Դեդ Հասանի անցած «մարտական» ուղին և նրա թողած «ժառանգության» բաժանման հարցը
Lenta.ru-ում հրապարակվել է Տատյանա Զվերինցևայի «Առանց Հասանի» հոդվածը, որը նվիրված է «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության մեկամսյակին.
«Ռուսալեզու քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի սպանությունից անցել է ուղիղ մեկ ամիս: Ինչպես և ենթադրվում էր, Ուսոյանի մահը հանգեցրեց ամենաիրական քրեական պատերազմի: Վրացի «օրենքով գողերը» փորձում են զավթել Ռուսաստանի հարավը: Սպանվածի գլխավոր թշնամիներից մեկը հայտնվել է մեկուսարանում, լուրեր են տարածվում Դեդ Հասանի մի շարք հակառակորդների սպանությունների մասին:
Ասլան Ուսոյանը «թագադրվել է 1960-ական թվականներին: Մինչև 1990-ական թվականները նա մեծ ազդեցություն չի ունեցել գողական աշխարհում: Աղբյուրներն ընդգծում են, որ Հասանը (այն ժամանակ դեռ նրան չէին ասում Դեդ) շուտ գիտակցեց շուկայական տնտեսությանն անցում կատարելու հետ կապված բացվող հեռանկարները:
Նա սկսեց զբաղվել «գողական» տեսանկյունից ռիսկային գործունեությամբ. վերահսկելի անձանց ուղարկել շրջաններ, որոնք վերածվեցին գործարարների: Քրեական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ Ուսոյանին վերաբերեցին զգուշավորությամբ. համարվում է, որ «օրենքով գողերը» չպետք է զբաղվեն որևէ լեգալ գործունեությամբ:
Որոշակի տվյալներով` 1980-ական թվականներին անգամ առաջ քաշվեց Ուսոյանի «թագազրկման» հարցը, սակայն 1990-ական թվականներին դրա ժամանակը չկար: Բացի այդ, տվյալ ժամանակ Հասանը սկսել էր իրեն դրսևորել ժամանակի ոգուն համապատասխան և բավական դաժանորեն հաշվեհարդար էր տեսել իր հակառակորդների հետ:
Կա´մ «հասկացությունների» տարբեր գնահատականների, կա´մ էլ նրա ու քրեական այլ հեղինակությունների միջև ազդեցության ոլորտների բաժանման պատճառով ծավալվեց դիմակայություն, որը երբեմն համեմատում են 1950-ական թվականներին հանցավոր շրջանակներում գրանցված «սուկաների պատերազմի» հետ (1946-1956 թվականներին ԽՍՀՄ բանտերում գրանցված այդ պատերազմին մասնակցել են մի կողմից այսպես կոչված «սուկաները», որոնք հանդուրժողաբար են գտնվել ուղղիչ հիմնարկների վարչակազմի հանդեպ, հիմնականում հանդիսացել են Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ և ցանկացել են ուղղվելու ուղի ընտրել, իսկ մյուս կողմից`«օրենքով գողերը», որոնք հետևում են հին կանոններին, որոնցով արգելվում էր իշխանական մարմինների հետ որևէ համագործակցություն, այդ թվում նաև բանակում ծառայելը, և որոնք պատերազմից վերադարձած գողերին մեղադրեցին այդ կանոններին դավաճանելու մեջ և իրենց գողական օրենքով նրանց հռչակեցին «սուկաներ» – 168.am):
Հաշիվների մաքրման հետևանքով երկու կողմն էլ գրանցվեցին տասնյակ կորուստներ, և ամեն ինչ ավարտվեց 1999 թվականին, երբ Մոսկվայում սպանեցին Հասանի թշնամիների առաջնորդին` հին «օրենքով գող» Ռուդոլֆ Օգանովին (Ռուդիկ Բաքինսկի): Դրան զուգահեռ պարզվեց, որ Ուսոյանը ճիշտ շեշտադրում է կատարել. 1990-ական թվականների վերջին – 2000-ական թվականների սկզբին այն շրջանները, ուր նա ուղարկել էր «բիզնես-գործակալներ», հայտնվեցին նրա վերահսկողության տակ: Այդ նույն շրջանները, որոնցում կային գողական գահին հավակնող իրենց ներկայացուցիչները, զավթվեցին ուժի միջոցով:
2000-ական թվականներին Ուսոյանը դարձավ հետխորհրդային տիրույթի 3 ամենաազդեցիկ քրեական հեղինակություններից մեկը: Քրեական աշխարհի մյուս երկու առաջնորդներն էին Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) և Զախարի Կալաշովը (Շաքրո երիտասարդ): 2006 թվականին Շաքրոն տևական ժամկետով (7.5 տարով) ազատազրկման դատապարտվեց Իսպանիայում, իսկ 2009 թվականին Յապոնչիկին սպանեցին Մոսկվայում: Արդյունքում, Դեդ Հասանը մնաց միայնակ:
Դեդ Հասանի կլանը չուներ արժանի մրցակիցներ, և այդպիսով նրա հիմնադիրը փաստացիորեն դարձավ ռուսական հանցագործ աշխարհի միանձնյա առաջնորդը: Ընդ որում, Դեդ Հասանն ուներ մի տարօրինակություն. նա մեծապես չէր սիրում վրացի «օրենքով գողերին»: Վարկածներից մեկի համաձայն, Ուսոյանին դուր չէին գալիս այսպես կոչված «մանդարինշչիկները»: Խոսքը գնում է «օրենքով գողի» տիտղոսը փողով («օբշչակում» ներդրում ունենալով) գնած առևտրականների մասին: Վրացիների շրջանում տարածված է այդ պրակտիկան:
Մյուս վարկածի համաձայն, բանն այն է, որ եզդի (չպետք է շփոթել քրդի հետ) Ուսոյանը մեծացել է Վրաստանում և լավ հարաբերությունների մեջ չի եղել տեղի ազգային մեծամասնության ներկայացուցիչների հետ: Ընդհանրապես, Դեդ Հասանը շատ լավ է հիշել իր արմատները. նա օգնել է սփյուռքին և ակտիվորեն եզդիներին ներգրավել է քրեական աշխարհի մեջ (ի դեպ, Շաքրոն նույնպես եզդի է):
Ուսոյանի պատճառով վրացի «օրենքով գողերը» վերջին տարիներին փաստացիորեն Ռուսաստանի տարածքում գործելու հնարավորություն չեն ունեցել: Դա նրանց համար հատկապես ցավալի էր` հաշվի առնելով, որ իրենց հայրենիքում մասշտաբային պայքար է մղվում կազմակերպված հանցավորության դեմ (2005 թվականի դեկտեմբերին Վրաստանում ընդունված նոր օրենքով նախատեսվում էր «գողական աշխարհին» պատկանելու կամ անդամակցելու համար 5-8 տարվա ազատազրկում, իսկ «օրենքով գողի» կարգավիճակ ունենալու դեպքում՝ 7-10 տարվա ազատազրկում: Այդ բարեփոխման հեղինակները շեշտը դրել էին գողական աշխարհի «ազնվության օրենսգրքի» յուրահատկության վրա, որի համաձայն, «թագադրված գողը» իրավունք չունի հերքել իր կարգավիճակը: Իսկ միայն մեկ խոստովանությունն արդեն իսկ բավական էր նրան ազատազրկելու համար – 168.am):
Ուսոյանը ներքաշվել է բազում կոնֆլիկտների մեջ, որոնք կապված են եղել Ռուսաստանում գործելու իրավունք ունենալու համար վրացիների դեմ նրա պայքարի հետ: Դեդ Հասանն ու նրա «գործընկերները» թշնամանքի համար ունեցել են նաև բավականաչափ այլ դրդապատճառներ, ամեն դեպքում խոսքը հանցագործ աշխարհի մասին է, որին հետաքրքրող բիզնես ոլորտները բավական բազմազան են:
Որոշ ժամանակ Դեդ Հասանի գլխավոր հակառակորդ էին համարում Տարիել Օնիանիին (Տարո), սակայն վերջին հաշվով պարզվեց, որ այդ ֆիգուրների մասշտաբներն անհամեմատելի են, առավել ևս, եթե հաշվի է առնվում այն, որ Օնիանին 2009 թվականին ձերբակալվեց և 2010 թվականին մոսկովյան դատարանի կողմից դատապարտվեց 10 տարվա ազատազրկման` մարդ առևանգելու համար:
Միևնույն ժամանակ կալանավայրերը ստացան Տարոյի «վռնդման» մասին իրազեկումը, որի տակ ստորագրել է նաև Ուսոյանը: Դրանում նշված էր, որ «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվում է Տարիել Օնիանի անունով մարդ, որն իրականում *** է և նրա հետ հանդիպելուց պետք է վարվել համապատասխան կերպ:
2010 թվականին մահափորձ իրականացվեց Դեդ Հասանի դեմ, նա վիրավորվեց, սակայն ողջ մնաց: Մահափորձը շաղկապեցին Չերկիզովյան շուկայի փակման հետ. Մոսկվայում միանգամից կրճատվել էին «օրենքով գողերի» ազդեցության ոլորտները, ինչի պատճառով էլ նրանց միջև սրվել էր մրցակցությունը:
Քրեական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ մահափորձի կազմակերպման մեջ կասկածեցին ադրբեջանցի «օրենքով գող» Ռովշան Ջանիևին (Ռովշան Լենքորանսկի), ինչպես նաև Ջեմալ Միկելաձեին (Ջեմո) և նրա եղբայր Մամուկա Միկելաձեին: Մյուսները գտնում էին, որ Ջանիևը չէր կարող մասնակից լինել այդ միջադեպին: Այդպես էր, թե ոչ, այնուամենայնիվ Դեդ Հասանի զինակիցները սկսեցին ուշադրություն դարձնել այդ «օրենքով գողի» վրա և տեղեկատվություն հավաքել նրա մասին:
Շուտով նրանք եկան այն եզրակացության, որ Ջանիևը կարող է կազմակերպած լինել անգամ Յապոնչիկի սպանությունը (ավելի վաղ որպես դրա պատվիրատու շոշափվում էր Տարոյի անունը): Արդյունքում, 2012 թվականի նոյեմբերին հայտարարվեց Ջանիևի «թագազրկման» մասին (ուշագրավ է, որ վրացիները դեմ չեն եղել դրան. «վռնդման» տակ ստորագրել են 21 վրացի և 9 ադրբեջանցի «օրենքով գող»): Սակայն արդեն ուշ էր. պարզվեց, որ Լենքորանսկին, Ջեմոն, Թամազ Կորոշինաձեն և Դեդ Հասանի այլ հակառակորդներ արդեն իսկ կարողացել են ստեղծել գրեթե լիարժեք կլան` կոորդինացնելով իշխանության բաժանման իրենց պլանները:
2012 թվականի դեկտեմբերին Ուսոյանի հակառակորդները մասշտաբային «սխոդկա» են անցկացնում Դուբայում, ուր «թագադրում» են միանգամից 15 նոր «օրենքով գողի»: Դա մարտահրավեր էր. Դեդ Հասանի թշնամիները ցույց տվեցին, որ իրենք իրավասու են որոշել, թե ով ունի քրեական հեղինակության կարգավիճակ ունենալու իրավունք: Դեկտեմբերի վերջին Մոսկվա ժամանեց անձամբ Ջեմոն և նրա զինակից Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի):
2013 թվականի հունվարի 16-ին դիպուկահարը կրակեց 75-ամյա Ուսոյանի վրա` նրա սիրելի «Կարետնի դվոր» ռեստորանի ելքի մոտ: Դրանից հետո սկսվեց քրեական աշխարհի պատերազմը`սպանված առաջնորդի «ժառանգության» բաժանման համար: Փետրվարի 1-ին Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվեց Դեդ Հասանի թշնամի Ջեմոն, որի մոտ հայտնաբերվեցին թմրանյութեր ու նռնակներ: Ի դեպ, դա կլինի Ջեմոյի առաջին դատվածությունը: Դրանից առաջ` հունվարի 18-ին, սպանվել էր Աստամուր Գուլիան (Աստիկա Սուխումսկի), ով «օրենքով գողի» կարգավիճակ էր ստացել Դուբայում անցկացված «սխոդկայի ժամանակ»:
Ապա մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ հունվարի 29-ի գիշերը Մոսկվայում սպանել են «օրենքով գող» Ռուֆաթ Նասիբովին (Ռաֆո Գյանջանսկի): Նա նույնպես «թագադրվել» էր դեկտեմբերյան «սխոդկայի» ժամանակ: Այժմ էլ մամուլում շրջանառվում է այն լուրը, որ փետրվարի սկզբին Ստամբուլում մահափորձ է իրականացվել Լենքորանսկու նկատմամբ, որին համարում են Դեդ Հասանի դեմ կատարված երկրորդ մահափորձի պատվիրատու: Ոմանք պնդում են, թե նա սպանվել է, իսկ ոմանց կարծիքով էլ Լենքորանսկին վիրավորվել է: Միաժամանակ Մոսկվայում հարձակման է ենթարկվել նրա զինակից Ահմեդ Եվլոևը (Կուզիկ):
Որոշ տվյալներով` Դեդ Հասանի կլանը, որը Հասանի սպանության մեջ մեղավոր է ճանաչել Լենքորանսկուն, վերջինիս սպանության համար խոստացել է «օբշչակից» տրամադրել 5 միլիոն դոլար: Նշվում է, որ Լենքորանսկին գտնվում է վատթար վիճակում, նա զրկվել է զինակիցներից ու հովանավորներից: Նրա ժամանակավոր զինակիցներն օգտագործել են նրան` Հասանից ձերբազատվելու համար, այժմ նրանցից ոչ ոք դեմ չի լինի Լենքորանսկու մահվանը. բոլորը ներգրավված են Դեդ Հասանի «ժառանգության» բաժանմանը: Ուսոյանի հակառակորդներից ոմանք անգամ ուրախ կլինեն Լենքորանսկու սպանությամբ, քանի որ ակնկալում են, որ վրեժխնդրությունից հետո Դեդ Հասանի զինակիցները կհանգստանան և կսկսեն բանակցել:
Ինչ վերաբերում է «ժառանգության» բաժանմանը, ապա վրացի «օրենքով գողերը» արդեն իսկ վճռական քայլեր են ձեռնարկել տվյալ ուղղությամբ: Նրանք մտադիր են սեփական «նայողներին» հաստատել Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասում, որոնք ցայժմ գտնվում են Դեդ Հասանի կլանի վերահսկման տակ (նաև նշվում է, որ Սոչիում, ուր Հասանի դիրքերը հատկապես ամուր են և նրան անգամ անվանում էին Սոչիի «երկրորդ նահանգապետ», «ժառանգության» համար մաֆիոզ կլանների միջև սպասվում է նախաօլիմպիական պատերազմ – 168.am):
Լրագրողներին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի հարավում առաջացած լարված իրավիճակի կարգավորման համար Դեդ Հասանի զինակիցները պատրաստվում են մասշտաբային «սխոդկա» անցկացնել ԱՄԷ-ում, որին մասնակցելու է մոտ 300 գանգսթեր: Ուսոյանի կլանի ներկայացուցիչները նաև ցանկանում են դրանով ցույց տալ, որ առաջնորդի մահից հետո էլ կլանը չի զրկվել իր ազդեցությունից: Բացի այդ, տվյալ «սխոդկայի» ժամանակ կլանի ներկայացուցիչները պետք է լուծեն իրենց ներքին հակասությունները:
Նրանք Հասանի մահից հետո անցկացրել են նվազագույնը 4 ոչ մեծ «սխոդկա», մինչդեռ ԱՄԷ-ում կայանալիք «սխոդկան» իր մասշտաբով լինելու է աննախադեպ և դրա համար կազմակերպվում է հատուկ չարտերային չվերթ: Ի դեպ, կարծիքներ կան, որ Լենքորանսկին ներկայումս թաքնվում է հենց ԱՄԷ-ում և չի բացառվում, որ Հասանի կլանի ներկայացուցիչները մասշտաբային «սխոդկա» անցկացնելու համար պատահական չեն ընտրել Դուբայը:
Ընդհանուր առմամբ, Հասանի զինակիցները համաձայն են, որ իրենց թվում չկա ազդեցիկ առաջնորդ, որն ունակ կլինի լիարժեք փոխարինել Հասանին: «Օրենքով գողերը» հույս են հայտնել, որ շուտով Ռուսաստան կկարողանա ժամանել Շաքրոն, որի ազատազրկման ժամկետն այս տարի սպառվում է Իսպանիայում: Ճիշտ է` ազատվելուց անմիջապես անց Շաքրոյին կարող են արտահանձնել Վրաստանին, ուր նրան հեռակա կարգով դատապարտել են տևական ժամկետով ազատազրկման: Սակայն Հասանի զինակիցները հուսով են, որ դա տեղի չի ունենա:
Եվս մեկ հնարավոր թեկնածու է համարվում Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուսթավսկի): 2012 թվականին լրացել է նրա կողմից Ռուսաստան մուտք գործելու վրա դրված հնգամյա արգելքը: Սակայն նա ունի նույնպիսի դժվարություններ, ինչ որ Շաքրոն: Նա ազատազրկում է կրում Հունաստանում, և նրա արտահանձնմանն են հավակնում Վրաստանն ու Իսպանիան»: