Ի՞նչ ճակատագիր է ունենալու ԱՕԿՍ-ի շենքը
«Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամներն ու մի շարք երևանցիներ այսօր բողոքի ցույց են անցկացրել Երևանի կենտրոնում՝ ի պաշտպանություն Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի և համագործակցության հայկական ընկերության՝ ԱՕԿՍ-ի շենքի և դրան հարակից պատմամշակութային հուշարձանների: Շենքը, ինչպես հայտնի է, գտնվում է Աբովյան փողոցում:
Նրանք ներկայացրել են փաստաթղթերի մի փաթեթ, որը վկայում է պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող երկու կառույցի քանդման մասին: Դրանք են՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հուշարձան-շենքը և հարակից՝ կրկին հուշարձան-շենքերը: Նշված հուշարձանների անմիջական հարևանությամբ հայտնի շինարար Սամվել Մայրապետյանի կողմից կառուցվում է 10 վերգետնյա հարկեր ունեցող մի հյուրանոցային համալիր: Համալիրի նախագիծն իրականացվել է «Նարեկ Սարգսյան ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ի կողմից:
Նախաձեռնության անդամներից մեկը՝ Վարդան Գերավետյանը, նշել է, որ այժմ ԱՕԿՍ-ին կից կառուցվող շինությունն ապօրինի է: Ըստ նրա՝ շենքի անօրինական լինելը հաստատել են ՀՀ քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների նախարարություններն ու Ճարտարապետների միությունը. «Բոլոր այն մարմինները, որոնք պարտավոր են քաղաքապետին տեղեկացնել իրականության մասին, նրանք տեղեկացնում են, փաստորեն, որ դա խախտումներով է: Ուրեմն այստեղ մի բան կա: Կա՛մ քաղաքապետը լավ տեղեկացված չի եղել, կա՛մ էլ ես չգիտեմ՝ ի՞նչ մտածել»,-ասել է նա:
Այսպես, ՀՀ քաղաքաշինության նախարարության՝ Քաղաքաշինական պետական տեսչության ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված գրությունների համաձայն, նշված հյուրանոցային համալիրի նախագծումը և շինարարությունն իրականացվում են գործող քաղաքաշինական օրենսդրության կոպիտ խախտմամբ: Ցուցարարները նշել են, որ լիովին անտեսվել են թե հակահրդեհային, և թե սեյսմիկ անվտանգության նորմերը:
Ցուցարարները մի քանի հարցեր էին ուղղում իրավապահ մարմիններին. արդյո՞ք Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի անձնական նախագծային ՍՊԸ-ի կողմից Երևան քաղաքում նախագծային գործունեությամբ զբաղվելը կոռուպցիայի դրսևորում չէ: Ինչպե՞ս է ստացվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հաստատել է հյուրանոցային այդ հսկա համալիրի կառուցման մի նախագիծ, որը չի քննարկվել քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդում: Ինչո՞ւ է Մշակույթի նախարարությունը լռում հարցի առնչությամբ:
ՀՀ Մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Այվազյանի խոսքով՝ հարցը նախարարության իրավասությունների շրջանակից դուրս է. «Եթե քաղաքաշինական խնդիր է, քաղաքաշինության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը, որը լիազորված է այդ հարցով, թող ինքն այդ հարցը լուծի»:
Վարդան Գերավետյանը նաև տեղեկացրել է, որ գործը հանձնվել է դատարան. փետրվարի 15-ին դատական նիստ է լինելու: