Բագրատյանին չի հաջողվում առաջ պոկվել Հայրիկյանից և Հովհաննիսյանից

Այսօր նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել էր Արմավիր: Ինչպես մյուս բնակավայրերում, այստեղ ևս Հրանտ Բագրատյանի այցը կազմակերպել էին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամները և ակտիվիստները, ովքեր շարունակում են արհամարհել ընտրություններին չմասնակցելու ՀԱԿ որոշումը: ՀԱԿ անդամները պատասխանում են, որ եթե իրենք պաշտպանեին իշխանության թեկնածուին, գուցե ՀԱԿ-ում իրենց կարող էին կարգազանց համարել, բայց իրենք պաշտպանում են Հրանտ Բագրատյանին, ով շարունակում է մնալ ՀԱԿ անդամ:

Ճիշտ է, Արմավիրի մարզի ՀԱԿ համակարգող Սեդրակ Հովհաննիսյանը և նրա մի խումբ կողմնակիցներ չէին մասնակցում այսօր կազմակերպված հանդիպմանը, բայց դրա փոխարեն՝ հանդիպմանը մասնակցում էին ՀԱԿ-ի կողմից թիվ 20 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մերուժան Աբրահամյանը, խորհրդարանական ընտրություններում Բաղրամյանի տարածաշրջանում ՀԱԿ նախընտրական շտաբի համակարգող Տոնական Կարապետյանը, ՀՀՇ Արմավիրի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Պողոս Աբրահամյանը, ով Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի ղեկավարն է, և տասնյակ ՀԱԿ ակտիվիստներ և 2008թ. մարտի 1-ի դեպքերին մասնակցելու մեղադրանքով կալանավորված և ՀԱԿ կողմից քաղկալանավոր հռչակված մարդիկ:

Հրանտ Բագրատյանն իր նախընտրական հանդիպումը սկսեց ոստիկաններին ուղղված կոչով, որով պահանջեց չմասնակցել իր նախընտրական հանդիպումներին՝ հասարակական կարգը ապահովելու նպատակով, քանի որ ինքն ու իր կողմնակիցներն ընդունակ են ինքնուրույն հասարակական կարգ ու կանոն ապահովել: Բագրատյանն իր այս կոչը բացատրեց այն հանգամանքով, որ նախորդ հանդիպումների ժամանակ իրեն են մոտեցել մարդիկ և հայտնել, որ զգուշանում են մասնակցել հանդիպումներին, քանի որ դրանց մասնակցող Ոստիկանության աշխատակիցները ֆիքսում են իրենց, և իրենք հետո կարող են խնդիրներ ունենալ:

Բացի նախընտրական խոստումներից և տնտեսական վիճակը բարելավելուն ուղղված առաջարկներից, Բագրատյանը փորձում էր իր հետ հանդիպման եկած քաղաքացիներին համոզել, որ պայքարը նախագահական ընտրություններում իր և Սերժ Սարգսյանի միջև է: Այսօր նա արմավիրցիների հետ հանդիպմանը հայտարարեց, որ երեկ «Ազատություն» ռադիոկայանով պետք է տեղի ունենար իր և նախագահի ևս երկու թեկնածուների բանավեճը, սակայն նրանք չեն ներկայացել այդ բանավեճին՝ հավանաբար, ասելիքի բացակայության պատճառով: Ըստ Բագրատյանի՝ նրանցից մեկը պետք է լիներ Սերժ Սարգսյանը: Բագրատյանն ասում է, որ ինքը համաձայնել է, որ Սերժ Սարգսյանը բանավեճի գա թիմով՝ իր հետ բերելով վարչապետին, ԿԲ նախագահին, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, և էլի՝ ում ուզում է, և ինքը պատրաստ է բանավիճել նրանց հետ միայնակ:

Կարդացեք նաև

Մեր տեղեկություններով՝ երեկ իսկապես «Ազատություն» ռադիոկայանի եթերով պետք է տեղի ունենար Հրանտ Բագրատյան-Րաֆֆի Հովհաննիսյան առցանց բանավեճ, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն անհայտ պատճառներով հրաժարվել է մասնակցել այդ բանավեճին, չնայած նախապես հավանություն էր տվել բանավեճին մասնակցելու առաջարկին: Արդյոք Սերժ Սարգսյանին այդ բանավեճին մասնակցելու հրավեր արվե՞լ է, և արդյոք նա հրաժարվե՞լ է դրանից՝ մեզ հայտնի չէ:

Խոսելով Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված մահափորձի մասին և պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նա հրաժարվեց պահանջել ընտրությունները երկու շաբաթ հետաձգել, Հրանտ Բագրատյանը պատասխանեց հետևյալ համեմատությամբ. «Դա նույնն է, որ մարդ ավտոյի տակ ընկնի, իրան ասես՝ գնա բողոքի, ասի՝ դու էլ ես տեսել, դու բողոքի: Ցավում եմ, բայց դա իր պրոբլեմն է»:

Հրանտ Բագրատյանը հասկանում է, որ հնարավորինս շատ ձայներ հավաքելու համար ինքը պետք է լուծի մի շատ կարևոր խնդիր. այն է՝ կարողանա հասարակությանը համոզել, որ իշխանության թեկնածուի միակ իրական այլընտրանքն ինքն է: Այդ խնդիրը լուծելու համար նախ՝ պետք է, որ հասարակությունն իսկապես իշխանությանն այլընտրանք փնտրի և գտնի՝ ի դեմս Բագրատյանի: Բագրատյանը մտածում է, որ դրա համար իրեն ժամանակ է պետք, քանի որ քարոզարշավի կարճ ընթացքը բավարար չէր նման խնդիր լուծելու համար: Այդ խնդիրը հնարավոր կլիներ լուծել, եթե ընդդիմադիր դաշտի որոշ կուսակցություններ հայտարարեին նրա թեկնածությունը սատարելու մասին և մասնակցեին նրա քարոզարշավին: Բայց նույնիսկ ՀԱԿ անդամ այն կուսակցությունները, որոնք տարաձայնություններ ունեն Տեր-Պետրոսյանի հետ՝ չսատարեցին նրան: Քարոզարշավը կարող էր երկարաձգվել, եթե ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու դիմում ներկայացներ Պարույր Հայրիկյանը, բայց Հայրիկյանը դա չարեց: Բագրատյանը համարում է, որ ինքը բանավեճի արդյունքում կարող էր ցույց տալ, որ ինքն ավելի արմատական թեկնածու է քան Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել բանավեճի: Րաֆֆի Հովհաննիսյանից և Պարույր Հայրիկյանից առաջ պոկվելու, նրանցից առանձնանալու Բագրատյանի փորձերն առայժմ լուրջ հաջողություն չեն գրանցում:

Բայց այն ցայտնոտը, որում հայտնվել է Հրանտ Բագրատյանը՝ արդյունք է այլ բանի. նա նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարեց դեկտեմբերի վերջին, իսկ մեկուկես ամիսը նախագահական ընտրություններին մասնակցելու համար չափազանց քիչ է, եթե նկատի ունենանք սահմանափակ ռեսուրսները:

Տեսանյութեր

Լրահոս