Ուղղված էր Սերժ Սարգսյանի դեմ, տուժեց՝ Պարույր Հայրիկյանը
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանի հետ
– Պարոն Իսագուլյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված հրազենային հարձակումը, որը տեղի ունեցավ հենց քարոզարշավի ընթացքում։
– Ես կարծում եմ` ոչ թե պետք է մեկնաբանել այդ երևույթը, այլ արձանագրել փաստը, որ տեղի է ունեցել հրազենային կրակոց ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի վրա։
– Ձեր կարծիքով` մահափո՞րձ էր։ Ի՞նչ էր այն։
– Բոլոր դեպքերում կրակել են անձի վրա։ Նախաքննական մարմիններն այժմ աշխատում են, և, կարծում եմ, հարուցված քրեական գործի արդյունքում կտան իրենց գնահատականը։
– Որպես «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խորհրդականª ազգային անվտանգության հարցերով, և որպես ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` ԱԺ-ում նախկին ներկայացուցիչ, ի՞նչ գնահատական եք տալիս կատարվածին։
– Այս օրերին ես ուշադիր հետևել եմ այդ դեպքի հետ կապված ԶԼՄ-ների բոլոր հրապարակումներին, կայքերում տեղադրված տեսանյութերին, ինչպես նաև ծանոթանալով տարբեր տեսակետների հետ` կարող եմ արձանագրել հետևյալը. կարծում եմ` թե տուժողը, թե պետական, քաղաքական ու հասարակական շատ գործիչներ անտեղի շտապողականություն ցուցաբերեցին այս դեպքի առնչությամբ գնահատականներ տալու և վարկածներ մատնանշելու առումով։ Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ ունեն պատրաստի ձևակերպումներ, որոնք արտաբերում են` անկախ նրանից, թե ի՞նչ է տեղի ունեցել իրականում։
– Համաձա՞յն եք Պ. Հայրիկյանի այն հայտարարությունների հետ, որոնցում նա իր դեմ կատարված մահափորձի մեջ մեղադրում էր ՌԴ գաղտնի ծառայություններին։
– Շատ հստակ կարող եմ ասել հետևյալը, որ կատարվածը բացարձակ կապ չունի Ռուսաստանի, ինչպես նաև` մեր տարածաշրջանում ազդեցիկ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ։ Պատշաճ չէ ազդեցիկ տերությունների հատուկ ծառայությունների գործելաոճն այդքան պրիմիտիվ գնահատել։
– Համաձա՞յն եք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների այն հայտարարությունների հետ, ըստ որոնց` կատարվածը Հայաստանի պետականության դեմ էր ուղղված։
– Իմ խորին համոզմամբ, անկախ գործողության դրդապատճառից (անձնական հողի վրա, կամ ինչ-ինչ ուժերի նախաձեռնությամբ)` գործողությունից տուժեց գործողության օբյեկտ Պարույր Հայրիկյանը, իսկ գործողությունն ուղղվեց (ուղղված էր) կոնկրետ անձի` հանրապետության գործող նախագահ, նախագահի թեկնածու, գործողության սուբյեկտ Սերժ Սարգսյանի դեմ։
– Ինչո՞ւ է այս գործի քննությունը վարում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։
– Բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ ճիշտ է` նման երևույթների բացահայտմամբ զբաղվեն Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումները։
– Ինչո՞ւ մինչ օրս չի հայտարարվել, թե, օրինակ, ի՞նչ զենքով է հարձակումը տեղի ունեցել։
– Դա նախաքննական մարմնի իրավասության շրջանակներում է, և ամենևին պարտադիր չէ, որ այդ մասին բարձրաձայնվի։
– Ինչո՞ւ հենց Պ. Հայրիկյանի հետ դա տեղի ունեցավ։
– Իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի արդյունքում, հույս ունենք, անպայման կբացահայտվի կատարողը (կատարողները), նրանք էլ, վստահ եմ, ամենաճիշտը կպատասխանեն Ձեր այս հարցադրմանը։
– Հայրիկյանը Ռուսաստանի համար վտանգ ներկայացնո՞ւմ էր, ինչպես ինքն է նշել։
– Ես Հայրիկյանին ճանաչում եմ` որպես կիրթ, խաղաղասեր և միշտ համերաշխության կոչ անող անձնավորություն։ Չեմ կարծում, որ նման մարդիկ Ռուսաստանի համար կարող են վտանգ ներկայացնել։
– Քաղաքական գործիչներից և քաղաքացիներից շատերը կատարվածը որակեցին` որպես բեմականացում, ներկայացում։ Համամի՞տ եք այս տեսակետներին։
– Հավանաբար մեր քաղաքական գործիչներն ու քաղաքացիները սիրում են դասականներին և ցիտել են հանճարեղ Վիլյամ Շեքսպիրի պնդումը` «Կյանքը թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ»։
– Տարօրինակ չե՞ք համարում, որ հարձակումից կարճ ժամանակ անց ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց. «Իհարկե, դա շատ լուրջ դեպք է, հատկապես ընտրությունների շեմին։ Չեմ որակում այն` որպես մահափորձ։ Կարծում եմ, որ նախքան որևէ որակում տալը հարկավոր է մանրամասներն ուսումնասիրել ու համապատասխան հետաքննություն անցկացնել»։
– Կարդացել եմ Բորդյուժայի պատասխանները լրագրողներին, և իրավական տեսակետից Բորդյուժայի խոսքերը որևէ հակասություն չունեն։
– Ձեր կարծիքով` այս միջադեպը նախագահական ընտրությունների ընթացքը կարո՞ղ է փոխել, թե՞ ոչ։
– Արդեն պարզ է, որ այն որևէ ազդեցություն չի կարող ունենալ ընտրությունների բնականոն ընթացքի և ոչ էլ` արդյունքի վրա։
– Սպասո՞ւմ էիք, որ Հայրիկյանը չի դիմի Սահմանադրական դատարան` հետաձգելու համար նախագահական ընտրությունները։ Ինչպե՞ս եք գնահատում նրա քայլը։
– Հայրիկյանի հայտնի որոշմանը նախորդող օրը ես այցելել էի նրան։ Կարծում եմ` նա շատ սթափ էր մտածում, իրավիճակը գնահատում էր շատ ճիշտ, և նրա որոշումն այս իրավիճակում միանգամայն տրամաբանական էր։
– Ոմանք կատարվածը որակում են` որպես Արևմուտքի և Ռուսաստանի պայքար, որպես ազդանշան` իշխանություններին։ Համամի՞տ եք։ Կմեկնաբանե՞ք։
– Ես արդեն իսկ պատասխանել եմ այս հարցադրմանը, և ոչ միայն այս առիթով, ցավոք սրտի, մեր հասարակության մեջ կա այն թյուր կարծիքը, որ Հայաստանի Հանրապետությունում կատարվող բոլոր երևույթներն անպայմանորեն կապված են արտաքին ուժերի հետ։ Ասեմ հետևյալը, որ այն ամենը, ինչ առնչվում է Հայաստանին, նախ և առաջ հայ ժողովրդի որոշելիքն է, արտաքին ուժերը կարող են միայն ցանկություն ունենալ։ Ուժեղ իշխանության դեպքում այդ ցանկությունները կարող են հաշվի առնվել, կամ չառնվել` ելնելով բացառապես մեր ազգային ու պետական շահերից, թույլ իշխանության դեպքում միջամտությունները դառնում են ակնառու, և ժողովուրդն ի զորու է, նաև պարտավոր` շատ արագ արձագանքել նման վիճակին։
– 2012թ. դեկտեմբերին խոսեցիք, ըստ Ձեզ` բավականին լուրջ ցուցակների մասին, որոնցում մանրամասն տեղեկություններ կան Հայաստանի ողջ քաղաքական էլիտայի, գործարարների և գեներալիտետի մասին` սկսած 1990-ական թվականներից մինչև այսօր` մոտ 3-4 հազար մարդու անուն։ Ե՞րբ են հրապարակելու հայտնի ուժերն այդ ցուցակը։
– Այդ հարցը պետք է տալ այդ հայտնի ուժերին, բայց որ ինչ-որ ժամանակ նրանք դրսևորվելու են, դրանում տարակուսանք չկա, այլապես իմաստ չէր ունենա, որ նրանք իրենց մասին, թեկուզ և միջնորդավորված, ակնարկեին։
– Ինչո՞ւ չկարողացան ՀՀ ԱԱԾ ծառայությունները կանխարգելել Հայրիկյանի հետ կատարվածը։ Մի անգամ Դուք թերագնահատել էիք ՀՀ հատուկ ծառայությունների ինֆորմացված լինելը։ Այս անգա՞մ էլ ինֆորմացված չէին, թե՞…
– Ամեն ինչ ծանրացնել Ազգային անվտանգության ծառայության ուսերին` չեմ կարծում` ճիշտ է։ Կան նաև ուրիշ ծառայություններ, վերջապես, մեծ դերակատարություն ունի նաև հասարակությունը։ Պարզապես կարծում եմ, որ կա աշխատանքները շատ ավելի լավ ու որակյալ կոորդինացնելու խնդիր։ Մենք պետք է գիտակցենք մի պարզ ճշմարտություն. ամենևին անհրաժեշտություն չկա սեփական թերացումների համար մեղավորներ փնտրել, առավել ևս` ներքին թշնամիներ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում կա երևույթների ընկալման խեղաթյուրում։ Ճիշտ քննադատությունը շատ հաճախ ընկալվում է թշնամաբար, անկեղծ վրդովմունքը` որպես սպառնալիք։ Սա ճիշտ ելակետ չէ։
– Հնարավո՞ր է` ընտրությունները երկրորդ փուլով ավարտվեն։
– Մեր կուսակցությունը նախընտրական շրջանում տարածեց իր հայտարարությունը, որում հստակ ձևակերպեց իր դիրքորոշումը, ինչը մնում է անփոփոխ։
– Ինչպիսի՞ հետընտրական զարգացումներ են սպասվում Հայաստանում։
– Որպես այս հարցի պատասխան` ուղղակի հնչեցնում եմ մեր կուսակցության հայտարարության վերջին պարբերությունը. Գործող նախագահի վերընտրությունից հետո նրա համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում պատմական այս ժամանակահատվածում անկաշկանդ գործելու և ձևավորելու այնպիսի իշխանական համակարգ, որն ի զորու կլինի վերադարձնել ժողովրդի հավատն իշխանության նկատմամբ և լուծել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած ազգային-պետական կարևորագույն խնդիրները։ «Ազգային Անվտանգություն» կուսակցությունը պատրաստ է իր ակտիվ մասնակցությունը բերել անվտանգ, արդար և ապահով Հայաստան կերտելու գործին։
– Խոստացել էիք, որ պետք է ակտիվանաք։ Ե՞րբ եք ակտիվանալու։
– Հաճելի է, որ ոմանց համար աննկատ է մնում, բայց մենք վաղուց արդեն ակտիվացել ենք։
Հարցազրույցը` ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ