
Չելյաբինսկում ընկած երկնաքարի պայթյունն ամենաուժգինն է Տունգուսյան ֆենոմենից հետո

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` NASA-ի գնահատմամբ` երեկ Չելյաբինսկի մարզում երկնաքարի ընկնելու պահին գրանցված պայթյունի ուժգնությունը կազմել է 300-500 կիլոտոնն: Դա մոտավորապես 20 անգամ գերազանցում է ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա 1945 թվականին նետված ատոմային ռումբի հզորությունը:
Նշվում է, որ 17 մետր երկարությամբ և մոտ 10.000 տոննա քաշով այդ երկնաքարը Երկրի մթնոլորտ է մուտք գործել նվազագույնը 64.000 կմ/ժամ արագությամբ և պայթել է 19-24 կիլոմետր բարձրության վրա: Ռուս ակադեմիկոսներն իրենց հերթին կարծում են, որ երկնաքարի արագությունը կազմել է 54.000 կմ/ժամ, և որ այն պայթել է 30-50 կիլոմետր բարձրության վրա:
Երկնաքարի ընկնելու հետևանքով տուժել է մոտ 1200 մարդ, որոնցից մոտ 50-ին հոսպիտալացրել են: Հարվածային ալիքը Չելյաբինսկում և այլ բնակավայրերում վնասել է մոտ 3000 շինության: Նշվում է, որ Չելյաբինսկում երկնաքարի երեկվա պայթյունը եղել է երկնաքարերի ամենաուժգին պայթյունը վերջին 100 տարիներին:
Տունգուսյան ֆենոմենից հետո այն երկրորդ ուժգին պայթյունն է: 1908 թվականին երկնաքարն ընկել էր սիբիրյան տայգայում` Պոդկամեննայա Տունգուսկա գետի շրջանում: Այդ պայթյունի ուժգնությունը գնահատվում է 40-50 մեգատոնն: