , ըստ հետազոտության, Դուք Facebook-ում ամենաակտիվ քաղաքական գործիչն եք: Որքա՞ն ժամանակ է ինչ գրանցված եք սոցցանցում, և ի՞նչ է տալիս այն Ձեզ:
– Կոնկրետ չեմ հիշում, թե երբ եմ գրանցվել Facebook-ում, սակայն արդեն մի քանի տարի կլինի, ինչ Facebook-ում եմ: Բնականաբար, այն ժամանակ Facebook-ը մի փոքր ավելի միապաղաղ էր, քան հիմա: Վերջին շրջանում, որպես քաղաքական գործիչ, ասես դու էլ ես ծուլանում, որովհետև Facebook-ը քեզ լայն հնարավորություններ է տալիս, այլևս չես գնում որևէ մամուլի ակումբ՝ հայտարարություն անելու, իսկ շատ դեպքերում այն, ինչ կարող ես գրել հոդվածի տեսքով և հրապարակել, պարզապես նախընտրում ես այդ ամենը շատ կարճ Facebook-ի միջոցով տարածել, որովհետև, միևնույն է, արդյունքն ապահովված է: Ընդհանուր առմամբ, քաղաքական գործընթացների վրա ազդելու միջոց է այն: Այս առումով ես միգուցե ինքս ինձ ամենաակտիվը չհամարեմ, դա դիտարկողները կասեն, բայց, համենայնդեպս, ամենաակտիվներից մեկն եմ և փորձում եմ, համենայնդեպս՝ իմ ընկերների կազմում ունենալ ամենատարբեր տեսակետներ ունեցողների: Իհարկե, խոսքը չի վերաբերում միայն անձնական վիրավորանքներ հասցնողներին, քանի որ նրանց եթե նախկինում հորդորում էի, ապա հիմա արդեն միանգամից հեռացնում եմ ընկերներիս շարքից:
– Քանի՞ ընկեր ունեք Facebook-ում:
– Ունեմ 4600-ից ավելի ընկեր, ըստ որում, ես ինքս շատ սահմանափակ թվով մարդկանց եմ ընկերության առաջարկ արել՝ մոտ 10 օգտատերերի, մնացած բոլորն իրենք են առաջարկել ընկերանալ: Ընդ որում՝ ես ոչ թե ինձ «թանկացրել եմ», և ինքս չեմ առաջարկել ընկերանալ, այլև ինձ համար հենց ամենասկզբից հետաքրքիր էր տեսնել, թե որքանով եմ ես մարդկանց համար հետաքրքիր: Այս պահին երևի թե ինձ հետ ընկերության առաջարկի հավանությանը ստանալուն սպասում են մի քանի հարյուր մարդիկ, որոնց ես պարզապես չեմ հասցնում անձնապես ուսումնասիրել: Նախկինում հիմնականում ովքեր առաջարկ տալիս էին՝ ես ընդունում էի այն:
– Իսկ հիմա այդպե՞ս չեք անում:
– Ոչ, հիմա նախընտրում եմ ծանոթանալ, որովհետև հատկապես քաղաքական սրված իրավիճակներում նկատելի է, որ ոմանք ընկերության առաջարկ անում են այլ նպատակներով՝ գալու և քեզ վիրավորելու համար:
– Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է պատճառը, որ այդքան շատ մարդ է ցանկանում Ձեզ հետ ընկերանալ. Ձեր կարգախոսնե՞րն (ստատուս) են հետաքրքիր, թե՞ Դուք՝ որպես քաղաքական գործիչ եք հետաքրքրում մարդկանց:
– Ես փորձում եմ իմ ստատուսները հետաքրքիր դարձնել ոչ միայն ինձ համար, այլև մարդկանց համար: Անընդհատ դիտարկում եմ՝ ինչն է հետաքրքիր մարդկանց, և տարբեր միջոցներով փորձում եմ ասելիքս հասցնել շատ թվով մարդկանց՝ քաղաքական սարկազմի, նկարների, հումորի, հեգնանքի միջոցով և այլն: Facebook-ի օգտատերերը կարող են ասել, թե որքանով եմ նրանց համար հետաքրքիր:
– Մոտավորապես քանի՞ ժամ եք անցկացնում Facebook-ում:
– Այս վերջին շրջանում՝ ընտրությունների հետ կապված, կարելի է ասել, որ օրական մոտ 3-4 ժամ անցկացնում եմ Facebook-ում:
– Այսինքն՝ ավելի շա՞տ եք անցկացնում:
– Այո, բայց այդ 3-4 ժամը միայն Facebook-ում չեմ գտնվում, ես պարզապես օգտվում եմ առիթից այն հատվածներում, որտեղ ինձ պետք է մտածել մի պարբերության վրա, իմ վերլուծության ինչ-որ մի դետալի վրա, կամ անհրաժեշտ է մի փոքր դադար տալ և հանգստանալ, այդ ընթացքում ես փորձում եմ հետևել Facebook-ին: Այն ինձ մոտ անընդհատ բաց է լինում, և ես փորձում եմ հետևել և շատ արագ եմ արձագանքում: Միգուցե տպավորություն լինի, որ ես բացառապես զբաղված եմ Facebook-ով:
– Օնլա՞յն եք լինում:
– Օնլայն եմ, սական չաթն ընդհանրապես անջատել եմ, որովհետև շատ-շատերը անընդհատ գրում են, և ես չեմ հասցնում պատասխանել:
– Օրական Facebook-ով մոտ քանի՞ նամակ եք ստանում:
– Շատ… շատ, երևի մոտ 100:
– Իսկ հասցնո՞ւմ եք բոլորը կարդալ, բոլորին պատասխանել:
– Այդ հոսքի մեջ երբեմն անտեսվում են որոշ գրառումներ, դրանք շատ քիչ են լինում, բայց պատահում են: Աշխատում եմ, նախընտրում եմ բոլորին պատասխանել: Առաջինը Facebook-ը բացելիս փորձում եմ տեսնել հաղորդագրությունները, որոնք շատ տարբեր բովանդակություն ունեն՝ հարցազրույցի խնդրանք, ընտրությունների հետ կապված ահազանգ, նաև անձնական մաղթանքներ, կամ էլ պարզապես ինչ-որ միջոցառում կազմակերպելու առաջարկ: Այսինքն՝ Facebook-ը դարձել է նաև կազմակերպելու միջոց:
– Ձեզ նաև Facebook-յան պատգամավոր հայտարարեցին Facebook-ի օգտատերերը, ի՞նչ տվեց դա Ձեզ, և ինչպիսի՞ն էին զգացողությունները:
– Ընդհանրապես ես կարծում եմ՝ քաղաքական գործչի և ընդհանրապես մարդու համար շատ կարևոր է լսել, թե ի՞նչ են մտածում իր մասին, և լսել իր վերաբերյալ գնահատականները: Ինձ համար չափազանց շոյիչ է եղել և ամենաթանկ մրցանակն է եղել դա: Մարդկանց լավ խոսքերը լսելուց թանկ բան, համենայնդեպս իմ կյանքում, ես չգիտեմ: Նույնը նաև խորհրդարանում է եղել, ընդհանրապես ես այնպիսի մի տեսակ եմ, որն իր գլուխը կախ անում է այն, ինչը ուզում է անել և պիտի անի, առանց մտածելու, թե ինչպե՞ս է դա գնահատվելու: Սակայն, առավել քան բավարարված ես զգում, երբ տեսնում ես, որ դա գնահատվում է, որ դա չի անտեսվել, և մարդիկ ասում են իրենց խոսքը՝ քո գործունեության վերաբերյալ:
– Դա ավելի թանկ կոչում է, քան այն, եթե ընտրվեիք իրականո՞ւմ:
– Հաստատ: Ընդհանրապես նույն ընտրելու հետ կապված էլ ինձ համար ավելի թանկ է եղել հասարակության ջերմ վերաբերմունքը և գնահատականը:
– Դուք, բացի Ձեր էջից՝ ունե՞ք նաև ինտերնետային էջ, որին մարդիկ կարող են հետևել:
– Ոչ, ուղղակի չեմ հասցնում: Պարզապես չեմ ուզում բացել ինչ-որ բաներ, որոնց չեմ հետևելու: Ես բլոգոսֆերայում, որպես բլոգեր, իմ անձնական էջն ունեմ՝ livejournal-ում: Սակայն, վերջին շրջանում անգամ չեմ հասցնում ինձ համար հետաքրքիր իմ գրառումները տեղափոխել բլոգոսֆերա: Երբեմն Twitter-ում նույնպես գրառումներ թողնում եմ, բայց այնտեղ մոտիվացիա չեմ նկատում: Մինչդեռ Facebook-ում մարդկանց հետ շփումը, բանավեճը, քննարկումը շատ ավելի հետաքրքիր է: Հենց դա է ինձ համար հետաքրքիր դարձնում Facebook-ը. նախ՝ հայտնաբերում ես բազմաթիվ մտածող մարդկանց, բացի այդ, Facebook-ում կարծիքի լիդերներ են, և նույնիսկ ամենաքիչ գրառում կատարող մարդը ցանկանում է, որ ինքն ինչ-որ մի բան գրի, և դու կարծիք հայտնես իր գրածի մասին, և որևէ կերպ արձագանքես՝ լինի դա like-ի թե մեկնաբանության տեսքով: Շատ դեպքերում ոմանք պարզապես կարծիք ձևավորողներ են Facebook-ում: Այս առումով Facebook-ի ազդեցությունը նախընտրական արշավի և քաղաքական գործընթացների վրա չափազանց մեծ է: Նկատել եմ, որ քաղաքականապես մեռյալ պահերին, երբ չկա այդ օրվա գլխավոր իրադարձություն կոչվածը, որն արագորեն հիթ է դառնում սոցցանցում, այդ ժամանակ Facebook-ում պատկերը շատ քաոսային է՝ օգտատերերի մի զգալի հատվածը նկարներ է տարածում, մի զգալի հատվածը երաժշտություն է տարածում, իսկ քիչ, քաղաքականապես շատ ակտիվ հատվածն է, որ պահում է քննարկումների ֆոնը Facebook-ում: Սակայն բավական է մի փոքրիկ իրադարձություն, և Facebook-ը շատ արագ զարմանալիորեն ինքնակազմակերպվում է, և այդ պահին դառնում է ժամանակի ոգին: Շատ իրադարձություններում այն նույնիսկ առաջ է մնացած բոլորից և իսկապես թելադրում է քաղաքական գործընթացներ: Այն իր ազդեցությունը թողնում է բացվող առավոտի վրա, և նոր օրվա արդեն հիմնական զարգացումներն ընթանում են Facebook-յան քննարկումների հիմքի վրա և ոչ թե՝ մաքուր էջից, որովհետև այնտեղ արդեն ամեն ինչ քննարկվել և մարսվել էր, այս առումով Facebook-ը չափազանց մեծ ազդեցություն է թողնում:
Շատ են խոսում այն մասին, որ ներկայումս լրատվամիջոցներն ազատ են, իշխանությունները միշտ, հատկապես՝ ընտրությունների ժամանակ, սիրում են ասել՝ տեսեք, ազատ են, և այլն: Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, թե ինչո՞ւ են դրանք ազատ, որովհետև կա Facebook, մնացածը փակելու արդեն իմաստը կորել է: Սոցիալական ցանցերն ուղղակի արդեն իմաստ չեն թողել, որ, օրինակ՝ հեռուստաընկերություններն ինչ-որ բան թաքցնեն, կամ թերթերը չգրեն այդ մասին: